Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԷԻՆՔ



Պապս` վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանը, կռվել էր Մեծ հայրենականի ճակատներում ու ատելով ատում էր պատերազմը… Նրա հարյուրավոր կտավներում դուք չեք տեսնի պատերազմական թեմայով և ոչ մի կտավ… Նա բնության, կյանքի «երգիչ» էր, իսկ բնությունն ու կյանքը համատեղելի չեն պատերազմի և մահվան հետ: Որ նա ամբողջ հոգով էր պատերազմը ատում, վկայում են ոչ միայն նրա կտավները, այլև հուշագրությունները, որ նա հոգեկան տագնապի պահերին գրել ու թողել է իր արվեստանոցի գզրոցներում: Ես` կրտսեր Արտաշես Աբրահամյանս, որ նույնպես գեղանկարիչ եմ, երբեմն-երբեմն թերթում եմ նրա գրած իսկապես որ խունացած էջերն, ու ամեն տողի միջից ինձ է նայում պապս՝ իր բարի, անսահման բարի աչքերով… Եվ զարմանում եմ` որքա՛ն լույս, սեր, որքա՛ն գույներ կան նրա բառերում.. Երբ լսում եմ պապիս զրույցները, պատգամները, մտածում եմ, որ դրանք միայն ինձ ուղղված չեն, այլ իմ հասակակիցներին, մեր հայրենիքի սահմանները պահող զինվորներին… Հրապարակելով պապիս հուշագրությունները, թերևս ես կատարում եմ իմ որդիական պարտքը, որ ունեմ պապիս, ընտանիքիս ու հայրենիքիս առջև…

Իմ ընկերներն ընկան, երբ դեռ նրանց հոգու մեջ Սևանի ջինջ կապույտն էր, երբ դեռ նրանք քսան տարեկան էին: Վերադարձա, նորից տեսա, նորից նկարեցի չքնաղ Սևանը, բայց այն ջինջ կապույտը, որի խորությունից մեր գլուխը պտտվում էր` այլևս չտեսա: Այդպիսի կապույտ մեր ներկերի մեջ չկա, այդպիսի կապույտ Սևան էլ չկա: Դա քսան տարեկան պատանու անաղարտ հոգու մեջ բեկված կապույտն էր: Պատերազմը մեզ գտավ Սևանի ափին, մեզ` գեղարվեստի ուսումնարանի ուսանողներիս, երբ դեռ քսան տարեկան էինք: Հաղթանակը` Բեռլինից արևմուտք` Էլբայի հովտում, բայց մենք` ողջ մնացածներս, արդեն քսանհինգ տարեկան էինք, մենք մեծ էինք, շատ մեծ: Հաղթանակ, խաղաղություն, մարդկության անհուն բաղձանք, որքան թունդ եք դուք: Դուք ընդամենը մի-մի բառ եք, որոնց համար մենք վճարել ենք միլիոնավոր քսան տարեկան կյանքեր, իսկ որքանի հոգիներն են խեղվել:

Տարիներ են անցել, շատ է գրվել, շատ է նկարվել, շատ ֆիլմեր եմ տեսել պատերազմի մասին, բայց երբ հիշում եմ իրականը` իրականը իրականում կապ չունի «արվեստ պատերազմի» հետ, եւ ես սրա համար չեմ վշտանում, չեմ տխրում: Նախ՝ իրականը պատկերել հնարավոր չէ, եւ ամենակարեւորը՝ պետք էլ չէ: Թող մեր սերունդների հասկացողության մեջ պատերազմը թմբուկների դղրդոցի տակ շեփորների վրա մերկացած սրերով սլացող հեծելազորի հեղեղ լինի, բարձունքի գագաթին փողփողացող դրոշը լինի, թող ինչ-որ տեղ էլ երևակայություն լինի, մենակ թե իրականը չտեսնի: Իսկ իրականը ամեն մի ողջ մնացած զինվորի անձնական գաղտնիքն է, սուրբ ու տխուր հուշը, որի մասին չեն խոսում, չեն գրում, դա զինվորի հոգու վերքի սպին է, որը պիտի մորմոքա մինչև գերեզման: Քսան տարի է անցել, մենք քսան տարեկան էինք, մենք նկարում էինք Սևանի ափին մեր հոգու կապույտ հորիզոնները… և հանկարծ բազմահարկ տախտակներից գաղջ հոտով զորանոցներ, կայարաններում իրար վրա թափված գաղթականներ, մոխրացած գյուղեր, քաղաքներ, ամենուրեք ավերված երկաթգծեր, կամուրջներ: Ծխացող գործարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ:

Սով, կեղտ, հիվանդություն, մեռնող վիրավորների անեծք, հայհոյանք: Դիակներ` կենտ-կենտ, դիակներ` խմբերով, հազարներով: Վառվող գոմերում կենդանի-կենդանի խորովվող կովերի օրհասական բառաչ: Ցեխախառն, ձեռքից ձեռք անցնող խրամատներ` անվերջ, անվերջանալի: Անքուն գիշերներ, օրեր, ամիսներ, տարիներ: Երթեր` մեռնելու աստիճան հոգնեցնող, բուք, սառնամանիք, սառած, սևացած ձեռքեր, ոտքեր: Գերեզմաններ անհաշիվ, խաչերով, անխաչ: Փլատակների տակ ողջ-ողջ թաղված երեխեք, կանայք, ծերունիներ: Փշալարեր, փշալարեր եւ կմախքացած սովամահ գերիներ. դժոխք, դժոխք կատարյալ: Հենց սրա համար էլ իրականությունը ամեն մի ողջ մնացած զինվորի գաղտնիքն է, սուրբ ու տխուր հուշը, որի մասին չեն խոսում, չեն գրում, դա զինվորի հոգու վերքի սպին է, որ պիտի մորմոքա մինչև գերեզման: Ավաղ, այս աշխարհում դժբախտաբար դեռ անպատիժ ապրում են Սուլթան Համիդի, Էնվերի, Հիտլերի երկվորյակները: Այդ մարդասպան հրեշների սերունդը դեռ կա, որ նախամարդու վայրի մոլուցքով բռնկված` ուզում է աշխարհը մոխրակույտերի վերածել: Խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է, մեր ժողովրդի համար խաղաղությունը կրկնակի անհրաժեշտություն է, ինչպես օդը, ջուրը, մի կտոր հացը: Քանի դեռ կան այս հրեշներն իրենց հրեշավոր գաղափարներով, չպիտի մոռանանք Մեծ եղեռնը, նրա սուրբ նահատակներին:

Հաղթանակի օրվանից անցել է քսան տարի, ես արդեն քառասունհինգ տարեկան եմ, երբ նայում եմ քսան տարեկաններին, հոգիս փառավորվում է: Իմ խորին համոզմունքն է` ձեր սերունդը հրաշքներ կգործի: Ճանաչեք, թե ինչ է պատերազմը, որպեսզի անհուն սիրով սիրեք մեր չքնաղ հայրենիքը, որպեսզի ոչ ոք չխանգարի ձեր հայրենի հողի անդորրը: Ոչ մի քսան տարեկան թող չմոռանա ֆաշիզմի զոհերից քսան տարեկան գրող Վոլֆգանգ Վորխարդի խոսքերը. «Նրանք զոհվեցին ոչ նրա համար, որ հրապարակներում հուշարձաններ կանգնեցվեն, որ ողջ մնացածները իրենց բնակարանները զարդարեն նրանց դիմանկարներով: Ոչ՛, նրանք զոհվեցին, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչ նրանց կործանման հասցրեց, որպեսզի ապագայում չլինի այն, ինչ եղավ անցյալում, որպեսզի չկրկնվի դժոխքը»: Ես հավատում եմ` ձեր սերունդը հրաշքներ է գործելու…

Շարունակելի

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Բանակ և հասարակություն


05/09/2013