ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՏԾՈՒՑ Է
Մի անգամ, Աշուլուկում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ անկաշկանդ զրույց ստացվեց, և նա պատմեց հետևյալը.
-1992թ. ադրբեջանցիները գրավել էին Կրասնոսելսկի Վահան գյուղի վրա իշխող բարձունքը, որը պետք է անպայման հետ վերցնեինք: Վազգեն Սարգսյանը գտնում էր՝ գործողությունը պետք է իրականացվի ավիացիայի` ուղղաթիռի մասնակցությամբ և նախօրոք ուղղաթիռ էր ուղարկել Ճամբարակ: Գործողության ղեկավարը ես էի: Այն սկսելուց առաջ Ճամբարակում անցկացրինք խորհրդակցություն: Վազգեն Սարգսյանը պնդեց, որ մինչև հարձակումը որևէ մեկը ուղղաթիռով օդ բարձրանա և կատարի հետախուզություն, նախանշի հակառակորդի կրակակետերի տեղերը: Քանի որ ոչ ոք չարձագանքեց Վազգենի առաջարկին, ասացի՝ ինքս կբարձրանամ: Երբ ուղղաթիռը մի հիսուն մետր բարձրացավ, զգացի, որ էլ չի բարձրանում, ընդհակառակը, ընկնում է: Օդաչուն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու է ընկնում: Եվ ընկավ: Ես, հավանաբար գիտակցությունս կորցրել էի, իսկ երբ աչքերս բացեցի, տեսա, որ մասերի բաժանված ուղղաթիռի վառելանյութի բաքը գլխիս հետևն է: Ես սալջարդ էի ստացել, և ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Մի շաբաթ հետո, երբ հոսպիտալից դուրս եկա, իմացա, որ ինձնից հետո գործողության ղեկավար են նշանակել Տիգրան Քեշիշյանին, և այդ բարձունքը հետ են գրավել, իսկ հակառակորդից վերցված ռազմավարի մեջ եղել էր հինգ հատ ԴԶՀՀ, («Իգլա»): Տեսնելով, որ Ճամբարակում ուղղաթիռ կա կանգնած, ադրբեջանցիները նախապատրաստվել էին, որ խփեն, և եթե ուղղաթիռը չընկներ, այլ շարունակեր թռիչքը, անպայման կխփեին: Չէ, ամեն ինչ Աստծուց է,- խոսքն ավարտեց Յուրի Գրիգորիչը:
Նրա այս պատմությունից հետո հիշեցի իմ գործուղումներից մեկը:
Պատերազմից հետո էր, մայիսի յոթին կամ ութին: Շուշիի ազատագրման տոնի առթիվ բանկերից մեկի հովանավորությամբ կազմակերպվել էր Երևան- Ստեփանակերտ ավտոմրցաշար` ձևավոր վարումով, որն սկսվելու էր Ազատության հրապարակից: Լուսաբանելու համար մեկնելու էինք ես և լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը: Հրապարակում հավաքվել էին լրագրողներ, լուսանկարիչներ բոլոր լրատվամիջոցներից: Նրանք խմբվել էին ձևավոր վարման վերջնամասում: Ավտոարշավորդներից մեկը վերջնամասում արգելակելուց հետո նորից բաց թողեց արգելակը: Լրագրողները խուճապահար փախան, իսկ մեր համարձակ Հովիկը մնաց տեղում: Մեքենան խփեց նրան և թռցրեց մի քանի մետր: Ֆոտոապարատը կոտրվեց, իսկ ինքն ստացավ կողոսկրերի ջարդվածք: Նրան տուն ուղարկեցինք, իսկ ես փորձեցի մենակ շարունակել առաջադրանքի կատարումը: Այն մեքենայի վարորդը, որը նախնական պայմանավորվածությամբ մեզ պետք է տաներ, ինչ-ինչ պատճառաբանությամբ հրաժարվեց ինձ վերցնել հետը: Առաջադրանքիս կատարումը ձախողման վտանգի տակ էր: Այնտեղ կար մի «Տոյոտա» ֆիրմայի ջիփ, որի վրա գրված էր TV-5, իսկ տերն էլ լրագրողական բաճկոնակով էր: Մոտեցա, ասացի ով եմ և որպես գործընկեր խնդրեցի, որ հետը տանի, բայց նա ոչ մի կերպ չհամաձայնեց: Ստիպված մեկնեցի մեքենաների համար բենզին տանող «մոսկվիչով»: Երբ հասանք Գորիս, լսեցի ցավալի լուրը: Այդ մեքենան Տեղ գյուղի մոտ գլորվել էր ձորը, մարդիկ զոհվել էին: Մահացել էր նաև վազորդ Գառնիկ Չիչակյանը, որին ինձնից հետո հաջողվել էր ջիփի տիրոջը համոզել, որ հետը տանի: Իրոք, ամեն ինչ աստծուց է:
«ՎԱՅ, ԻՆՉ ԱՄՈԹ Է»
Վազգեն Սարգսյանը թերթով շատ էր հետաքրքրվում և բոլոր համարները կարդում էր: Այն ժամանակ նախարարությանը հասանելիք թերթերը տպարանից մենք մեր ձեռքով էինք տանում նախարարություն: Երբ ինքը դեռ պետնախարար էր և հերթական համարի օրինակները երկու ձեռքով պահած նախարարության աստիճաններով բարձրանում էի, տեսա, որ ինքն ընդառաջ է գալիս: Թերթերը մոտեցնելով՝ ասացի.
-Վերցրե՛ք, պարոն Սարգսյան:
Ծիծաղելով ասաց.
