Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԿԶՈԿՄԱԽՔ



«Ապագայի զինվոր» ամերիկյան ծրագիրը դեռևս համարվում է փոքր-ինչ ֆուտուրիստական, քանի որ նրանում պետք է օգտագործվեն տեխնոլոգիաներ, որոնք դեռևս պրակտիկ կիրառում չեն ունեցել: «Ապագայի զինվոր» ծրագիրն իր մեջ ներառում է զինվորի նոր հագուստ` «էկզոկմախք» անվանումով, որը համալրված կլինի նանո տեխնոլոգիաներով և իր մեջ կներառի նոր մակարդակի զրահաբաճկոն: Ընդհանուր առմամբ, այս ծրագիրը նպատակ է հետապնդում ստեղծելու ռազմական համազգեստի մի համակարգ, որը զինվորի հետ առավելագույնս փոխկապակցված կլինի, ինչպես նաև հնարավորություն կընձեռի լիովին տիրապետելու այն զինամթերքին, որը կլինի զինվորի տրամադրության տակ: Այս հագուստի ստեղծմամբ արդեն զբաղվում է հատուկ այդ նպատակով հիմնված ամերիկյան ռազմական նանոտեխնոլոգիական ինստիտուտը, որն արդեն ԱՄՆ զինված ուժերից ստացել է 50 մլն դոլարի դրամաշնորհ:

Ծրագրի շրջանակում առանցքային դեր է հատկացվում նոր մակարդակի դինամիկ զրահին, որը պետք է ունենա մի քանի միլիմետր հաստություն, ինչպես սուզորդի հագուստը և կպաշտպանի զինվորի ամբողջ մարմինը: Դինամիկ զրահը բաղկացած է բարդ մոլեկուլային բաղադրիչներից և հատուկ հեղուկայուղային լուծույթից, որը մագնիսական ուժի տակ կարող է քարանալ 0.001 վայրկյանում: Ռազմական նանոտեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների ստեղծված այս նյութը դեռևս գտնվում է փորձարկման փուլում:

Զինվորի գլուխը կպաշտպանի հատուկ սաղավարտը: Այն համալրված է լինելու հատուկ էկրանով, որի օգնությամբ զինվորը կարող է տեղեկություններ ստանալ ղեկավարման կետից: Հատուկ էկրանը կարող է աշխատել մի քանի ռեժիմներով` գիշերային տեսողության և ջերմային, որի օգնությամբ զինվորը հեշտությամբ կարող է հայտնաբերել հեռվում թաքնված հակառակորդին` մարմնի տաքության հաշվին, որին անզեն աչքով դժվար կլինի հայտնաբերել: Հետախուզության նպատակով զինվորն իր տրամադրության տակ կունենա փոքրիկ նանո անօդաչու թռչող սարք, որը ղեկավարվում է փոքրիկ հեռակառավարման վահանակի օգնությամբ:

«Էկզոկմախք»-ի մյուս կարևոր բաղադրիչը մի համակարգ է, որը կարող է վերահսկել զինվորի ֆիզիկական վիճակը: Այն ստացել է «WPSM» (the warfighter physiological status monitor) անվանումը: Համակարգը ներառում է մի շարք բժշկական սարքեր, որոնք սահմանում են մարմնի ֆիզիկական վիճակը, ջերմությունը, ճնշումը, արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը: Համակարգը ունակ է մշակելու ընդունված տվյալները և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցելու ռազմական բժշկական ծառայությանը անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար:

«Էկզոկմախք»-ը կրող զինվորը արտաքինից կնմանվի ռոբոտի: Իր վրա ունենալով բազմաթիվ սարքավորումներ` կլինի առավելագույնս ճկուն, ինչի շնորհիվ ազատ մարտում զինվորը կարող է բազմաթիվ ակրոբատիկ հնարքներ կատարել: «Էկզոկմախք»-ի մոտավոր քաշը կազմելու է 4-ից մինչև 5 կգ, հետևաբար՝ ամերիկյան զինվորի ներկայիս ամբողջական հագուստից թեթև մոտ 7-8 կգ-ով (ներկայիս ամերիկյան ամբողջական ռազմական հագուստը միջինը կշռում է 12-13 կգ):

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Ռազմական


29/08/2013