Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»՝ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ



Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ «Հայ զինվոր» թերթի 1000-րդ համարի թողարկման կապակցությամբ

– Պարոն նախարար, «Հայ զինվորը» տոնում է իր գործունեության 20-ամյակը և թողարկում իր 1000-րդ համարը: Ինչպե՞ս եք գնահատում «Հայ զինվորի» անցած ճանապարհը:

– «Հայ զինվորը» ազգային բանակի կենսագիրն է, բանակաշինության դժվարին ճանապարհի ամենահավատարիմ ու անաչառ վավերագրողը: Ձեռքը ժամանակի զարկերակին, բանակի հոգս ու ցավին առնչակից, հասարակական պահանջին ականջալուր` «Հայ զինվորը» սոսկ տարեգիր չեղավ բանակի համար, այլև նախանձախնդիր մասնակից, միշտ դեպքերի ու իրադարձությունների էպիկենտրոնում, միշտ զինվորի և սպայի, միշտ զինվորի ծնողի կողքին: «Հայ զինվորը» ազնիվ ու շիտակ զրուցակից եղավ և՛ զինվորի, և՛ գեներալի, և՛ սպայի, և՛ ենթասպայի համար: «Հայ զինվորը» առաջին գծում սահման պահեց 18 տարեկան հայ պատանու հետ, «Հայ զինվորը» սպայի հետ մտորեց բանակաշինության խնդիրները հաղթահարելու համար, «Հայ զինվորը» գեներալի հետ ապագայի հավակնոտ ծրագրեր գծեց: Հենց «Հայ զինվորի» էջերում հանդիպեցին մտավորականն ու սպան, պատմաբանն ու զինվորը… և մեկտեղվեցին: Հոգեբանի, բժշկի, վարորդի, հասարակ հայ քաղաքացու համար «Հայ զինվորը» սեփական խոհերը կիսելու ամբիոն դարձավ: «Հայ զինվորը» բանակի և ժողովրդի երկխոսությունն է` իր լավ ու վատով, իր թերություններով ու առավելություններով, որ շարունակվում է արդեն 20 տարի, և անպայման` բանակն ավելի կատարյալ դարձնելու ջանքով, Հայաստան աշխարհն անառիկ պահելու գերնպատակով:

Մեր լրատվական դաշտում «Հայ զինվորն» առանձնանում է իր շեշտված ազգային նկարագրով, ազնիվ կեցվածքով, բարոյականությամբ ու հայրենասիրությամբ: Զուսպ ու հավասարակշիռ` ազգային միասնություն ու հանդուրժողականություն քարոզող թերթը իր էջերը բացել է յուրաքանչյուր հայի համար` մեկ անգամ ևս հավաստելով, որ բանակը բոլորի բանակն է, յուրաքանչյուր հայինը, և «Հայ զինվորը» բոլորի թերթն է` անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից: «Հայ զինվորը» ազգային թերթ է: Ակունքից չկտրվելու և հայկական դիմագիծը պահպանելու` «Հայ զինվորի» ջանքը անհնար է չնկատել: Այն ազգային հպարտությունը, որով սնուցել է թերթը սահման պահող զինվորին, մեր անցած ու գալիք հաղթանակների կարևոր երաշխիքներից մեկն է:

«Հայ զինվորը» գաղափարամետ թերթ է, այն եզակի պարբերականներից մեկը, որն ունի բարոյախոսություն, արժեհամակարգ և նպատակ: «Հայ զինվորը» բանակի բարոյախոսությունն է, բանակի խոսափողը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Հայ զինվորը» այսուհետ է՛լ ավելի արդյունավետ կատարի իր առաքելությունը: Դառնա ավելի պինդ, խրոխտ ու ավելի մեծ լսարան ունենա, որովհետև «Հայ զինվորի» քարոզած գաղափարներն ու դավանած արժեհամակարգը հույժ անհրաժեշտ են ոչ միայն զինված ուժերին, այլև հայ հասարակությանը առհասարակ:

Շնորհավորում եմ «Հայ զինվորի» յուրաքանչյուր աշխատակցի թերթի 20-ամյա գործունեության և 1000-րդ համարի լույսընծայման կապակցությամբ, մաղթում եմ լրագրողական ավելի մեծ քաջություն, ավելի մեծ հաղթանակներ:

Թող հաջողությունն ու երջանկությունն ուղեկցի ձեզ և ձեր ընտանիքներին:

– Կա խզում թերթի և հասարակության գաղափարախոսության միջև, թերթի դավանած գաղափարներն ու արժեքները երբեմն ներդաշնակ չեն հասարակության արժեհամակարգին: Այս պայմաններում ո՞րն է թերթի առաքելությունը Ձեր կարծիքով:

