Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



Օրերս գնդապետ Հ.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ղեկավարությունն այցելել է Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), հանդիպել համալսարանի ղեկավարության, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ուսանողներին ներկայացնել զորամիավորման ստեղծման պատմությունը և ծանոթացնել զինծառայությանը: Զինվորականները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին:
Գնդապետ Հ.Օհանյանի հրամանով՝ ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուզաննա Հակոբյանը պարգևատրվել է պատվոգրով` բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար, իսկ բարձր առաջադիմության և օրինակելի վարքի համար պարգևատրվել են իրավագիտություն բաժնի չորրորդ կուրսի ուսանողներ Արմեն Շուքուրյանը, Հայկ Խաչատրյանը, Արմեն Թամրազյանը, Անահիտ Տոնոյանը և Քրիստինե Ղազարյանը:
Զորամիավորման հրամանատարն ու Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է, մասնավորապես, ուսանողներին մինչև զորակոչվելը ծանոթացնել զինվորական ծառայությանը, կազմակերպել ուսանողների այցելություններ զորամասեր և լավագույն զինծառայողների փոխայցելություններ համալսարան, ապահովել ուսանողների ներկայությունը զինվորական երդման արարողություններին, համալսարանի դասախոսների մասնակցությամբ բաց դասեր վարել զորամասերում, իսկ զորամիավորման հրամկազմի մասնակցությամբ` համալսարանում, ուսանողների և զինծառայողների ուժերով, կազմակերպել ՀՀ պետական տոներին նվիրված միջոցառումներ, երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ քննարկումներ:

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


11/03/2011