Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆԱՄԱՐՏ



Անիմաստ լռություն էր։ Կրակոցների եւ պայթյունների որոտին սովոր զինվորները ձանձրանում էին, սպասում մարտերի սկսվելուն։ Այդ անիմաստ լռության մեջ կրակոցի ձայն լսվեց, եւ զինվորներից մեկը թուլացած սահեց խրամատի մեջ։ Հենց այնպես, լռության նման անիմաստ զոհ էր։ Թշնամու նշանառուն դարանակալ հսկում էր, խախտում երկկողմանի պայմանավորվածությունը։ Բայց վերեւից հրաման կար` չխանգարել բանակցությունները։ Հրամանատարի սիրտը կատաղությունից ճաքում էր.

-Ես ձեր բանակցությունները□ Իզուր տեղը զինվոր կորցրի։- Ապա չդիմացավ, կապվեց վերեւի հետ, հայհոյեց, ասաց, որ էլ չի կարող անգործ նստել։- Գիշերը մտնելու եմ,- ասաց,- էդ սնայպերի մերը…

Վերեւից կարգադրեցին չխանգարել գործին եւ խոստացան գնդի նշանառուին ուղարկել։

Թշնամու դիպուկահարն ուղղակի համը հանում էր։ Բաց դաշտում դիրքավորված զինվորները վախենում էին խրամատներից դուրս գալ։

-Սա թուրքի ձեռի գործ չի,- ասում էին,- վարձկաններից կլինի։

Գնդի նշանառուն լուսաբացից առաջ եկավ, մութուլուսի մեջ տեղանքը մանրամասն ուսումնասիրեց, մի հարմար տեղ ընտրեց։ Գիտեր, որ դժվար է լինելու։ Բաց դաշտում թաքնվելու տեղ չկար։ Իսկ հակառակորդը հարմար տեղավորված էր նախկինում սովխոզին պատկանող ինչ-որ շինության մեջ։ Անվտանգության բոլոր միջոցները ձեռք էր առել։ Թաքստոցի տեղը մատնող ոչ մի բան չկար, բացի հրացանի օպտիկայից։ Ստիպված պիտի լիներ անշարժ պառկած մնալ մինչեւ արեւի թեքվելը, որպեսզի լույսի ճառագայթների անդրադարձը հակառակորդին ցույց չտար իր տեղը։ Ուրիշ անգամ կարող էր գալ կեսօրից հետո, բաց տեղանքի անհարմարության պատճառով ստիպված էր դեռ լույսը չբացված դիրքավորվել, որպեսզի չնկատվի։ Եվ հիմա պիտի մինչեւ կեսօր, այրող արեւի տակ, մեռելի նման անշարժ մնար պառկած։ Հարմար տեղավորվելով, հրացանը, ջրամանն ու փամփուշտների տուփը դրեց կողքին. ծածկեց եւ շրջվելով մեջքի վրա, փակեց աչքերը։ Գիտեր, որ զինվորները հեռվից հսկում են իրեն։

Մինչեւ կեսօր ամենակարեւորն աննկատ մնալն էր։ Հակառակորդի, տեղանքի հետ կապված առավելության հանդեպ, ինքն ավելի մեծ առավելություն ուներ` նա չգիտեր իր մասին։ Չնայած մասնագիտական զգուշավորությունը մշտապես արթուն էր պահում զգոնությունը, այնուամենայնիվ, հակառակորդի բացակայության գիտակցությունը կարող էր թուլացնել թշնամուն։

Սպասման մեջ ժամանակը դանդաղ էր անցնում։ Ամառային արեւն այրում էր։ Զգում էր, թե ինչպես է արյունը ջրիկանում եւ կատաղի հորձանքով հոսում դեպի գլուխը։ Զգուշորեն մեկ մեջքի վրա էր պառկում, մեկ շուռ գալիս փորի վրա։ Մորեխները ճկոցով թռչում էին դեմքին, նյարդայնացնում։ Բայց նշանառուի մասնագիտական համբերատարությունն օգնում էր դիմանալ։

