Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ԿՐԵԼՈՒ»



Խոստանում են արտերկրից հայոց բանակում ծառայելու եկած հայորդիները

Հանրապետությունում անվտանգության և ռազմավարական նշանակության տեսանկյունից թիվ մեկ առաջադրանքը` զորակոչը, ավարտվեց, նորակոչիկների երդմնակալության արարողությունները` նույնպես։ Այսօր կարելի է արձանագրել մի կարևոր հանգամանք, որն ըստ իս դրական ազդեցություն է ունենում զորակոչի բարեհաջող ընթացքի վրա։

Զորակոչի օրերին կտրուկ ավելանում է հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարել ցանկացող հայ պատանիների թիվը։ Տարեցտարի հայաստանաբնակ պատանիների հետ զինված ուժեր են զորակոչվում ոչ միայն Հայաստանում ծնված և վաղ տարիքում ընտանիքների հետ երկրից հեռացած, այլև արտերկրում ծնված տասնյակ հարյուրավոր պատանիներ։ Եվ ուրախալին այն է, որ նրանց գերակշիռ մասը գալիս է կամավոր, սրտի թելադրանքով, մի մասն էլ ծնողների ու հարազատների խորհրդով ու հորդորով։

Օրերս գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում հանդիպեցի գլխավորապես Ռուսաստանի Դաշնությունից եկած տասնյակ հայորդիների, որոնք հոժարակամ, այո՛, Հայրենիքի հանդեպ սիրուց ու կարոտից ոգեշնչված, եկել են իրենց սրբազան պարտքը կատարելու։

Նման հայրենասեր հայորդիներից են Սամվել և Արմեն Շավարշի Հայրապետյանները, որոնք ծնվել ու մեծացել են Կրասնոդարի երկրամասի Մոլդանովկա քաղաքում։ Ի դեպ, նրանց` հայրենիքին ծառայելու որոշումը անտարբեր չի թողել նաև իրենց մորաքրոջ որդուն` Հակոբ Սերոբյանին, որի եղբայրը եւս ծառայում է և շուտով կզորացրվի։ Լրացել է ծառայության մեկ տարին, և նրանք շատ գոհ են ծառայությունից։

-Եղբայրները շարունակ աչքի են ընկնում դրական կողմերով,- մեզ հետ զրույցում ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը։

-Ինչպե՞ս է անցնում ծառայությունը,- հետաքրքրվում եմ։

-Այնքան ծանրաբեռնված ենք, որ անգամ մեր կրտսեր եղբոր` Սեդրակի ծննդյան օրը չկարողացանք շնորհավորել,- ասաց Սամվելը։

-Ո՞նց շնորհավորեինք, դիրքերում էինք` մարտական հերթապահության։ Ինչ արած, այսպիսին է ծառայությունը սահմանամերձ զորամասում,- եղբոր խոսքը շարունակեց Արմենը։

-Մեր քաղաքում մի շատ հարգված արհեստավոր կա, բոլորը նրան ուստա Սամո են ասում։ Թող զարմանալի չթվա, հենց նրա խորհուրդով էլ եկանք բանակ,- ասացին արդեն մայրենի լեզվին վարժ տիրապետող եղբայրները։

Երեք տարեկան Էդվարդ Դավթյանի ընտանիքը` հայրը, մայրը և եղբայրը, տարիներ առաջ մշտական բնակության էր մեկնել ՌԴ Սարատով քաղաք, որտեղ նա հաճախել է դպրոց, բարձրագույն կրթություն ստացել։ Տաղանդաշատ հայ պատանին գերազանցության դիպլոմով ավարտել է Չերնիշևսկու անվան համալսարանի մեխանիկա- մաթեմատիկական ֆակուլտետը։ Մասնագիտական ոլորտում նույնպես բեղուն է եղել հայ պատանու ուղին` 2011թ. ռուսալեզու երկրների մինչև 23 տարեկան ծրագրավորողների` Սանկտ-Պետերբուրգում կայացած անհատական առաջնությունում, որն ուներ 1000 մասնակից, մեր հայրենակից Էդվարդ Դավթյանը հայտնվել է եզրափակիչ անցած լավագույն հիսնյակի մեջ։ Այս գարնանն էլ ՌԴ Տոլյատի քաղաքում անցկացված նմանատիպ մի հեղինակավոր մրցաշարում մեծ հաջողության էր (զբաղեցրել էր 1-ին տեղը) հասել այսօր արդեն Հայոց բանակի շարքային Էդվարդ Դավթյանը։

Գևորգ Գևորգյանն էլ հայրենական պարտքի ազնիվ մղումով է եկել ՀԱՅՐԵՆԻՔ։ Գրկի երեխա է եղել, երբ ընտանիքը հեռացել է Հայաստանից։ Նա բացարձակապես չէր տիրապետում մայրենիին, և մենք հաղորդակցվում էինք ռուսերենով։

-Դեռ չեմ հասցրել հարմարվել ծառայությանը։ Առաջին օրը շատ դժվար էր` պարապմունքներից, վազելուց, քայլելուց, նոր զինվորական կոշիկներից ոտքերս ցավում էին, արևն էլ մի կողմից է խաշում,- սրտնեղեց Գևորգը, ապա հավելեց.- ջերմ, բարյացակամ վերաբերմունքը, սակայն, որին ես և իմ ընկերները արժանացանք Հայրենիքում՝ զորամասում, ամեն դժվարություն մոռացնել տվեց։ Շատ գոհ ենք կրտսեր սերժանտ Ներսես Բարսեղյանից, որը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մենք հետագա ծառայությանը պատրաստվենք շատ լավ: Ծնողներս խոստացել են գալ եւ ներկա գտնվել զինվորական երդմանս։ Նրանց ներկայությունն ինձ համար մեկ այլ խորհուրդ ունի։ Առջևում պարապմունքների դժվարին, հոգնեցնող, բայց և անհրաժեշտ շրջանն է, որը պետք է պատվով հաղթահարել։

Հարություն Ոսկանյանը ծնունդով Բեսլանից է` իր քաշային կարգում քաղաքի բռնցքամարտի հաղթող։ Ի տարբերություն մոսկվայաբնակ իր զինակցի` Գևորգի, նա բավականին վարժ էր խոսում հայերեն, դեռ մի բան էլ խոստացել է նրան հայերեն սովորեցնել։

-Արդեն «Բարև, ոնց ես, լավ եմ, այո, ոչ» բառերը սովորել է, մինչև երդման արարողության օրը խոսելու, շփվելու համար անհրաժեշտ դեռ էլի բառեր կսովորի, եւ ամենակարեւորը՝ երդման տեքստը հայերեն է կարդալու, խելացի տղա է,- վստահեցրեց Հարությունը։

Էդգար Միրզոյանը՝ Դոնի Ռոստովից, Անդրանիկ Բարսեղյանը՝ Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքից, Արթուր Պետրոսյանը՝ մերձմոսկովյան Պոդոլսկից, Շավարշ Բեգլարյանը՝ Սևաստոպոլից, Գևորգ Բաբայանը՝ Ադլերից և էլի տասնյակ հայորդիներ այսօր, հագնելով Հայոց հաղթանակած բանակի համազգեստը, երդվել են այն պատվով ու փառքով կրելու։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/08/2013