«ՀԱՅ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՆ»
Հարցազրույց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ
ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-Սրբազան, ցանկանում եմ զրույցն սկսել պատմական փոքրիկ էքսկուրսով։ Մեր ժողովրդի համար բախտորոշ ու ճակատագրական պահերին միշտ էլ ուս ուսի, կողք կողքի մարտնչել են հայ զորականը, շինականն ու հոգևորականը, և պատմությունը նման բազում օրինակներ ունի։ Փաստորեն անցյալ դարավերջին էլ պատմությունը կարծես կրկնվեց, և մեր ժողովրդի, պետության, մեր երկրի համար հույժ շրջադարձային ու բախտորոշ ժամանակաշրջանում կրկին հայ զինվորի, երկրապահի կողքին կանգնեց հայ հոգևորականը` գոտեպնդելով ու քաջալերելով նրանց։
– Շարժման հենց առաջին օրերից որոշ եկեղեցականներ այս կամ այն կերպ իրենց մասնակցությունը բերեցին հայրենանվեր գործին: Իհարկե, չմոռանանք առաջին հերթին հիշատակել լուսահոգի ՎԱԶԳԵՆ կաթողիկոսին։ Մեծագույն աջակցություն ունեինք նրանից. նա ամեն ինչով օգնել է շարժմանը, ոչինչ չի խնայել մեր անկախության, մեր հաղթանակի, այս մեծ գործի համար։ Գիտեք, որ մեր հայր Վահանը, որը ֆիդայական շարժման ղեկավարներից էր, զոհվեց Նոյեմբերյանում: Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը, որ նռնականետորդ էր, զինվորների կողքին կռվեց ու զոհվեց, դպիր Արմեն Մովսիսյանը նույնպես զոհվեց։ Մեր գոյամարտին մասնակցել են շատ հոգևորականներ` Տեր Գրիգոր քահանան, որ չորս տարի խրամատներում էր` զինվորների կողքին, Տեր Հովհաննեսը, Տեր Կորյունը, հայր Վրթանեսը, Վիլհեն սարկավագը և այլք։
– Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում որոշում կայացվեց, որ մեր զինուժին հարկավոր են հոգևոր սպասավորներ։ Պատմության դասե՞րը մեզ հուշեցին, թե՞ ժամանակի հրամայականն էր։
– Դեռևս մինչև Շուշիի ազատագրումը, երբ արդեն ձևավորվել էր մեր բանակը, մենք շատ շուտ հասկացանք, որ հոգևորականի ներկայության կարիքը կա՝ զինվորների ու սպաների կողքին` մարտի դաշտում, դիրքերում։ Եվ քանի որ Տեր Գրիգորը Շահումյանում էր` Քսանվեցի դիրքերում, զինվորների հետ, և մենք տեսել էինք հոգեւոր դասի ներկայության արդյունքը, որոշեցինք, որ պետք է անպայման գնդերեց նշանակենք: Եվ 1992թ. Տեր Գրիգորը նշանակվեց մեր բանակի հոգևոր սպասավոր և ծառայեց մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում՝ հրադադարի հաստատումից հետո էլ, հասկանալի էր, որ պետք է վերականգնել գնդերեցների ինստիտուտը (արտասահմանում կապելլան են ասում), որը մինչև խորհրդային տարիները առհասարակ բոլոր քրիստոնյա բանակներն են ունեցել։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում կայացվեց, որ բանակում պետք է ունենանք եպիսկոպոս, զորքերում էլ հոգևորականներ։ Այսօր արդեն բարեբախտաբար ունենք բանակի եպիսկոպոս` ի դեմս Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, թեպետ պետք է նշեմ նաեւ, որ հոգևորականների թիվը դեռևս բավարար չէ։ Մենք պետք է այնպես անենք, որ ամեն միջին կամ խոշոր զորամաս իր հոգևոր սպասավորն ունենա, և ինչպես հայ սպան, այնպես էլ նրանք քսան-քսանհինգ տարի ծառայեն զինուժում։
Եվ դուք ճիշտ նկատեցիք, որ եկեղեցականների ներկայությունը միշտ էլ ոգևորող, գոտեպնդող գործոն է եղել։ Հիշեմ մի դրվագ։ Շուշիի գործողություններից մեկ շաբաթ առաջ էր։ Տեր Գրիգորին երբ նշանակեցի, ասացի` Տեր Հայր, քո ներկայությունը արդեն իսկ ուժ է տալիս մեր զինվորներին։ Այդ ժամանակ Քսանվեցի դիրքերի հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր, նրա տեղակալը` Ամարասի Արթուրը` Արթուր Ալեքսանյանը։ Այնպես եղավ, որ ադրբեջանցիների հրետանին սաստիկ հրետակոծության ենթարկեց մեր դիրքերը, սկսվեց խուճապ, և մեր առաջապահներն սկսեցին անկանոն նահանջել։ Մի հարյուր- երկու հարյուր մետր վազելով` նահանջում են, և այդ պահին նրանց առաջ է դուրս գալիս Տեր Գրիգորը` ակնոցով, լանջախաչը փարաջայի վրա կրծքին կախած, ավտոմատը ձախ ձեռքում, Պահպանիչ Խաչը` աջ։ Զինվորներն այդ տեսարանից ազդված` կրկին ետ են դառնում ելման դիրքեր, և խուճապը կասեցվում է։ Մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։
– Առհասարակ, ազգային միաբանությունն է, որ ազգին, ժողովրդին կարողանում է դժվարին իրավիճակներից հանել։ Արդյոք մենք այսօր միաբա՞ն ենք, Սրբազան, միաբան` մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ։
– Ես միշտ հավատացել եմ մեր ազգի միաբանությանը, ինչպես հավատում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Երկնավոր Հոր եւ Սուրբ Հոգու միասնությանը։ Երբ միաբան ենք, և արդար է մեր նպատակը, ուրեմն ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար։ Շարժման առաջին իսկ օրից աշխատել եմ օգտակար լինել իմ ազգին, իմ երկրին։ Ինչով կարողացել եմ` աջակցել եմ առաջին ֆիդայական ջոկատների կայացմանը՝ մեր զինվորներին ու հրամանատարներին` հասկանալով, որ, միևնույն է, անկախ մեր կամքից, ներքաշվելու, մխրճվելու ենք պատերազմի մեջ և պետք է այնքան միաբան լինենք, որ կարողանանք պաշտպանել ինքներս մեզ։ Դա մեր անբռնադատելի իրավունքն է, մեր պարտքը հավատավոր ժողովրդի, Աստծո առաջ։
– Սրբազան, եթե կարելի է, մի քիչ Ձեր արմատներից խոսեք` որտեղի՞ց եք սերում։
– Մոտ երեք հարյուր տարի իմ պապերը, պապերի պապերը Չարդախլու գյուղից են: Հորս տոհմը` Մարտիրոսյանները, յոթ եղբայր Էրզրումից են եկել, և մեծ եղբոր` Մարտիրոսի անունով Մարտիրոսյան ենք դարձել։ Մորս տոհմը` ազնվական և շատ հարուստ տոհմ է եղել, նրանք էլ են երկու հարյուր -երկու հարյուր հիսուն տարի առաջ գաղթել Էրզրումից։ Հայրիկիս մորական կողմը Մարգարյաններ են։ Տատիկիս քեռին ցարական բանակի հայտնի գեներալ Ջահանբեկ Մարգարյանն էր. նրանք էլ Մուշից են եկել Չարդախլու։ Մորս հայրը՝ Պողոս պապը` Եղիան, բժիշկ էր։ Նրանց պատմությունը շատ հետաքրքիր է։ Բնիկ Մամիկոնյաններ են։ 1650 թվականին երեք եղբայր` Եղիան, Եղիազարը և Հարությունը Մուշից գալիս են Թավրիզ, որտեղ ավագ եղբայրը` Եղիազարը, ինչ-որ միջադեպի պատճառով կոտրում է վեզիրի գլուխը, ինչի պատճառով նրան բանտ են նետում։ Նրա բախտից օրերը տոնական են լինում, և մահապատիժ չի իրականացվում։ Այդ օրերին մի թուրք փահլևան է գալիս` ֆիզիկապես շատ ուժեղ մեկը, որ հրապարակային մենամարտերում գետնում է բոլորին։ Բնականաբար, նման իրադարձությունը չէր կարող վրիպել շահի ուշադրությունից, և նա հատուկ հրովարտակով դիմում է իր հպատակներին` ասելով՝ ով կարողանա հաղթել թուրք փահլևանին, ինչ ուզի` կանեմ։ Կրտսեր եղբայրը` Եղիան, որ ուժի հետ մեկտեղ նաև շատ ճարպիկ էր, հանձն է առնում մենամարտելու նրա հետ և ի զարմանս բոլոր թամաշա անողների` հաղթում է փահլևանին։ Այդժամ շահը կանչում է նրան և ասում` հիմա ասա՛, ի՞նչ ես ուզում, և Եղիան խնդրում է մեծ եղբորը ազատել բանտից։ Շահը կանչում է իր թիկնապահներից մեկին` հանձնարարելով, որ նրա հետ գնա բանտ, և ում նա մատնացույց անի, ազատ արձակեն։ Եղիազարին ազատ են արձակում` չիմանալով, թե ում են բաց թողնում… Երեք եղբայր թամբում են ձիերը, անցնում Գանձակ, որտեղ նույնպես Մամիկոնյանների ճյուղ կար։ Այստեղ եղբայրներին կեղծ փաստաթղթեր են տալիս, Եղիային` Եղյան, Եղիազարին` Եղիազարյան, Հարությունին` Հարությունյան, և ուղարկում Չարդախլու։ Տարբեր ազգանուններով մեր այս երեք ճյուղերը միեւնույն տոհմածառին են պատկանում, որոնք տասներորդ դարի վերջում հայտնվեցին Չարդախլուում։ Մյուս` Մարգարյանների շառավիղը Անիից են, հետո հաստատվել են Լեհաստանում, որտեղից նորից վերադարձել են Չարդախլու։ Անեցիներ շատ են եղել Բարսում, Բարում, Չարդախլուում։
-Դուք ինքներդ ի՞նչ հաճախականությամբ եք լինում զորքերում։
– Պարբերաբար։ Ամենատարբեր առիթներով։ Բանակը մեր ամենասիրված, նվիրական կառույցն է։
– Սրբազան, ըստ Ձեզ, հայ մարդը ի՞նչպիսի բարոյական նկարագիր պետք է ունենա։
– Հայ մարդն պետք է նմանվի ՀԱՅԿ Նահապետին։ Մենք նրա ժառանգորդներն ենք եւ պետք է ամեն ինչում արժանի լինենք նրա անունը կրելու պատվին, որպեսզի արդարացնենք այն առաքելությունը, որը դարեր ի վեր ընկած է մեր ուսերին։ Ամեն մի հայ պետք է չարահաղթ լինի, անվախ, մաքուր, հավատարիմ Աստծուն։ Արդար գործի համար պետք է ամեն ինչ անենք ու պիտի չարին միշտ հաղթող լինենք, միշտ ասպետ լինենք։
– Դուք, որպես զինված ուժերի ակունքներին կանգնած մարդ, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա մեր բանակը։
– Լավն է մեր բանակը։ Այն օրեցօր կատարելագործվում, զարգանում է։ Իհարկե, ունենք թերություններ, որոնք կան աշխարհի ցանկացած երկրի բանակում։
– Մեր ընթերցողին անշուշտ կհետաքրքրեն որոշ դրվագներ, փոքրիկ պատմություններ կռվի տարիներից։
– Մարտակերտի շրջանն էինք ազատագրում, հասել էինք մեր հրետանու հրամանատար Գրադ Ժորայի ծննդավայր՝ Զարդախաչ գյուղ։ Կոորդինատները տալիս են` բլրի վրայի տան մոտ կուտակումներ կան։ «Երեք պատուհա՞ն ունի տունը»,- հարցնում է փորձառու հրետանավորը։ «Այո՛»,- լսվում է պատասխանը։ «Ափսոս»,- ռացիայով լսում ենք Գրադի ձայնը։ «Ի՞նչ է պատահել»,- հետաքրքրվում ենք։ «Ոչինչ»,- պատասխանում է նա, և հնչում է «Կրա՛կ» հրամանը։ Քիչ հետո նորից տվյալներ են տալիս՝ նախորդ տնից քիչ հեռու մեծ տուն է, կողքին երկու հաստաբուն ծառ։ Բակում «ուրալ» մեքենաներ են, թափքում՝ զինվորներ։ «Այ քեզ բա՜ն»,- լսում ենք Ժորայի կցկտուր ձայնը։ Նորից հարցնում ենք` ի՞նչ է պատահել։ «Ոչինչ»,- այն կողմից լսում ենք հրետանու պետի ձայնն ու «Կրա՛կ» հրամանը։ Որոշ ժամանակ անց նորից հաղորդում են, որ երկհարկանի երկար շենք է, բակում՝ տեխնիկայի և մարդուժի կուտակումներ։ «Չեղավ»,- ռացիայի մեջից լսվում է գեներալի խռպոտ ձայնը։ Պարզվեց` այդ ուժեղ բնավորության ու կամքի տեր մարդը արտասվում է։ Ի՞նչ է պատահել՝ հարցնում ենք, և այն կողմից դարձյալ լսում ենք նրա խռպոտ ձայնը` «Առաջին տունը հորաքրոջինս էր, երկրորդը` իմ հայրական տունն էր, իսկ երրորդ շինությունը իմ դպրոցն էր. բա մարդ էլ իր դպրոցի վրա կրակի՞»,- հուզմունքից դողով է լցվում Գրադի ձայնը։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