ՀՈԳՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
«Իմ Հայրը փառավորվում է, երբ շատ պտուղ եք տալիս» (Հովհ. 15:8):
«Դուք ինձ չընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի եւ դրեցի, որ գնաք ու պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ խնդրեք Հորից իմ անունով, Նա ձեզ տա» (Հովհ. 15:16):
«Առանց հավատի անհնար է Աստծուն գոհացնել, որովհետեւ նրան մոտեցող ամեն մարդ պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձատրում է նրանց, ովքեր Իրեն են փնտրում» (Եբրայեցիս 11: 6):
Աստվածաշնչյան այս երեք մեջբերումները սպառիչ պատասխան են տալիս, թե ինչ ենք լինելու, երբ հետեւենք Քրիստոսի հանձնարարություններին:
Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ Քրիստոսի բազմաթիվ հետեւորդները պարզ, հասարակ ու սովորական մարդիկ էին: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան նախապես չէր եղել նրանց հետ կամ նրանց միջոցով: Հետո, ինչպես տեղի ունեցավ Պետրոսի եւ աշակերտների հետ, Նրանք Սուրբ Հոգով լցվեցին, եւ նրանց կյանքը փոխվեց: Նրանք այլեւս սովորական մարդիկ չէին: Նրանք Աստծո մարդիկ եւ Աստծո զորության գործիքները դարձան: Նրանց հոգու պարտությունը հաղթանակի վերածվեց: Կասկածն ու վախը փոխարինվեց վստահությամբ, ուրախությամբ ու հավատով: Նրանք «աշխարհը գլխիվայր շրջեցին» (Գործք 17.6):
Մի քանի վկայություն Սուրբ Գրքից Սուրբ Հոգու մասին. Սուրբ Հոգին աստվածային Երրորդության (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) երրորդ անձն է: Նա Աստված է, նաեւ` գերբնական, երկնային հոգեւոր զորություն: Նա հավասար է Հորը եւ Որդուն: Նա անսահման իմաստություն (Ա Կորնթ. 2 :11), կամք (Ա Կորնթ. 12 :11) եւ զգացմունքներ (Հռոմ.15 :30) ունի:
Սուրբ Հոգու մասին առաջին անգամ խոսվում է Ծննդոց 1:2-ում: Ողջ Հին Կտակարանում զգացվում է Նրա ազդեցությունը, սակայն այն ավելի ակներեւ է մեր Տիրոջ կյանքի եւ ծառայության մեջ: Վերջապես, երկինք համբարձվելուց հետո Նա Սուրբ Հոգուն ուղարկեց` որպես «մխիթարիչ» եւ «օգնական» (Հովհ. 14 :26, Թուղթ առ հռոմեացիս 8 :26): Հունարենում մխիթարիչ կամ օգնական բառը նշանակում է կողքը լինելու կանչված մեկը, որ քրիստոնյայի կողքին է` որպես ուղեկից եւ ընկեր, որ Քրիստոսով հավատացյալին կամք, ուժ եւ հոգու զորություն է տալիս:
Սուրբ Հոգին նաեւ, ըստ առաքյալի, կոչվում է Աստծո Հոգի (Ա Կորնթ. 3 :16), Քրիստոսի Հոգի (Հռոմ. 8 : 9), Կյանքի Հոգի (Հռոմ. 8 : 2), Ճշմարտության Հոգի (Հովհ. 16:13), Շնորհի Հոգի (Եբր. 10:29), Խոստման Հոգի (Եփես. 1.13):
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ. ՍՈՒՐԲ ՄՅՈՒՌՈՆԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
Սուրբ Հոգին հայտնվեց աղավնակերպ` Քրիստոսի մկրտության պահին Հորդանան գետում: Ահա թե ինչու, երբ Հայ եկեղեցին Սուրբ Մյուռոնն ընդունում է Սուրբ Հոգու խորհրդանշան, պահում է աղավնակերպ սափորի մեջ եւ թափում նրանից ջրի մեջ եւ օրհնում ջուրը: Վստահ եմ, գիտեք, թե նույն մյուռոնով օծում են հոգեւորականներին եւ կնքում երեխաներին, եկեղեցիներ, սրբանկարներ եւ այլ եկեղեցական սպասք:
Ըստ առաքյալի` Սուրբ Հոգին եկել է Տեր Հիսուս Քրիստոսին վկայելու եւ նրան փառավորելու համար (Հովհ. 16 :13-14): Ինչպես Հիսուսն էր եկել Հորը բարձրացնելու եւ հայտնելու, այնպես էլ Սուրբ Հոգին է ուղարկվել բարձրացնելու եւ փառավորելու Որդուն` Հիսուս Քրիստոսին:
Երբ մենք լցված ենք Սուրբ Հոգով, Հիսուս Քրիստոսով ենք լցված: Ուստի, երբ լցված ենք Տեր Հիսուս Քրիստոսով, մեր ուժերից շատ ավելի մեծ զորություն է արձակվում մեր մեջ, եւ մենք Աստծուն ծառայելու, նվիրյալ, օրհնյալ կյանքով ապրելու կարողություն ենք ստանում: Բազմաթիվ օրինակներ ունենք մեր եկեղեցու պատմության էջերում:
Մեր հոգեւոր ծննդի պահին Սուրբ Հոգին նաեւ Վերածնում է մեզ (Հովհ. 3 :5- 6), Գալիս է մեր մեջ բնակվելու (Ա Կորնթ. 3 : 16), կնքում է մեզ Սուրբ Հոգով (Եփես. 1 :13, 4 :30), մեր ժառանգության գրավականն է` երաշխիքը, ժառանգություն, որը մի օր պիտի ստանանք (Բ Կորնթ. 5 : 5), Քրիստոսի մարմնում մկրտում է մեզ (Ա Կորնթացիս 12 :13, Գաղատացիս 3 : 27, Հռոմ. 6 :3-4), լցնում եւ զորացնում է մեզ Իրեն ծառայելու համար (Գործք 1 :8):
Այս ճշմարտությունները փաստում են մեր` Քրիստոսի հետ մի լինելու իրականությունը: «Դուք իմ մեջ եք, եւ ես` ձեր մեջ» (Հովհ. 14 :20):
Մենք մեր հոգու տկարությունը փոխանակում ենք նրա զորությամբ, մեղսունակությունն ու պարտությունը` նրա հաղթանակով ու փաստված հարության հրաշքով: «Երբ Սուրբ Հոգին ձեզ վրա իջնի, դուք զորություն կստանաք եւ ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1 : 8): «Վկաներ կլինեք» նշանակում է լինել Նրա Բարի Լուրի ավետիսը տարածողները:
Սուրբ Հոգով լցվելու աստվածաշնչյան յուրաքանչյուր տոն` թե՛ Հին Կտակարանում եւ թե՛ Նոր Կտակարանում, հարակցվում է ծառայության եւ վկայության առաքելությանը: Այս են ուսուցանում Սուրբ Գրքով հիմնավորված` Հայ Առաքելական եկեղեցու Ս. Հայրերի բոլոր առաքելական ավանդությունները` սկսած Թադեոս առաքյալից, Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչեւ մեր օրերի հայրերը:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա
ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր