ԲԱՆԱԿԸ` ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Հազվադեպ է պատահում, որ զինվորական կոմիսարիատից խնդրանք-առաջարկով դիմեն թերթի խմբագրություն: Այս անգամ հենց այդպես էլ եղավ: Երբ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող հարազատ եղբայրներ՝ Վայոց Ձորի Զառիթափ գյուղում ծնված Սամսոն, Լեւոն եւ Տարոն Հովհաննիսյանները զորացրվեցին, մենք էլ ծանուցում ստացանք եւ առաջարկ` հանրությանը ներկայացնելու ծառայության ընթացքում աչքի ընկած երիտասարդներին: Տղաների հետ պայմանավորվելն այդքան էլ հեշտ չէր. թեպետ մեկ ամիս է, ինչ վերադարձել են քաղաքացիական կյանք, բայց չափից ավելի բազմազբաղ են` աշխատանք, հասարակական կյանք, ուսումը շարունակելու համար նախատեսված քննությունների նախապատրաստություն եւ այլն: Մինչ տղաներին հանդիպելը մտածում էի` եռյակ եղբայրներ են, բայց պարզվեց` երբ Սամսոնը ավարտեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան, եւ արդեն ժամանակն էր անցնելու պարտադիր զինվորական ծառայության, մյուս եղբայրը` Լեւոնը, ավարտել էր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի բակալավրիատը եւ նույնպես պետք է զորակոչվեր, իսկ Տարոնը, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, որոշեց տարկետում վերցնել եւ եղբայրների հետ միաժամանակ կամավոր զորակոչվել բանակ: Այսպիսով՝ նրանք հայտնվեցին ծառայության վայրում, եւ նրանցից յուրաքանչյուրն ընկալվում էր ոչ միայն որպես առանձին զինվոր, այլեւ որպես երեք եղբայրներից մեկը, ինչը եռապատկում էր պատասխանատվությունը: «Բլից» հարցազրույցի միջոցով եղբայրները ներկայացրին իրենց անցած ծառայությունը:
Սամսոնը կարծում է, որ Գարեգին Նժդեհի նման մարդիկ միշտ պակասում են մեզ: Նա կյանքում առաջնորդվում է` «եթե մի բան շատ ուզենաս, անպայման կստացվի» կարգախոսով: Ուզում է կատարյալ տիրապետել ֆրանսերենին, բայց ոչ այն պատճառով, որ այն «սիրո լեզուն» է, այլ որովհետեւ աշխարհընկալման նոր կամուրջ է:
-Մինչ բանակ գնալը մտածում էի, որ կծառայեմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Արդեն պատկերացնում էի նման ծառայությունը, ձգտում էի դրան, բայց ծառայեցի հրետանային զորամասում: Հրետանային զորքերում ծառայությունը հետաքրքիր է, քանի որ զինատեսակին տիրապետելը պահանջում է գիտելիքների մեծ պաշար, կազմակերպվածություն, ճկունություն:
-Երբ զինկոմիսարիատից ստացա ծանուցագիրը, ավելի զգաստացա, իրապես պատկերացրի այն ամբողջ պատասխանատվությունը, որ շուտով պետք է կրեի:
-Երբ առաջին անգամ մտա զորամաս, գիշեր էր: Այդ օրվա զորամասի հերթապահը նկարագրեց, թե ինչ է սպասվում առաջիկա օրերին, ծառայության ընթացքում: Միանգամից աչքի ընկան զորամասի մաքուր եւ կանաչապատ տարածքները:
-Զորամասային ամենասիրելի ուտելիքը աղցաններն էին, համով էին հատկապես կաղամբովը եւ բազուկովը:
-Ամենահետաքրքիր օրերը զորավարժությունների ժամանակ էին: Մարտավարական զորավարժությունները անցկացրինք լեռնային պայմաններում, ձմեռ էր, հենց այդ ժամանակ դրսեւորվեցին զինվորների ընկերասիրությունը, միասնականությունը, դժվարությունները համատեղ հաղթահարելու կարողությունը: Մեր ստորաբաժանումը տեղ հասավ երեկոյան, առատ ձյուն էր տեղում, ու թեեւ հոգնած էինք (8-9 ժամ ճանապարհ էինք անցել), մեկ մարդու պես կազմակերպեցինք վրանային ավանի տեղադրումը: Հիշվող են նաեւ վաղ առավոտյան մարզանքները:
-Բանակում պակասում է զինվորների եւ սպաների միջեւ փոխվստահությունը:
-Ծառայությունը ձեւավորում է անձնական պատասխանատվության գիտակցում:
-Բանակից վերցրել եմ կոնֆլիկտները հարթելու փորձ:
-Բանակում հանդիպած ամենամեծ դժվարությունը զորանոցային պայմաններին հարմարվելն է:
-Ծառայության ժամանակ ամենաշատը ազատության, ընկերներիդ, հարազատներիդ հետ հանդիպելու կարիք ես զգում: Քանի որ մինչ զորակոչվելը սովորել եմ, զբաղվել եմ հասարակական, գիտական գործունեությամբ, կարող եմ ավելացնել նաեւ, որ տեղեկատվության պակաս էի զգում: Այն ինչ-որ չափով լրացնում էի գրականություն, «Հայ զինվոր» կարդալով:
-Ազատ ժամանակ փորձում էի խորացնել ֆրանսերենի իմացությունս, քանի որ ուզում եմ ուսումս շարունակել եւ պատրաստվում եմ ընդունվել ասպիրանտուրա:
-Սիրում եմ հրետանային զինատեսակները, քանի որ Արցախյան պատերազմի ժամանակ դրանց շնորհիվ շատ կարեւոր հաղթանակներ ենք գրանցել:
-Բանակը անկախության ամենակարեւոր գրավականն է: Բանակը նաեւ սոցիալական դեր ունի, այն կրթադաստիարակչական կառույց է եւ գիտակից քաղաքացի ձեւավորելու մեծ ներուժ ունի:
-Հայ զինվորը պատվախնդիր է եւ գիտակից:
-Հայ սպաներից նրանք, ովքեր պատերազմ են անցել, հոգատար են զինվորների հանդեպ, իսկ երիտասարդ սպաները աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ:
***
Լեւոնը նախագծում է էլեկտրոնային դետալների համակարգեր: Ասում է` Հայաստանում այդ ուղղությունը զարգացած է, եւ չնայած մեր պետության փոքր չափերին, այս ոլորտում «երեւացողներից ենք»: Զորացրվելուց հետո աշխատում է շվեյցարական ընկերության մասնաճյուղում եւ այժմ զբաղված է օքսոմետր անհատական սարքի նախագծմամբ, որը գրանցում է մարդու արյան մեջ թթվածնային հագեցածության աստիճանը: Ասում է` չկա մեկ այլ երկիր, որտեղ կուզենար ապրել, իր ապագան պատկերացնում է Հայաստանում: Ծառայել է որպես կապավոր եւ իր մասնագիտական ունակությունները դրսեւորել է նաեւ զորամասում:
-Մինչ բանակ գնալը որոշ մտավախություններ ունեի: Կարծում էի` մասնագիտական առումով հետընթաց կապրեմ: Բայց բախտս բերեց, զարմացած էի, որ կարող եմ մասնագիտական ունակություններս կիրառել եւ օգտակար լինել մեր բանակին:
-Երբ զինկոմիսարիատից ծանուցագիր ստացա, շտապեցի հրաժեշտ տալ քաղաքացիական կյանքիս` կիսատ թողած գործերս ավարտին հասցնել, հանդիպել ընկերներիս:
-Երբ առաջին անգամ մտա զորամաս, առաջինը աչքի զարնեց մարտական դրոշի կողքին կանգնած ժամապահը, այդ տղայի դեմքն առ այսօր հիշում եմ, անգամ աչքը չէր թարթում, ես մտածում էի` ո՞նց կարելի է 2 ժամ այդպես կանգնել:
-Զորամասային ամենասիրելի ուտելիքը ձուկն էր:
-Ամենահետաքրքիր օրը՝ երդման արարողությունը: Շարքում կանգնած սպասում էի իմ հերթին, այդ ընթացքում փորձում էի «գտնել» մերոնց, բայց զինվորների հարազատները մի քանի անգամ ավելի շատ էին, քան կարելի էր պատկերացնել: Վերջապես ինձ հաջողվեց ծանոթ դեմքեր որսալ: Երդվելուց հետո նորակոչիկների անունից ելույթ ունեցա, երբ ավարտեցի խոսքս, զորամասի հրամանատարը` գնդապետ Ս. Հովհաննիսյանը, ձեռքը դրեց ուսիս եւ գովեց, նորակոչիկիս համար հրամանատարի նման վերաբերմունքը շատ ոգեւորիչ էր: Այնուհետեւ հետ նայեցի եւ տեսա մեր կրտսեր եղբորը: Նա ուզում էր մոտենալ տրիբունային, փորձեցի հայացքով հասկացնել, որ չի թույլատրվում, հրամանատարը նկատեց եւ կամացուկ ասաց` այսօր կարելի է, թող մոտենա:
-Ծառայության ամենամեծ դասը՝ պետք է հարգել յուրաքանչյուրին այնպիսին, ինչպիսին նա կա:
-Կապավորի մասնագիտությունը հիմա էլ շատ եմ սիրում, նաեւ լավ ընկերներ մնացին` թե սպաներ, թե շարքայիններ, որոնց հետ շփումը այսօր էլ շարունակվում է:
-Բանակում հանդիպած ամենամեծ դժվարությունը սկզբնական շրջանում ռեժիմին հարմարվելն է:
-Ծառայության ժամանակ ամենաշատը ինտերնետի կարիք էի զգում:
-Ազատ ժամանակ գրեթե չեմ ունեցել, քանի որ ջոկի հրամանատար էի եւ անընդհատ զբաղված էի իմ զինվորներով: Մեկ-մեկ հասցնում էի սպորտավանում վոլեյբոլ խաղալ:
-Զինատեսակներից սիրում եմ հրթիռները` ավիացիոն, վերգետնյա, հակաօդային պաշտպանության: Մինչեւ ծառայելը շատ եմ հետաքրքրվել հրթիռային զինատեսակներով, դա մասնագիտությանս հետ որոշակի առնչություն ուներ, անգամ կուրսային աշխատանք եմ գրել հրթիռի թռիչքի կառավարման թեմայով: Հրթիռը հզորության խորհրդանիշ է:
-Հայ զինվորը նամուս-թասիբով է:
– Հայ սպաները հմուտ են:
-Բանակում թողել եմ քաղաքացիական կյանքին բնորոշ որոշ բացասական դրսեւորումներ` օրինակ անճշտապահությունը:
***
Տարոնը որոշել է թուրքագետ դառնալ, քանի որ վստահ է` հակառակորդիդ պետք է մոտիկից ճանաչես, լեզվին` գերազանցապես տիրապետես: Առաջին անգամ 15 տարեկան էր, երբ ապրիլի 24-ին համադասարանցիների հետ եկավ Ծիծեռնակաբերդ: Տեսնելով մարդկանց հոսքը, համախմբվածությունը, անմար կրակը, հուզվեց եւ խորը ցավ զգաց: Խորհուրդ է տալիս երբեք չթերագնահատել հակառակորդին:
-Մինչ բանակ գնալը մտածում էի, որ կբարձրանամ դիրքեր: Կարծում էի` ավելի պետքական կլինեմ մարտական հենակետում, սահմանին կանգնած, քանի որ պետության անվտանգությունն սկսվում է սահմանի պաշտպանությունից:
-Երբ զինկոմիսարիատից ստացա ծանուցագիրը, ինձ դեռ տանջում էր այն հարցը` արդյոք ճի՞շտ որոշում եմ կայացրել, թե՞ պիտի ուսումս ավարտեի, նոր զորակոչվեի:
-Երբ առաջին անգամ մտա զորամաս, մեջս տպավորվեց շտաբի շենքին ամրացված ՀՀ պետական դրոշը, չորս կողմը մութ էր, եւ ամբողջ լույսը ուղղորդված էր դրոշի վրա: Ես հասկացա, որ ծառայելու եմ հանուն այն գաղափարների, որոնց խորհրդանիշն է մեր դրոշը:
-Զորամասային սնունդից ամենահամովը կարտոֆիլի պյուրեն էր:
-Ամենահետաքրքիրը մարտական կրակի օրն էր: 2012 թ. գնացինք զորավարժության, հինգ օր նախապատրաստվեցինք մարտական կրակին, հիշում եմ` ինչպես հրաման տրվեց, եւ հրթիռները արձակվեցին: Մեր սպասումներն արդարացան: Հետո «Զինուժով» նայում էի եւ հիանում մեր բանակի հզորությամբ:
-Բանակում կարգապահությունը պետք է գիտակցական մակարդակի վրա լինի:
-Ծառայության ամենամեծ դասը եղավ այն, որ սովորեցի շփվել, լեզու գտնել տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ եւ հարգել դիմացինի ազատությունը:
-Բանակում սովորեցի շուտ արթնանալ:
-Ծառայության ժամանակ ամենաշատը ընտանեական ջերմության պակասն էի զգում:
-Ազատ ժամանակ շախմատ էի խաղում: Հիմնականում հաղթում էի: Տղաներից շատերն էին կարողանում շախմատ խաղալ, ինչն ինձ համար զարմանալի էր: Իրոք, հայերը ազգովի շախմատ են խաղում: Հատկապես հիշվող են մեր ԱՀՏԱ գծով տեղակալի` մայոր Հովակիմյանի հետ խաղացված պարտիաները:
-Սիրածս զինատեսակը` բնորոշող խոսքը «Հրետանին պատերազմի Աստվածն է»:
-Հայ զինվորը կբացահայտվի պատերազմի դաշտում. սա նաեւ հայ մարդուն է բնորոշ` օրհասական պահերին բացահայտվել դրական բոլոր հատկանիշներով:
-Հայ սպան արագ է կողմնորոշվում:
-Բանակից ինձ մնաց ծխելու սովորությունը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում