Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՏՊԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ



Վերջին հարյուր տարում մեր ժողովուրդը բազմաթիվ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող գործեր է արել, բայց, երևի, ամենամեծ գործը բանակի ստեղծումն էր՝ պետության ու ժողովրդի լիակատար շրջափակման և պատերազմի պայմաններում: Այժմ չեմ ուզում նույնիսկ մտածել, թե ինչ կլիներ, եթե բանակի ստեղծման գործընթացն սկսվեր մեկ տարի ուշացումով:

1993թ. գարնանը Գագիկ Մանասյանը շարժման և բանակի ստեղծման մասին ընդարձակ հարցազրույց էր արել պետնախարար Վազգեն Սարգսյանի հետ: Համանման մի հարցազրույց էլ Սպարապետը տվել էր «Հայաստանի Հանրապետություն» թերթին, որը տպագրվել էր նույն թվի փետրվար ամսվա համարներից մեկում: Պարոն Գ. Մանասյանը հարցազրույցի ժապավենները (նաև օգտվելու, համեմատելու համար` <<ՀՀ>> թերթի այդ համարը, որ իրեն էր տրամադրել Վ. Սարգսյանը) տվեց ինձ, որպեսզի ձայնագրությունը փոխադրեմ թղթին: Հենց այդ հարցազրույցում էր Սպարապետն ասում. «…բանակ ստեղծելու համար իմ ուժերն այլևս չէին բավարարում, պիտի գար ակադեմիական հարուստ գիտելիքներով մի անձնավորություն, բանակ ստեղծեր և հաջողություններ ունենար: Այդ անձնավորությունը եղավ Վազգեն Մանուկյանը: Նա եկավ, բանակ ստեղծեց և հաղթանակներ ունեցավ»: Իհարկե, պետնախարարի պաշտոնում Սպարապետն ամեն ինչ անում էր բանակի խնդիրները լուծելու համար, բայց պետք է արժանին մատուցել նրան համեստության (բանակ ստեղծելու ճանապարհին ինքն արդեն շատ մեծ գործ էր արել) և անկեղծության համար: Հարցազրույցում կար ուշագրավ մեկ բացահայտում: «ԽՍՀՄ տարիներին Թուրքիայի հետ պաշտպանության առաջին գիծն անցնում էր Հայաստանով,-նշում էր Վ.Սարգսյանը,-և հարձակման դեպքում թշնամին կարող էր անցնել առաջին գիծը, որովհետև այստեղ տեղակայված յոթերորդ բանակը, որն ընդամենը ուներ հինգ հարյուր վագոն զենք ու զինամթերք, սահմանապահ բանակի նշանակություն ուներ, իսկ պաշտպանության երկրորդ գիծը, որն անցնում էր Ադրբեջանով, հարձակման դեպքում թշնամին չպետք է անցներ: Այնտեղ տեղակայված չորրորդ բանակն իր զինանոցում ուներ երկու հարյուր հազար (200 000) վագոն զենք ու զինամթերք, որի մեծ մասը ԽՍՀՄ փլուզման նախաշեմին անցել էր ադրբեջանցիների ձեռքը: 1990թ. հանրապետությունում այս փաստերին տիրապետում էինք ես, վարչապետ Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը և պահում էինք գաղտնի, որպեսզի ժողովուրդը չիմանար ու խուճապի չմատնվեր»: Ես չէի հավատում ականջներիս և անընդհատ ժապավենը հետ ու առաջ տալով ուզում էի նորից լսել արտասանված թիվը` երկու հարյուր հազար: Ամենևին էլ պատահական չէր, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանը միշտ և ամենուր ավելի շատ ռազմական տեխնիկա, զինամթերք էր ունենում, քան մենք, եւ որ ունեցածը նրանք օգտագործում էին անխնա, իսկ հաճախ էլ թողնում էին մարտադաշտում ու փախչում: Եվ եթե այն ժամանակ ուժերի նման հարաբերակցության պայմաններում մենք կարողացանք դիմակայել ու հաղթել, ապա այսօր, երբ սպառազինության տեսակետից հնարավորությունները մոտավորապես հավասար են, պատերազմի դեպքում Ադրբեջանը հաստատ հաջողության հասնելու ոչ մի շանս չի ունենա, և Ալիևի սպառնալիքները քամու դեմ հանդիման միզելու էֆեկտ կունենան:

Հ.Գ.-Այս հարցազրույցը «Հայ զինվորում» չտպագրվեց, և որքան տեղյակ եմ, ուրիշ տեղ էլ չի տպագրվել:

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Պատմության էջերից


22/08/2013