-Ես բոլոր համարները կարդում եմ, հավատա, որ արդեն սեղանիս մի հինգ հատ դրել են: Տար, տար թող էստեղ բաժանեն, կարդան:
Երբ նա կրկին նախարար էր դարձել, ու Վրեժ Իսրայելյանը գնացել էր ընդունելության, հարցրել էր.
-Վրեժ, մի էջին որքա՞ն հոնորար ես տալիս լրագրողներին:
-Երկու դոլարի չափ,-պատասխանել էր Իսրայելյանը:
-Վա՜յ, ինչ ամոթ է, Վրե՜ժ, մերը պիտի ամենաբարձրը լինի հանրապետությունում,-ասել էր Սպարապետը և շատ չանցած, իրոք, կտրուկ փոփոխություն եղավ:
ԿԵՍԼՈՒՐՋ-ԿԵՍԿԱՏԱԿ
Հսկիչ-անցագրային կետում
Պատերազմից հետո էր: Զորամասի ՀԱԿ-ի հերթապահ զինվորը տեսնելով մեզ` ինձ ու լուսանկարչին, դուրս եկավ սենյակից ու կանգնեց մեր առաջ:
-Հերթապահը դո՞ւ ես, – հարցրի:
– Խա՛,-ասաց:
-Մենա՞կ ես,-հարցրի դարձյալ:
-Խա՛:
-Որտեղացի՞ ես:
-Մարտունա՛:
-Դպրոց գնացե՞լ ես:
-Խա՛, մինչև ութը:
Հարցրի` հրամանատարը տեղո՞ւմ է, ասաց` խա՛, կարո՞ղ ես զեկուցել, դարձյալ` խա՛:
-Ուրեմն՝ զեկուցիր, որ «Հայ զինվորի» լրագրողներն են եկել և ուզում են մտնել զորամաս` իր մոտ:
Նա ընկավ հեռախոսի «ջանին», համարները հավաքեց, կրկնեց, խոսափողով թփթփացրեց հեռախոսին, դարձյալ թվերը քաշեց, մինչև զանգը գնաց, ու սկսեց խոսել.
-Հընգեր ավագ լեյտենանտ, ըստեղ զինվորներ ա էկած, կասեն՝ կուզենք պալկայը տենանք,- չգիտեմ, թե ինչ պատասխանեցին, բայց զինվորը շարունակեց,-կասեն՝ զինվոր ենք, խայ ենք, կուզենք պալկայը…
Հավանաբար ավագ լեյտենանտը հեռախոսը անջատեց: Զինվորը նորից չարչարվեց ու միացավ.
-Հընգեր ավագ լե… զինվորներին ինչա ասեմ… չէ մեր զինվորներ չեն, շորով են, սառոշկով, վրները պագոն կա, հեսա խարցնեմ… -ու դարձավ մեզ.
-Հընգեր լեյտենանտ կասա՝ դուք որդեղա զինվոր եք,- ու սպասում է մեր պատասխանին:
-Հեռախոս ընձի կտա՞ս,-ասացի ու ձեռքս մեկնեցի:
-Չէ, էդ մեկ չեղավ, էտենց հրաման չկա, համ էլ պալկայը չուզի ձեզի տենա, հերթապան կասա՝ մենք դուսը զինվորա չունենք, իրանք թո էթան իրանց զորամաս, մեր ունեցածն էլ մեզի բոլա:
«ԲԱՆԱԿԻՆ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ հարցազրույց պետք է անեի: Պայմանավորված ժամից հինգ րոպե շուտ (ինչպես միշտ) մտա Անդրանիկ Մարգարյանի ընդունարան, այնտեղ բազմաթիվ պաշտոնյաներ սպասում էին ընդունելության, հինգ րոպե անց զեկուցեցին. «Պաշտպանության նախարարությունից լրագրողն ընդունարանում է»: Վայրկյաններ անց Անդրանիկ Մարգարյանը ճանապարհեց իր աշխատասենյակում գտնվող այցելուին եւ ասաց. «Խնդրեմ, բանակին ներս հրավիրեք»: Լայնաշուրթ ժպտալով ներս մտա՝ «Ե՞ս եմ բանակը, պարոն Մարգարյան»: «Դու բանակի խորհրդանիշն ես,- ասաց Անդրանիկ Մարգարյանը,- ես չեմ կարող քեզ սպասեցնել»: Այդ օրվանից (անհամեստ չհնչի) ես ինձ մի քիչ բանակի խորհրդանիշ եմ զգում:
«ԵՐԵՔ ՏՈՂՆ ԱՎԵԼԻՆ ԱՐԺԵ»
Մեր թերթի գլխավոր խմբագիր Վրեժ Իսրայելյանի հանձնարարությունը չկատարելու հիմնավոր պատճառ ունեի: Հարցազրույցն իմ մեղքով չէր ձախողվել, ու ես ինքնավստահ մտա գլխավոր խմբագրի ընդունարան ու սկսեցի ոգեւորված պատմել, թե ում մեղքով եւ ինչպես է ձախողվել հարցազրույցս: Վրեժ Իսրայելյանը լուռ ու ուշադիր լսեց իմ քսան րոպեանոց «ելույթը», ու երբ ես վերջացրի, ցածր, բայց ամուր ասաց. «Դու, անշուշտ, մեղավոր չես, եւ քո պատճառաբանությունը լիովին արդարացված է: Բայց, հիշի՛ր, որ թեկուզ երեք տող հոդվածն ավելին արժե, քան ամենահիմնավոր պատճառաբանությունը»: Այդ օրվանից ես երբեք հոդվածի փոխարեն «պատճառաբանություն» չեմ դնում գլխավոր խմբագրի սեղանին:
Պատրաստեցին ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ և ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն