ՏՈՒԱՊՍԵՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հուլիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հայազգի մեծ զորավար, ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես (Իվան) Իսակովի հուշարձանը: Այդ գործը հաջողվեց Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի, մասնավորապես՝ Ալբերտ Համբարձումյանի, Գևորգ Բալադյանի, Ռոման Գալուստյանի, Արշակ Վարելջյանի, Քրիստին Կավուկչյանի և այլոց ջանքերի և աջակցության շնորհիվ:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էր երկու պատվիրակություն. առաջինը ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ, պատվիրակության կազմում էր նաև ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը:
Երկրորդ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն, որի կազմում էին կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը, պատվիրակության կազմում էին գնդապետ Իվան Ղուկասովը, առաջին աստիճանի կապիտան Գեորգի Մարկարովը, գնդապետ Ռուբեն Բախշյանը և այլք:
Ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Տուապսեի երկրամասի ղեկավարի տեղակալ Օկսաննա Կոչեգարովան, Շահումյանի համայնքի ղեկավար Լաերտ Քոչյանը, Տուապսեի շրջանի հեռուստառադիոպետկոմի ու մամլո ղեկավար Վալերի Թորոսյանը և ուրիշներ:
Հուշարձանը տեղադրվեց Շահումյանի շրջանում, որտեղ մեծ ծովակալը վիրավորվել է:
Ողջույնի խոսքով հանդես եկան Տուապսեի համայնքի ղեկավար Օկսաննա Կոչեգարովան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը: Վերջինս իր ելույթում մասնավորապես ասաց. «Հարգելի հայրենակիցներ, թույլ տվեք Հայաստանի զինված ուժերի վետերանների կոմիտեի անունից երախտագիտությունս հայտնել ձեզ բոլորիդ, բոլոր հայրենասերներին` այսպիսի նշանակալի միջոցառում կազմակերպելու, մեր փառավոր հայրենակցի` Իվան Ստեփանի Իսակովի հիշատակը հավերժացնելու համար: Մեծ հայրենականում տարած հաղթանակի հազարամյակի ամենաարյունալի ողբերգության դադարեցման գործում անասելի մեծ է ծովակալ Իսակովի ներդրումը, որը ոչ միայն տաղանդավոր զորավար էր, այլեւ 2-րդ Համաշխարհային պատերազմի նավատորմի հռչակավոր գիտնական: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ եւ մեծ ոգևորությամբ էր պատմում, թե ինչպես իր պապը` Եգոր Իսակովը, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, կերպարանափոխվելով քրդի, վտանգելով կյանքը, հասել է գրավված Բայազեթ և լուր հասցրել գեներալ Տեր-Ղուկասովից` հանձնելով նամակը, որը կրում էր կոնքի վրա: Նամակում գրված էր. «Ձեզ մոտ եմ գալիս Իգդիրից, մի ոտքս այնտեղ է, մյուսը` այստեղ, շտապում եմ ձեզ օգնել` ոչնչացնելու Շամիլի հեծելազորը: Ձեր Արզաս Տեր-Ղուկասով»:
Իվան Ստեփանովիչը մեծ ներդրում ունեցավ հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի հայկական անունը վերականգնելու գործում, իսկ Նելսոն Ստեփանյանին անվանեց «Քաջերի քաջ»»:
Ելույթներով հանդես եկան Իվան Ղուկասովը, Ռուբեն Բախշյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հնչեցին Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության օրհներգերը: Արարողությունը համընկավ այդ օրերին Ռուսաստանում նշվող Նավատորմի տոնի հետ:
Այնուհետև անցկացվեց բարեկամության երեկո:
Հուսանք, որ հայկական մյուս գաղթօջախներում եւս նմանատիպ նվիրական ձեռնարկներ կիրականացվեն, որոնց միջոցով հայազգի մեծ գործիչները, մեր դարավոր մշակութային արժեքներն ու հերոսական պատմությունը հայտնի կդառնան նաեւ օտարներին:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն