Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆՆ Է ԾՆՈԻՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈԻՆՔ



1992 թվականի մարտի կեսերին բերդաձորցիների մարտական ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Արցախ: Տղաների կեսն իմ մարտական ընկերներն էին. 1989 թվականի օգոստոսից սկսած՝ միասին շատ ենք հսկել Բերդաձորի գյուղերի բնակչության անդորրը: Այնինչ մեր ժողովրդի համար չարիք դարձած «Օղակ-Կոլցո» գործողության ընթացքում Խորհրդային հզոր բանակի օժանդակությամբ ադրբեջանցիներին այնուամենայնիվ հաջողվեց հայաթափել և մեկ տարի գերության մեջ պահել Բերդաձորը: Եվ գնում ենք՝ վերստին տեր դառնալու մեր հայրենիքին: Հասնելով Ստեփանակերտ՝ ներկայացանք Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին, որն էլ մեզ ուղարկեց Ավետարանոց. նպատակը մեկն էր. Քիրսի թիկունքով անցնել Բերդաձոր՝ Շուշիի ազատագրման գործողության շրջանակներում:
Ահա հենց այդ օրերի մասին է իմ թղթակցությունը՝ տպագրված «ՈՒՐԲԱԹ» թերթում 1992 թվականին, որի մասին արժե իմանա նաև «Հայ զինվորի» 1000-րդ համարի ընթերցողը:

Արցախում գարուն է: Գարունը և պատերազմը այստեղ իրար են գրկախառնված. յուրաքանչյուր մայրամուտ Արցախում արյունոտ է, յուրաքանչյուր այգաբաց՝ դարձյալ արյունոտ: Արցախցու արյամբ են ներկված և՛ արշալույս, և՛ մայրամուտ: Սակայն ամեն կաթիլ արյուն ավելի է ամրացնում Արցախի հողը: Ամեն կաթիլ արյուն ավելի է բարձրացնում արցախցու ոգին, ավելի է ուժեղացնում նրա բազուկը: Այսօր ավելի քան երբևէ Արցախն ուժեղ է: Ճիշտ է, դեռ աոջևում է պատերազմի ողջ ծանրությունը, բայց նա այսօր արդեն սերմ է հողին պահ տալիս, շալակով շենից շեն է տեղափոխում սերմը և իր քրտինքով շաղախած՝ հանձնում հողին, քանի որ հավատացած է՝ մեկ տարի էլ անցնի, հազար էլ, դարձյալ ինքն է այս հողի մշակն ու տերը:

Արցախցին այլևս չի վստահում ու հավատում ոչ մի հզոր տերության, առհասարակ ոչ մի քաղաքական խաղի: Գիտի, որ միայն իր քաջ որդվոց սուրբ արյամբ է հող հայրենին ազատագրվելու: Այսօր բոլորն էլ նույնն են ասում. «Մնաց Շուշին էլ վերցնենք, և վերջ»: Այժմ արցախցի յուրաքանչյուր զինվոր անգիր է արել Գարեգին Նժդեհի խոսքը, որ գրված է նաև ռազմամեքենաներին. «Ուժն է ծնում իրավունք»:

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում, հավատս չէր զալիս, որ սա այն նույն օդանավակայնն է, որտեղ ռուս զինվորն ու ադրբեջանցի օմօնականն իրենց տեր էին կարծում և ինչպես ցանկանային, այնպես էլ վարվում էին հայազգի ուղևորների հետ: Հիշեցի, թե ինչպես մեզ մի անգամ բռնի հետ՝ Երևան ուղարկեցին (4 ընկերներով 1990-ի ամռանը պետք է Բերդաձոր հասնեինք, սակայն օդանավակայանում մեզ տարան պարետատուն, ստուգեցին ուսապարկերը, այնուհետև արգելեցին դուրս գալ օդանավակայանից: Մեկ ժամից ավելի համոզում էինք, որ գնում ենք տեղի դպրոցում ուսուցչություն անելու, միևնույն է՝ արգելեցին, քանի որ Բաքվի իշխանություններից չկար թույլտվություն-Զ. Ը.): Ուղևորվում ենք քաղաք: Ձախից Խոջալուն է. անմիջապես ճանապարհի եզրին նորակառույց տներ են…

Քաղաք չմտած՝ լսվում է «Գրադի» աոաջին համազարկը: Ցած ենք իջնում մեքենայի թափքից, ապա, ինչպես տեղացիները, շարվում ջարդված ապակիներով փոստատան և Աերոֆլոտի գործակալության շենքի պատի տակ: Վերջապես դադարում են պայթյունները: Չորրորդ շենքի առաջին հարկը այրվում էր: Մարդիկ առանց խուճապի մարում էին հրդեհը:

Այդ գիշեր պետք է մնայինք մեր ընկերներից Շիրակի քրոջ տանը: Տանը միայն քրոջ փոքր տղան էր՝ Էրիկը, որին հարևանի կինը կանչում էր՝ մոտակա ապաստարանը տանելու: Էրիկը մի տխուր լուր հաղորդեց: Առավոտյան «Գրադից» զոհվել էր հորեղբայրը՝ միլիցիայի աշխատակից Հրաչիկը: Տղայի հայրը՝ Սերգեյը, տանը չէր, գնացել էր մոտակա շեներից ալյուր հայթայթելու և դեռ չգիտեր եղբոր զոհվելու մասին: Քիչ հետո եկավ: Հայտնեցինք դժբախտության մասին… Գնում ենք հանգուցյալի տուն: Դարձյալ «Գրադը» ոռնում է: Գրեթե վազքով ենք գնում՝ պատերի տակով: Սերգեյը նույնիսկ նեղսրտում է, որ մենք էլ էինք իր հետ գնում՝ վտանգելով մեր կյանքը, և շտապեցնում էր: Հունվարին այդ նույն շենքի մուտքի մոտ «Գրադից» զոհվել են 8 հոգի, որոնցից մեկը՝ զոհվածի 18-ամյա որդին: Նայում եմ Սերգեյին. հանգիստ է թվում, ասես ոչինչ էլ չի պատահել… Բայց հաջորդ պահին զգում եմ՝ խեղդում է վիշտը:

Առավոտյան բոլորս խոստովանում ենք, որ չենք քնել գիշերը: Իսկ Էրիկը, որ գիշերել էր ռմբապաստարանում, առավոտ շուտ տուն է գալիս լացակումած, պատմում իր տեսած երազը, թե իբր մեր նպատակին չէինք հասել, չենք ազատագրել Շուշին: Հանգստացնում ենք նրան, ասում, որ կյանքում երազի ճիշտ հակառակն է կատարվում:

***

Շեն ու մեծ գյուղ է Ավետարանոցը՝ Վարանդայի Մելիք Շահնազարյանների բերդավանը, մելիքանիստը: Բլրի վրա երևում են բերդապարիսպները, աշտարակները, Գայանեի մենաստանը՝ Կուսանաց անապատը: Այսօր Ավետարանոցի ողջ երիտասարդությունը հայրենիքն է պաշտպանում: Գյուղում պատսպարվել էին մերձակա հրետակոծվող գյուղերի և Ստեփանակերտի շատ կանայք ու երեխաներ: Գործում է նաև դպրոցը: Գյուղացիներն իրենց բան ու գործին են: Համեմատաբար ապահով գյուղերից է Ավետարանոցը, և պատերազմը գոնե առայժմ նրան չի հասել: Միայն Շուշիից արձակված արկերի ու հրթիռների պայթյունների ձայներն են հասնում: Մինչդեռ Ավետարանոցի տղաները միշտ Քարինտակի պաշտպանների կողքին են, այնտեղ են, ուր կռվողի կարիք է զգացվում:

Նրանցից մեկն էլ Արմեն Առաքելյանն է: Ապրել է Ստեփանակերտում, ապա Մեղրիում՝ կնոջ և նորածին դստեր՝ Նինայի հետ: Երբ սկսվել են կռիվները, Արմենը գյուղ է վերադարձել: Արմենի հետ են նաև նրա երկու եղբայրները՝ Արթուրն ու Արսենը (Ավետարանոցում երկրորդ անգամ եղել եմ 1994-ի դեկտեմբերին. զոհված տղաների մասին գիրք գրելու նպատակով, իմացա, որ Արմենը զոհվել էր:

Ավետարանոցը դարեր շարունակ աչքի է ընկել իր քաջ ու համարձակ, հայրենասեր ժողովրդով: Այսօր էլ այստեղ պատկառանքով են հիշում հատկապես քաջ մելիք Հուսեյնի և իր գեղանի դստեր՝ Գայանեի մասին: Գայանեն համաձայնում է ամուսնանալ թուրք Սուլեյման բեյի հետ, որպեսզի պատերազմի առիթ չտա: Սակայն հարսանիքի գիշերը սրախողխող է անում թուրքին ու դրանից հետո փակվում Կուսանաց անապատում: Նույն գիշեր գյուղի բնակիչները ոչնչացնում են նաև թուրքական բանակը, որի զինվորները գիշերած են լինում հայերի տներում:

Հենց քաջ նախնիների ավանդած սրբազան հողն ու ջուրն է պաշտպանում, սրբազան Քիրսի անդորրն է հսկում, այգի է մշակում, տուն կառուցում նոր՝ ոչ պակաս հերոսական սերունդը: Ավետարանոցում նախկին մելիքական տանն այսօր պատսպարված են Ստեփանակերտից և շրջակա վտանգված գյուղերից եկած կանայք ու երեխաներ: Սենյակներից մեկում ապրում է 15 հոգանոց մի ընտանիք՝ Քարինտակից: Նրանց հետ էր սգավոր, հպարտ մի կին՝ Լիդա Վարդանյանը: Բոլորն առանձին հարգանքով էին դիմում նրան, պատմում հերոս որդուց:

Քարինտակի հերոս գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը, որի անունը լեգենդ է դարձել, զոհվել է հունվարի 26-ին: Շարժման սկզբի օրերին վերադառնալով Մինվոդիից, որտեղ ապրում էր ընտանիքով, գիշերուզօր գյուղի պաշտպանության դիրքերում է եղել: Չի հավատացել, որ երբևէ թշնամու գնդակն իրեն գետին կտապալի: Ինքն ու երկվորյակ եղբայրը՝ Արտյուշան, գործածել են միակ գնդացիրը: Կռվի չարագուշակ օրը թեթև վիրավորվել է, սակայն շարունակել է կրակել: Երբ վերջացել են փամփուշտները, վիրավոր գնացել է փամփուշտ բերելու, կրկին է վիրավորվել: Ընկերներին խնդրել է սպանել իրեն, որպեսզի գերի չընկնի թշնամուն: Իսկ թշնամին նրա գլխի համար 1 կգ ոսկի էր խոստացել: Մի քանի անգամ ռուսներն են փորձել Ալյոշային ձերբակալել, սակայն միշտ խույս է տվել:

Ընկերները նրան հասցնում են գյուղ, նստեցնում մի «Ժիգուլի», որի մեջ վիրավոր երիտասարդ զույգ կար, որպեսզի հասցնեն Ստեփանակերտ, հիվանդանոց: Սակայն պատահաբար, թե նախախնամության կամոք, թշնամու զրահամեքենայից արձակված արկը խոցում է մեքենան… Նա թաղված է Ստեփանակերտում՝ եղբայրական գերեզմանոցում, Սումգայիթի և երկրաշարժի զոհերի հուշարձանների մոտ: Ալյոշայի կինը՝ Նունեն, և մայրը զուսպ են, փոքրիկները՝ երկու աղջիկները, և մեկուկես տարեկան որդին՝ Միքայելը, չէին էլ հասկանում, թե ինչ է կատարվել: Միայն 5-ամյա դուստրը՝ Աշխենիկն էր մեկ-մեկ հիշում, թե հայրն ինչ է արել, երբ տուն է եկել…

***

Ստեփանակերտում հանդիպում եմ ընկերոջս՝ գեղանկարիչ Մհեր Գաբրիելյանին, որի առաջարկով էլ գնում ենք Կրկժան՝ թշնամու երբեմնի որջը, որտեղից գնդակոծվում էր Ստեփանակերտը: Դրանից առաջ Մհերը և էլի ուրիշներ եղել էին Կրկժանում, գտել հայկական քանդված եկեղեցու պատերը: Պատերից մեկի մեջ պահպանվել էր նույնիսկ մկրտության ավազանը: Հողի տակից հանել էին երկու խաչքար, մեկը՝ ջարդված: Նպատակ ունեն վերականգնելու եկեղեցին: Երբ լուսանկարում էի Կրկժանի դպրոցի շենքը, որը թշնամու շտաբն էր եղել, (այժմ հրդեհված է), Շուշիից սկսեցին կրակել: Մոտ վազեցին տեղի ջոկատի տղաներից երկուսը և խնդրեցին, որ իջնենք: Առաջարկեցին գնալ Կրկժանի աղբյուրը տեսնելու և ջուր խմելու: Մի տեսակ պահանջ կար նրանց առաջարկի, ավելի ճիշտ՝ խնդրանքի մեջ: Անպայման ուզում էին, որ տեսնենք այդ աղբյուրը: Հասկացանք նրանց. ով գիտի՝ ինչքան են երազել ազատագրել իրենց աղբյուրը, և ազատագրել են, ուստի ցանկալի էր, որ հայաստանցին էլ անպայման ջուր խմի իրենց աղբյուրից: Այդ թաղամասը հին է, որտեղ երևի թե 19-րդ դարի տներ են և անխտիր ունեն հայկական ոճ:

Հոսպիտալում հայաստանցի բժիշկ Ստյոպա Գևորգյանի հետ պայմանավորվում ենք Ստեփանակերտի պաշտպանների համար (26-ի դիրքեր՝ Յուրայի մոտ) դեղ տանել: Մինչ Ստյոպան դեղերն էր պատրաստում, ես զրուցում էի հենց նոր վիրահատված 11-ամյա Վլադիմիր Տեր-Սահակյանի մոր՝ Լյուբայի հետ: Որդին վիրավորվել էր դաշտում բանջար քաղելու ժամանակ: Մայրը հանգիստ էր, հավատում Էր, որ բժիշկները կփրկեն որդուն: Ութ զավակների մայր է Լյուբան: Ավագ որդին՝ 23-ամյա Աշոտը, Կրկժանի ազատագրման օրը վիրավորվել է, հիվանդանոցում անզոր են եղել փրկելու քաջորդու կյանքը: Անվրդով պատմում էր մայրը: Նրա չորս որդիներն էլ հայրենիքն են պաշտպանում, և մայրը հպարտ է նրանցով, քանի որ հայրենիքի, ազգի, Արցախի ազատագրման համար է ծնել ու մեծացրել զավակներին…

Արցախը վերստին մաքառում ու մարտնչում է…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Պատմության էջերից


22/08/2013