ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է
1992թ. ծանր ու հակասական տարի էր Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրմանն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը հետևեցին ծանր պարտությունները Մարտակերտի շրջանում: Ժամանակի կուսակցական մամուլը նորանկախ հանրապետության իշխանությունների նկատմամբ ցուցաբերելով անհանդուրժողականություն, մի դեպքում ջանք ու եռանդ չէր խնայում նսեմացնելու հաղթանակների արժեքը, մյուս դեպքում, ձեռքերը լվանալով, պարտության ողջ պատասխանատվությունը դնում էր իշխող քաղաքական ուժի վրա, ավելին, երկրի ղեկավարության ու նոր-նոր կազմավորվող բանակի հրամանատարության դեմ տպագրվող քննադատական հրապարակումները համեմվում էին լրագրական էթիկայի սահմանների մեջ չտեղավորվող ծաղրանքով ու ցինիզմով: Կուսակցական մամուլը, կարելի է ասել, գրեթե թշնամանքով արձագանքեց երկրի համար օրհասական պահին Վազգեն Սարգսյանի` բոլորիս հայտնի Մահապարտների գումարտակ կազմավորելու կոչին: Անտարակույս, ներքաղաքական գզվռտոցների արձագանքները հրապարակում եղած տպագիր թերթերի միջոցով հասնում էին առաջնագիծ, խրամատում հայրենիք պաշտպանող երկրապահ կամավորականին, զինվորին և իրենց քայքայիչ հետքը թողնում նրանց հոգում: Այս պայմաններում, 1992թ. սեպտեմբերին մամուլում տեղեկություն եղավ պաշտպանության նախարարության կողմից «Հայ զինվոր» անվանումով պաշտոնաթերթ ստեղծելու մասին: Թեեւ պաշտպանության նախարարն արդեն Վազգեն Մանուկյանն էր, բայց ամենայն հավանականությամբ, պաշտոնաթերթի ստեղծման նախաձեռնողը եղել է Վազգեն Սարգսյանը:
Հոկտեմբերի կեսերին Գագիկ Մանասյանն ինձ հայտնեց, որ Վազգեն Մանուկյանը և Վազգեն Սարգսյանը, փոխադարձ համաձայնությամբ, իրեն հանձնարարել են ստանձնել գլխավոր խմբագրի պաշտոնը, հիմնադրել «Հայ զինվորը», և առաջարկեց համագործակցել: Գագիկ Մանասյանի ընտրությունը պատահական չէր, նա ընդունելի անձնավորություն էր բանակը կազմավորելու դժվարին պարտականությունն ստանձնած երկու Վազգենների համար էլ: Միաժամանակ հաշվի էր առնվել այն փաստը, որ նա հիմնադրել էր «Անդրադարձ» շաբաթաթերթը` ԽՍՀՄ տարիներին Հայաստանում առաջին ազատ մամուլի միջոցը և թերթ ստեղծելու փորձ ուներ:
Հենց սկզբից որոշվել էր, որ ՊՆ պաշտոնաթերթի խմբագրությունը պետք է գտնվի քաղաքում, որպեսզի ժողովուրդը և թղթակցել ցանկացողները խմբագրություն այցելելու դժվարություններ չունենան: Վազգեն Սարգսյանի առաջարկած բոլոր ազատ տարածքները տեսնելուց և դրանք միմյանց հետ համեմատելուց հետո կանգ առանք ներկայիս Պաշտպանամարզատեխնիկական ընկերության (նախկին ԴՈՍԱԱՖ) շենքի վրա, որը մոտ էր տպարանին և կային բավականաչափ ազատ տարածքներ: Սկզբից եւեթ այդ կազմակերպության ղեկավարությունը չէր ուզում նույնիսկ քննարկել շենքից մեզ տեղ հատկացնելու հարցը, որովհետև այն կազմակերպության սեփականությունն է, և տեղի տվեց միայն փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի միջամտությունից հետո: Պետք է նշեմ, որ չափազանց մեծ է պարոն Ա.Քոչարյանի ներդրումը խմբագրության կայացման, առաջացող խնդիրների լուծման գործում:
ՈՒնենալով խմբագրատուն` սկսեցինք արդեն այն անհրաժեշտ գույք, պիտույքներ ձեռք բերելու, կահավորելու, լրագրողներ ու այլ անհրաժեշտ մասնագետներ ընտրելու գործընթացը: Լրագրող կադրերի ընտրությունը, պարզվեց, բավական բարդ է, որովհետև մեր իրականության մեջ զինվորական թերթն ինչ-որ անսովոր նորություն էր, և շատ շատերը իմանալով, որ աշխատանքը լինելու է զինվորական ծառայություն, միանգամից հրաժարվում էին, մյուսներին էլ ինքներս էինք մերժում, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական, ֆիզիկական տվյալները կամ այս ու այն կուսակցության անդամ լինելու հանգամանքը: Այդ պայմաններում խմբագրություն եկան երկու տարով բանակ զորակոչված Վահան Իշխանյանն ու Էդիկ Անդրեասյանը, ծառայության ընդունվեցին երիտասարդ լրագրողներ Արմեն Հովհաննիսյանը, Միքայել Հայրապետյանը, Լուսինե Հովհաննիսյանը, ինչպես նաև Սանդրո Ջուլհակյանը, թարգմանիչ Կորյուն Պապինյանը, նկարիչ Բորիս Ղազարյանը, լուսանկարիչ Գերման Ավագյանը, համակարգչային դիզայներ Արմեն Հարությունյանը և ուրիշներ: Ասեմ, որ առաջին համակարգիչը, որը մենք ստացանք պաշտպանության