ԳՈՒՐԳԵՆԻՆ ՀԻՇԵԼԻՍ…
Օգոստոսի 24-ին հերոս հայորդին կդառնար 41 տարեկան
Տարեց կնոջ դեմքից ասես տխրություն էր կաթում, իսկ ավելի ճիշտ՝ վիշտը կարծես խոր բնավորվել էր դեմքի խորշոմներում։ Կնոջ վեհ հայացքի խորքում, զգացվում էր, վիրավոր ու տառապած սիրտ է բաբախում։ Նորից ու նորից որդուն՝ Գուրգենին էր հիշել… Միակ արու զավակն էր, որի ներկայությամբ կյանքով էր լցվում ողջ տունը։
-Գուրգենս երազում էր ուսումը շարունակելու մասին, … -մի պահ լռեց տիկին Անահիտը՝ հայացքը սահեցնելով անորոշության տիրույթում, ապա շարունակեց: -Երեք երեխաներս էլ իրենց գեղանկարիչ հորից ժառանգել են նրբազգացություն, սեր գեղեցիկի հանդեպ։ Գուրգենս արվեստի սիրահար էր։
Խորհրդային բանակում ծառայելուց հետո փորձեց իրականացնել տարիների երազանքը, բայց նախախնամությունը, ավաղ, նրա համար մի այլ փորձություն էր սահմանել։
1994թ. հունվարն էր…
Դրսում ոռնում էր ձմռան ցրտաշունչ քամին՝ շուրջը խլացնելով ամեն ձայն։ Տարաժամին անսովոր իրարանցում էր Մկրտչյանների համերաշխ տանը… Ընտանիքի միակ զավակին կանչել էին եռամսյա վարժական հավաքների։ Ճակատում թարմ ուժերի կարիք էր զգացվում: Հայրը լուռ ու շիվար սենյակի իրերն էր տնտղում, մայրը որդու ճամպրուկն էր դասավորում։ Գուրգենը անհանգիստ այս ու այն կողմ էր քայլում՝ փորձելով թաքցնել հուզմունքը… Կրակոտ աչքերը մի տեսակ տագնապալի ցոլքով էին փայլում. սպասումի, բաժանման վերջին վայրկյաններն էին։ Եվ նա, հաղթահարելով իր հոգում տիրող շփոթը, մոտեցավ, ողջագուրվեց հարազատների հետ։
…Թեեւ ծառայության եռամսյա ժամկետն ավարտվել էր, բայց Գուրգենենց ջոկատը անհրաժեշտությունից դրդված հարկ եղավ ևս երկու շաբաթ պահել։ Մարտական ծանր գործողություններ էին ընթանում Չայլու գյուղում, որի ազատագրումից հետո ջոկատը շտապեց Մարտակերտ։ Ամբողջ գիշեր քայլեցին, ճանապարհը երկար էր, տանջալի: Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, կենաց-մահու կռվի բռնվեցին դարանակալ թշնամու հետ։ Կարմիրավան գյուղը ռազմավարական նշանակություն ուներ, ինչը քաջ գիտակցում էին երկուստեք։ Հապաղելը կործանարար կարող էր լինել կողմերից յուրաքանչյուրի համար։
Ականատեսների վկայությամբ՝ Գուրգենենց փոքրիկ ջոկատը կռվել է մինչև ատամները զինված մի ողջ գումարտակի դեմ։ Մեր տղաների գլխին օդից ու ցամաքից հրե կարկուտ էր թափվում, և վիճակն այնքան ծանր է եղել, որ անգամ չեն կարողացել վիրավորներին օգնել։ Գուրգենը նկատել է ընկերոջ խփվելը, և երբ փորձել է նրան դեպի խրամատ քաշել, նույն պահին ինքն էլ է զարկվել։
Կրակահերթերը չէին լռում, եւ գիշերվա մթում չարագույժ ոռնում էին շնագայլերը:
Գուրգենի զոհվելու լուրը շանթահարեց տարեց ծնողներին։ Հայրը երկար չդիմացավ ծանր վշտին… վախճանվեց՝ վերջին շնչում վրձնելով որդու սխրանքի պահը։
***
1997թ. Սեպտեմբերի 21-ին Գուրգեն Ռաֆիկի Մկրտչյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական գործողությունների մասնակից» մեդալով, իսկ ավելի ուշ՝ 2002թ.-ին, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիություն» մեդալով։
Ն. ԲԱԴՈՅԱՆ
Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ճակատագրեր