ՌՈՒՍԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԳԻՐՔԸ
Մարտի 15-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Հիշողությունները գրի է առել արևմտահայ գրող, հասարակական գործիչ Վահան Մինախորյանը:
Գրքում ներկայացված են Ս.Թեհլերյանի հուշերը 1915թ. իրադարձություններից մինչև Թալեաթի դեմ մահափորձը, ինչպես նաեւ 1921թ. Բեռլինում կայացած դատավարությունը, որտեղ դատարանն արդարացնում է Թեհլերյանին` եվրոպական հասարակությանը մեկ անգամ ևս հիշեցնելով դարասկզբի աննախադեպ ցեղասպանության մասին: Գրքի առաջաբանի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է: Գրքում ներկայացված է Ս.Թեհլերյանի գործունեությունը մինչև դատավարությունը միայն: Հայտնի է սակայն, որ հետագայում նա ամուսնացել է Անահիտ անունով հայուհու հետ, ունեցել է երկու զավակ` Շահենը և Զավենը, տեղափոխվել է Ամերիկա, Ֆրեզնո քաղաք, մահացել 1960թ.: Գիրքը հանգամանալի տեղեկություններ է հաղորդում Ս.Թեհլերյանի կյանքի և գործունեության մասին: Այստեղ կարդում ենք, որ մինչ Թալեաթին սպանելը, Թեհլերյանն սպանել է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին, որի կազմած ցուցակով թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր 250 հայ մտավորականների, որոնք էլ հետագայում գնդակահարվել են:
Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1953թ. Կահիրեում: Հայաստանում այն հրատարակել է ՀՀ ԳԱԱ հրատարակչությունը՝ 1993թ.: Սողոմոն Թեհլերյանի «Վերհիշումները» գրի է առել արևմտահայ գրող, հասարակական գործիչ Վահան Մինախորյանը: Բնագիրը արդի գրական հայերենի են փոխադրել ՀԳԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ Զ.Ս.Ղարիբյանը և Ա.Վ.Օսկանյանը /վերջինս Ս.Թեհլերյանի հորեղբոր ծոռն է/: Այս հրատարակությունը նախորդի համեմատությամբ շատ քիչ տարբերություններ ունի: Տեքստից դուրս են մնացել մամուլի արձագանքը Թալեաթի սպանության կապակցությամբ, դաշնակցական գործիչ Նավասարդյանի «Երկու խոսք»-ը, բնագրային լուսանկարներ:
Հրատարակչությունը նշում է, որ մեզանում ընդունված Թեհլերյան ազգանվան փոխարեն Ա.Օսկանյանը առաջարկում է Թեհլիրյան, ինչպես դիմել և այսօր էլ դիմում են միմյանց հենց իրենք` բոլոր Թեհլիրյանները:
Գիրքը ռուսերեն է թարգմանել Եգոր Սերգիևը: Թարգմանիչը նշում է, որ գիրքը կօգնի ռուսալեզու ընթերցողին` հստակ պատկերացում կազմելու 20-րդ դարի առաջին տասնամյակում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Գրքի արժանիքներից մեկը նա համարում է այն, որ Ս.Թեհլերյանը հստակ նկարագրել է ժամանակաշրջանը:
Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և
միջոցառումների կազմակերպման բաժին