նախարարությունից, նախարար Վազգեն Մանուկյանին էր նվիրել Ազգային հերոս, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը: Ձեւավորվող խմբագրակազմի համար ձգձգվող խնդիր դարձավ շաբաթաթերթի «Հայ զինվոր» անվանման ձևավորման-պատրաստման հարցը: Այն պատվիրել էինք մի քանի նկարիչ-դիզայներների, սակայն ոչ մեկի աշխատանքը մեզ չէր բավարարում: Լավագույնը այդ մասնագետներից մեկի առաջարկած սրի վրա «Զինվոր» գրությունն էր: Չունենալով ավելի հաջող այլընտրանք և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակում ծառայելու են նաև մեր երկրում ապրող այլազգի տղաներ, և ունենալով ՊՆ համաձայնությունը, որոշեցինք շաբաթաթերթը տպագրել «Զինվոր» անվանումով: Առաջ անցնելով նշեմ, որ առաջին տասը համարները տպագրվել են այդ անվանումով:
Հաջորդ կարևոր խնդիրը, որը հաճախ էր դառնում քննարկման առարկա, շաբաթաթերթի ներքին ուղղվածության հարցն էր: Ո՞Ւմ թերթն է այն լինելու. Արցախն ազատագրած, կամավորական ջոկատների կազմում կռվող նվիրյալ ազատամարտիկի՞, թե՞ նոր-նոր կազմավորվող զորամասի անփորձ զինվորի, ո՞վ է լինելու բանակի պաշտոնաթերթի գլխավոր հերոսը: Հաշվի առնելով մեր ժողովրդի պատմական անցյալը, Առաջին Հանրապետության դասերը, որոշեցինք՝ գնահատելով և արժեւորելով կամավորականներին և նրանց գործը, ամբողջ ուժերը կենտրոնացնել բանակի խնդիրների վրա, բացահայտել, ցույց տալ հասարակ զինվորի կարևորությունը երկրի հուսալի պաշտպանության գործում: Այս միտքն էլ արտահայտված է շաբաթաթերթի առաջին համարի առաջին էջին, որը տպագրվեց 1993թ. ապրիլի մեկին` Բանակն է, որ պետք է պաշտպանի երկրի անկախությունը և գծի ապագա Հայաստանի սահմանները:
Առաջին մի քանի համարների տպագրությունը ցույց տվեց, որ կա այն քաղաքականացնելու, առանձին գործիչների շահերի համար որպես ամբիոն օգտագործելու միտում: Ու թեեւ ինքս որևէ ղեկավար պաշտոն չէի զբաղեցնում, այնուամենայնիվ առիթը բաց չէի թողնում արտահայտվել սքողված կամ բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող հոդվածների դեմ: Կար նաև թերթը հասարակացնելու վտանգ: «Ինչ տեսել, այն էլ գրում եմ» կամ «Գրեք այն, ինչ եղել է, ինչ ես եմ արել» ասում էին մարդիկ, մոռանալով, որ լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, և լրագրողը ռազմադաշտ է գնում իր երկրի համար կռվող զինվորին փառաբանելու, իր երկրի իրավունքն ու շահը պաշտպանելու, իր ժողովրդի վեհությունը, բարոյահոգեբանական իրական արժեքները ցույց տալու համար:
«Զինվորը» տպագրվում էր տասնհինգ օրը մեկ: Որոշվել էր հասնել ինքնահաստատման, որից հետո միայն տպագրել շաբաթը մեկ: Օգոստոսի սկզբին հանկարծակի խմբագրություն այցելեց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Մեկ-մեկ ծանոթանալով աշխատողների հետ, նա զարմացավ, որ զինվորական թերթում աշխատում են բանակում չծառայած մարդիկ, այնուհետև իր նկատառումները հայտնեց թերթի հոդվածների և լուսանկարների վերաբերյալ: Դրանից մի քանի օր անց տեղի ունեցավ երկրապահ կամավորականների առաջին համագումարը, որից հետո Գագիկ Մանասյանը թողեց գլխավոր խմբագրի պաշտոնը: «Զինվորի» տպագրությունն առկախվեց մինչև նոր գլխավոր խմբագրի նշանակումը:
Սեպտեմբերի սկզբին գլխավոր խմբագիր նշանակվեց արձակագիր Վրեժ Իսրայելյանը: Նրան հանձնարարվել էր ձևավորել նոր, ավելի մեծ խմբագրակազմ, իսկ Գ.Մանասյանին առաջարկվել էր չհեռանալ և զբաղեցնել թերթի տնօրենի հաստիքը: Վերակազմավորման ժամանակ շաբաթաթերթից հեռացան Վահան Իշխանյանը, Միքայել Հայրապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գերման Ավագյանը, Լուսինե Հովհաննիսյանը: Նոր խմբագրակազմում էին բանաստեղծներ Իգնատ Մամյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռոմիկ Սարդարյանը, հետազոտող-մշակութաբան Սամվել Դիլանյանը, արձակագիր Գնել Շահնազարյանը, երիտասարդ ստեղծագործող Գագիկ Մախսուդյանը, նկարիչներ Հրաչ Ասլանյանը, Գրիգոր Մարիկյանը, քիչ ավելի ուշ ծառայության ընդունվեցին գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, լուսանկարիչներ Հովհաննես Արմենակյանը, Արմեն Ճենտերեճյանը… Վերականգնվեց պաշտոնաթերթի «Հայ զինվոր» անվանումը, կանոնավորվեց շաբաթը մեկ տպագրությունը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից