Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ



2012 թվականի հուլիսի 17-ն էր: Գյումրիի զինկոմիսարիատում վերջնական բուժզննում անցնելուց հետո զորակոչվեցի հայկական բանակ: Մեկնելու օրը տխուր էի. երկու տարի հայրական օջախից հեռու եմ լինելու, բարեկամներիս ու ընկերներիս չեմ տեսնելու…

Միաժամանակ նաև գիտակցում էի, որ այդ երկու տարին անտեղի չի անցնելու, և ծառայելու եմ հայրենիքիս, ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս համար:

Բոլորին գրկելուց հետո նստեցի ավտոբուս: Պատուհանից տեսնելով, որ մայրս լաց է լինում, սիրտս լցվեց, և հազիվ ինձ զսպեցի, որպեսզի ես էլ լաց չլինեմ: Անբացատրելի զգացողություն էր, չգիտեի՝ ինչ անեի: Վերջապես ավտոբուսի դռները փակվեցին, շարժիչը աշխատեց, ու մենք ճանապարհ ընկանք դեպի հավաքակայան: Ճանապարհին նոր մարդկանց հետ ծանոթացա, նրանց մեջ կային դպրոցում ինձ հետ սովորած զուգահեռ դասարանից տղաներ, ինչպես նաև համադասարանցիս` Հարությունյան Արթուրը, որի հետ շատ փորձությունների միջով էի անցել և հաղթահարել ամեն տեսակ դժվարություն:

Վերջապես հասանք հավաքակայան. մուտքի մոտ անթիվ բազմություն էր հավաքված, մարդիկ ճանապարհում էին իրենց որդիներին, ոմանք էլ` ընկերներին: Հավաքակայան մտանք, իջանք ավտոբուսից. շոգ էր, լարվածությունը մեծ էր: 30 րոպե նստելուց հետո միացանք մնացած տղաներին, նրանք Հայաստանի տարբեր մարզերից էին եկել ծառայության: Ընկերներով նստեցինք, խոսեցինք անցած – գնացած օրերի մասին…

Արդեն իրիկուն էր, բուժզննումը հետաձգեցին մինչեւ հաջորդ առավոտ: Հաջորդ օրը, բուժզննում անցնելուց հետո, գնացինք սպասասրահ, որտեղից տարբեր ավտոբուսներով պետք է մեկնեինք զորամասեր:

Ժամը 02:00-ի սահմաններում հասանք զորամաս ու միանգամից գնացինք քնելու, քանի որ անտանելի հոգնած էինք: Հաջորդ օրը` առավոտյան ժամը 06:30-ից, արդեն ամեն ինչ զինվորական կարգացուցակի համաձայն՝ վերկաց, մարմնամարզություն, ճաշարան, որից հետո մեզ ուղեկցեցին զինվորական համազգեստ ստանալու: … Ու այդպես 731 օր՝ խիտ և հագեցած, երբ նույնիսկ չէի զգում պարապմունքների սկիզբն ու ավարտը:

Օգոստոսի 4-ն էր. երդման արարողությունից հետո գնացի ինձ հատկացված ժամանակը ծնողներիս հետ անցկացնելու: 16:00-ին ներկայացա զորամաս. շտաբի դիմաց անունս կարդացին և ինձ ուղեկցեցին այն գումարտակը, որտեղ պետք է շարունակեի հետագա ծառայությունս: Այդ ժամանակ գումարտակը մարտական հերթապահություն էր իրականացնում: Հերթափոխից հետո, երբ տղաները եկան զորամաս, սկսվեց եռուզեռով լի զինվորական կյանքը: Գումարտակի շտաբի պետ, մայոր Ս. Սարգսյանը, իմանալով իմ համակարգչային գիտելիքների, ինչպես նաև օտար լեզուների իմացության մասին, առաջարկեց դառնալ գումարտակի լսարանի պատասխանատուն: Որոշ ժամանակ անց գումարտակի անձնակազմն սկսեց «կրակել» լսարանում՝ անցկացնելով կրակային պատրաստության դասընթացներ: Ամեն ինչ լավ էր, մանավանդ որ զինվորական առօրյան արդեն իսկ դարձել էր կենսակերպ:

2013թ. հունվարի 18-ին` մարտական հերթափոխի օրը, առաջին անգամ բարձրանում էի մարտական հենակետ: Լինելով կապավոր, իմ խնդիրն էր ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակային պայմաններում ապահովել կապը: Այն ինձ համար չափազանց պարտավորեցնող և հպարտություն ներշնչող գործ էր:

Եղել եմ տարբեր հենակետերում, ծանոթացել եմ ծառայող տղաների հետ, նրանց հետ հաց եմ կիսել, զրուցել, ծիծաղել ու տխրել:

Զորամասում շատ ընկերներ ունեմ, նրանցից մեկն էլ աբովյանցի շարքային Գառնիկ Դանիելյանն է` հիանալի ընկեր և զինվոր, որի հետ կանգնել եմ դժվարությունների առաջ և հաղթահարել ուս ուսի տված: Հունիսի 18-ին Գառնիկը զորացրվեց. մի կողմից ուրախ էի, մյուս կողմից` տխուր: Հսկիչ-անցագրային կետում միմյանց հաջողություն մաղթելուց հետո միանգամից զգացվեց նրա պակասը:

Մեկ ամիս էլ անցավ. զորամասը բարեհաջող հանձնեց քննությունները, իրենց լավագույնս դրսևորած և մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին վերադաս հրամանատարությունը արժանացրեց տարբեր խրախուսանքների: Նրանց շարքում էի նաև ես. խրախուսվեցի հերթական արձակուրդով:

Ոմանք ասում են՝ «շատ է մնացել», ոմանք էլ` «աչքերդ փակես-բացես, զորացրմանդ օրը կգա»: Բայց ես գիտեմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և նույնքան հպարտ եմ, որ ծառայում եմ Սպարապետ Վ. Սարգսյանի անունը կրող զորամասում:

Բոլոր նորակոչիկներին ցանկանում եմ անփորձանք ծառայություն:

ՄԱՐՏԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Ազգային բանակ


29/08/2013