ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բանակաշինության գործընթացի անընդհատ զարգացման, զինված ուժերի բարեփոխումներին ընդառաջ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի և պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի հանձնարարականի շրջանակներում, վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի անմիջական մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվեցին արտագնա հավաք-խորհրդակցություններ, որոնց նպատակը հայոց բանակի զորամասերում գործող զինվորական ծառայության անվտանգության մշտական հանձնաժողովների աշխատանքների խթանումն ու հանձնաժողովի անդամներին նորագույն տեխնոլոգիաների համադրմամբ համապատասխան տեղեկատվության մատուցումն է, ինչպես եւ անվտանգության ապահովման հետ կապված որևէ խնդրի վերացմանն ուղղված նպատակային, կանոնակարգված քայլերի ձեռնարկումը:
Հերթական միջոցառումն անցկացվեց գնդապետ Տ.Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Վարչակազմի սպաները ուշադրությամբ լսեցին գնդապետ Հ.Կարապետյանի դասախոսությունը, որն ուղեկցվում էր դիդակտիկ-ուսուցողական նյութերի մատուցմամբ, տեսանյութի ցուցադրմամբ, վարչության պետի կողմից յուրաքանչյուր հարցի խոր ու համակողմանի ներկայացմամբ ու վերլուծմամբ, անկաշկանդ հարցուպատասխանով:
Զորամասերում անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված հանձնաժողովների աշխատանքը հուսադրող է, սակայն դեռեւս ոչ լիարժեք: «Մշտականի» կարգավիճակը հանձնաժողովի յուրաքանչյուր անդամից ինքնին պահանջում է առկա խնդիրների վերաբերյալ ստեղծագործական մոտեցում: Կարևոր է ոչ միայն ճշգրտորեն վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած դեպքերն ու պատահարները, կատարել լուրջ եզրահանգումներ, կատարվածից դասեր քաղել և դրանց վերաբերյալ ամփոփագրերը իբրև սթափության կոչ ներքին տեղեկատվությամբ զորքերում տարածելը, այլև այնպիսի կանխարգելիչ միջոցառումների կիրառումը, որոնց շնորհիվ նվազագույնի կհասցվեն, ինչու՞ չէ` ապագայում նաև իսպառ կվերանան զինծառայողների անվտանգությանն սպառնացող արատավոր դեպքերն ու դժբախտ պատահարները:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ազգային բանակ