ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ` ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՍՈՒՆ
Մարտական հենակետում ենք: Այստեղ ամեն մի թիզ հողի համար կռիվ է եղել, արյուն հեղվել: Այդ կռիվը շարունակությունն էր խորհրդային տարիների «սառը պատերազմների», երբ մեր հարևանները «եղբայրաբար» կարող էին անցնել սահմանը, տնավորվել, բազում երեխաներ ունենալ և աստիճանաբար փորձել դիմացինին համոզել, որ եղբայր ենք, պիտի միասին ապրենք: Այսպես խաղաղ ու հանդարտ առաջանում էին: Անասունները կճղակները դնում էին հողին խոնարհված, հողմածեծ խաչքարերին ու անցնում առաջ…
Հերոսական մաքառումի արդյունքում օտար խաշնարածներից մաքրվեցին հայրենի տարածքները, ու հիմա նրանք մեր դիրքերից (այստեղ դրանք իշխող են) ներքև լարել են մուղամը… Մերթընդմերթ նայում են վերև` բարձունքին դիրքավորված մեր տղաների կողմն ու բղավում, մեկ-մեկ էլ կրակում, սակայն զգուշանում, վախենում են մեր զինվորների ծանրակշիռ լռությունից. վերջին անգամ դիվերսիոն արտագրոհի նրանց փորձը ձախողվեց, ու արժանի հակահարված ստանալով` մթության քողի տակ ճողոպրեցին…
Երբ զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանի ուղեկցությամբ անցնում էիք հենակետից հենակետ, զրուցում դիրքեր պահող մեր զինվորների հետ, լսում նրանց մտորումները, խոհերը երկրի, պատմության, սահմանի այն կողմում կանգնած թշնամու մասին, հիշեցի մեր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքերը. «Դժվարը ինքն իրենից հասուն լինելն է»: Այս խոսքերը նա ասել է մեր հանճարեղ երիտասարդ բանաստեղծների` Միսաք Մեծարենցի ու Պետրոս Դուրյանի մասին, որոնք չնայած իրենց երիտասարդ տարիքին, թողեցին այնպիսի գրական ժառանգություն, որը հավերժ մնաց մեր գրականության անդաստանում: Նրանք այդ գործերն ստեղծեցին, երբ տակավին 18-20 տարեկան էին` ճիշտ հենակետում կանգնած տղաների տարիքին: Ու նայելով հենակետում կանգնած զինվորներին, զրուցելով նրանց հետ, զգում ես, որ նրանք նույնպես, Սևակի խոսքով, իրենք իրենցից արդեն հասուն են:
***
Հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Մանվել Մովսիսյանի զեկույցից հետո փոխգնդապետ Հ.Սահակյանը ողջունելով տղաներին, տագնապ է հայտարարում.
– Անցնել փոքր շրջանաձև պաշտպանության:
Տղաներն առանց խոսքի գրավեցին իրենց տեղերը: Այս գործողությունը կատարվեց այնքան արագ, որ զարմացա` այսքան երիտասարդ և այսքան արհեստավարժ են մեր զինվորները: Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը գոհ է նրանցից: Հետո զինծառայողները շրջապատում են փոխգնդապետին և սկսվում է անկաշկանդ, մտերմիկ զրույցը:
Ավագի օգնական, կրտսեր սերժանտ Վահագն Ղազարյանին մի քանի ամիս է մնացել, որ զորացրվի:
-Ծառայության ընթացքում ամեն ինչ հետաքրքիր է, դժվարություններն էլ իրենց հետաքրքրությունն ունեն:
-Ի՞նչ ես որոշել անել ծառայությունից հետո,- հարցնում եմ:
-Արտասահմանից կանչում են, որ գնամ, բայց չեմ գնա, տնտեսագետի իմ մասնագիտությամբ կաշխատեմ, – ասում է նա:
Համարյա բոլոր հենակետերում զինվորները մատուռներ են կառուցել: Լուսանկարիչ Գ.Արմենակյանը փորձում է մատուռում լուսանկարել կրտսեր սերժանտներ Արեն Պապիկյանին, Գևորգ Հովհաննիսյանին ու Արմեն Մելիքսեթյանին: Տղաներից մեկը նկատում է, որ զենքով չեն մտնում մատուռ, բայց մյուսն ասում է.
-Հնում թշնամիները շատ են օգտվել դրանից, հիմա այդպես չպետք է լինի: Մենք պետք է կարողանանք և՛ մոմ վառել, և՛ թույլ չտալ, որ մեր վառած մոմը թշնամին հանգցնի:
***
Հենակետի առջևում տղաները գեղեցիկ ծաղիկներ են աճեցրել: Ազատ ժամերին սպորտային անկյունում պարապում են:
Փոխգնդապետ Հ. Սահակյանը անմիջապես նկատում է, որ փոխվել են լվացարանը, հիգիենայի պարագաները, և հարցնում է, թե ով է նախաձեռնողը: Առաջ է գալիս դասակի հրամանատար Մ.Մովսիսյանը: Հրամանատարը խրախուսում է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտած սպային և վստահեցնում, որ անպայման այդ մասին տեղյակ կպահի զորամասի հրամանատարին (վերադարձից հետո գնդապետ Մ.Մախսուդյանին ներկայանալով` փոխգնդապետ Սահակյանը չմոռացավ զեկուցել նաև այդ մասին):
Կրտսեր սերժանտ Տարոն Նիկողոսյանը Վեդիից է: Երկու եղբայր են, մեկ քույր: Եղբայրը՝ Կարենը, արդեն ծառայել է, և 8 ամիս է, ինչ նրան է փոխարինել եղբայրը: Եկել է ուսումնական կենտրոնից, արդեն հարմարվել է նոր միջավայրին, ծանոթացել նոր ընկերների հետ: Շարքային Արթուր Հայրապետյանը Եղեգնաձորից է, Արկադի Ուստյանը` Վանաձորից:
Մեր այցի ընթացքում դիտորդներ Գևորգ Հովհաննիսյանն ու Արմեն Մելիքսեթյանը աչալուրջ հսկում են: Հետո մանրամասն զեկուցում են թշնամու կողմում իրենց տեսածի մասին:
-Հրաշալի տղաներ են, պատրաստված զինվորներ,- նրանց մասին ասում է փոխգնդապետը:
Հենակետի օգնական, կրտսեր սերժանտ Վահագն Ղազարյանին հարցրի, թե խրախուսանքի որ տեսակից են ամենաշատը ոգևորվում զինվորները:
-Երբ պարգևատրվում են «Քաջարի մարտիկ» կրծքանշանով կամ էլ արձակուրդ ստանալով,- պատասխանեց նա:
Հենակետի տղաներին հրաժեշտ տալիս փոխգնդապետ Հ.Սահակյանը մեզ ասաց. «Եկեք լուսանկարվենք մեզ պահող այս տղաների հետ, դա էլ մեզ հուշ թող մնա»: Տղաները ոգևորությամբ ընդունեցին առաջարկը:
Իսկ ճանապարհին, ի մի բերելով օրվա տպավորությունները, զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալն ասաց.
-Մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր զինվորն է:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