– Յուրաքանչյուր թերթ ունի իր գաղափարներն ու արժեքները, իր գաղափարախոսությունն ու բարոյախոսությունը, որոնք կարող են չհամընկնել հասարակության կամ նրա որեւէ շերտի արժեհամակարգի հետ: «Հայ զինվորը», լինելով բանակի պաշտոնաթերթը, որդեգրել է մի արժեհամակարգ, որի վերին հորիզոնականներում հայրենասիրությունն է, ազգապաշտությունը, պետության ուժի, բանակի ոգեղենության, արդար ու հզոր երկիր, ուժեղ ու բարոյական հասարակություն ունենալու գաղափարները, որոնք, անշուշտ, հույժ անհրաժեշտ են այսօր մեր ժողովրդին: Ցավոք, մեր լրատվական միջոցների մեծ մասը միտված չեն երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը, ու ազգային գաղափարախոսության հենքային դրույթները չեն դրված քարոզչական համակարգի առանցքում: Եթերից ու պարբերականների էջերից քարոզվում են արժեքներ ու կերպարներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր ազգային իդեալների հետ, հայեցի չեն, բարոյական չեն, ճշմարիտ չեն ու պարզապես մերը չեն: Այս բացը լրացնելու խնդիր կա այսօր, սխալները շտկելու խնդիր կա: Մեր թերթի առաքելությունը պետք է լինի սահման պահող զինվորի կողքին լինելը, նրան ճշմարիտ կերպարներ ու արժեքներ հրամցնելը, վեհ գաղափարնեով տոգորելը, քաջալերելը: «Հայ զինվորը» երբեք չպետք է մոռանա բանակում առկա արատավոր երեւույթների մասին, փնտրելով դրանց վերացման արդյունավետ ուղիներ: Մենք այսօր խնդիր ունենք բարձրացնելու հող ազատագրած, հայրենիքի ազատության համար մղված պատերազմը հաղթանակով ավարտած քաջի կերպարը, հուշելու բարոյական չափանիշներ:

– Երբեմն ասում են, թե «Հայ զինվորը» չունի մեծ լսարան ու պահանջարկ, երբեմն սա հնչում է որպես մեղադրանք թերթի հասցեին: Ի՞նչ կասեիք այս առնչությամբ:

– Համաձայն չեմ այն մտքի հետ, որ «Հայ զինվորը» չունի մեծ լսարան. բանակից ավելի մեծ լսարան շատ քիչ թերթեր ունեն: Զորամասերում սիրով են կարդում մեր թերթը, շատերն անհամբեր սպասում են նրա հերթական համարին: Այլ հարց է, որ թերթերը օպերատիվության առումով հետ են մնում այսօր եւ իրենց տեղը զիջում են համացանցին ու հեռուստատեսությանը: Սա օբյեկտիվ գործընթաց է, ժամանակի հրամայական: Պաշտպանության նախարարությունը, ինչպես գիտեք, ունի իր հեռուստահաղորդումը («Զինուժ») եւ ռադիոհաղորդումը («Ասպար»), եւ թերթը լրացնում է այս եռյակը: «Հայ զինվորն» ունի իր կայքը, ինչը է՛լ ավելի է ընդլայնում թերթի լսարանը:

– Պարոն նախարար, որո՞նք են այն խնդիրները, որոնք պետք է կարևորվեն «Հայ զինվորի» առաջիկա գործունեության ընթացքում:

– Թերթը պետք է շարունակի ավելի մեծ արդյունավետությամբ կատարել իր առաքելությունը, որը որդեգրել է իր քսանամյա գործունեության ընթացքում: Լինի նվիրված, արհեստավարժ, եռանդուն: Ավելի շատ հաղորդ զորամասային անցուդարձին: Թերթը պետք է ձեւավորի հայ սպայի հավաքական կերպարը` մտավորական սպայի, սխրագործ սպայի, հայրենապաշտ սպայի: Թերթը պիտի կարողանա հասարակության առաջ բացել բանակի խորքերը, «Հայ զինվորի» միջոցով հասարակությունը պետք է դառնա ամենօրյա սխրանքի ու մեծ հաղթանակների բաժնեկիցը: 2013թ. առաջին զորակոչը ամփոփեցինք բացառիկ արդյունքներով. զորակոչային պլանը կատարեցինք 111 տոկոսով: Այս տարի բացելու ենք առաջին հայկական ռազմական ակադեմիան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հենքի վրա: Սրանք նոր ձեռքբերումների նախապայման են եւ երաշխավորված ապագայի գրավական: «Հայ զինվորի» առաջիկա գործունեության մեջ կարեւորում եմ չորս հիմնական ուղղություն. Արցախյան գոյամարտի լուսաբանումը, պարբերաբար եւ հանգամանալից անդրադարձը ներբանակային անցուդարձին, բանակաշինության անաչառ տարեգրությունը, ազատամարտիկների ռազմական սխրանքները վավերագրող ասքերը, ինչպես նաեւ հող ազատագրած կամավորականներին հուզող խնդիրների արծարծումը:

Պիտի հորդորեմ, որ թերթն է՛լ ավելի ակտիվ լինի համացանցում: Այս դաշտը ավելի առարկայական է եւ արտաքին լսարանը մեծացնելու հնարավորություն է տալիս:

Մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել բոլորիս բանակի պաշտոնաթերթ «Հայ զինվորի» քսանամյա հոբելյանի եւ 1000-րդ համարի լույսընծայման կապակցությամբ: Թող բանակն ու իր թերթը միասին հաղթանակած, արժանապատիվ շարունակեն իրենց հարատեւ ուղին` ի փառս հզոր եւ անվտանգ երկրի, պաշտպանված ժողովրդի ու աներեր պետության:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/08/2013