Կեսօրին մոտ նորից կրակոց լսվեց□ Լարվեց, ակամա ձեռքը մեկնեց կողքին ծածկված հրացանին, բայց զսպեց իրեն։ Հակառակորդին հաղթելու համար հարկավոր էր դիմանալ□ Ժամանակից շուտ գործողություն չսկսել եւ իզուր տեղը շանսատակ չլինել□ Անիմաստ□ Անարդյունք□ Դիմանալ□ Դիմանալ ժամանակի դանդաղելուն, անընդհատ շիկացող արեւին, գիտակցությունը մթագնող ջերմությանը□

Վերջապես արեւը զենիթից թեքվեց դեպի արեւմուտք։ Մենամարտի պայմանները փոխվեցին։ Զգուշորեն վերցրեց հրացանը, ուղղեց հակառակորդի կողմը եւ հեռադիտակը հարմարեցնելով աչքին, սկսեց փնտրել նրան։ Հիմա ինքը երկու առավելություն ուներ` արեւը խփում էր թշնամու աչքերին, եւ նա չգիտեր իր մասին։ Երկար ժամանակ չէր կարողանում հայտնաբերել։ Հակառակորդը նույնպես փորձված էր` պահպանում էր անվտանգության բոլոր կանոնները։ Սակայն համոզված էր` վաղ թե ուշ նա մատնելու էր իր տեղը։ Վերջիվերջո մի անզգույշ շարժում էր անելու։

Ճռճռան օր էր։ Արեւի լույսը ոսկու նման թափվում էր ներքեւ։ Խրամատների լռության մեջ, մանրիկ քայլերով թռչկոտում էր մորեխների ճկոցը։ Եվ այդ դրախտային խաղաղության ու լռության մեջ յուրաքանչյուր պահի հետ հասունանում էր գնդակի մահաբեր սլացքը։

Ծայրահեղ լարվածության պատճառով մոռացել էր հոգնածությունը։ Չէր զգում երկնքից թափվող, արյունը հրդեհող կրակը։ Ժամանակն արագացել էր։ Վախենում էր, որ մինչեւ մութն ընկնելը այդպես էլ չկարողանա հայտնաբերել հակառակորդի թաքստոցը եւ ստիպված լինի հաջորդ օրը նույնպես անշարժ պառկել արյունը ջրիկացնող այդ կրակի տակ։

Արեւն արդեն կախվել էր հորիզոնի վրա, երբ վերջապես գտավ նրան։ Թշնամու նշանառուն, անտեղյակ լինելով իր գոյությանը, սխալ թույլ տվեց։ Արեւից փայլող օպտիկան մատնեց նրա թաքստոցի տեղը։

Ուրախության եւ անհանգստության միախառնված ալիք անցավ ողջ մարմնով։ Հեռադիտակը հարմարեցրեց, մաքրեց հոգնածությունից ջրակալող աչքերը եւ պարզորոշ տեսավ հակառակորդին։ Նա նույնպես լարված էր։ Նշանառության տակ էր վերցրել հերթական զոհերից մեկին։ Զինվորի ճակատագրի համար ներսում առաջացած անհանգստությունից ձեռքերն սկսեցին դողալ։ Իր հապաղումը կարող էր մի զինվորի կյանք արժենալ։ Մարմնով անցնող ծանոթ հոսանքը մի պահ ճնշեց քունքերը։ Գիտեր, ծանոթ էր այդ դողը։ Հարկավոր էր զսպել։ Հակառակ դեպքում՝ կվրիպեր, եւ այդ ժամանակ մենամարտը կդառնար ավելի դաժան, որովհետեւ ինքը կկորցներ ունեցած կարեւոր առավելություններից մեկը։

Հակառակորդը չէր կրակում` երեւի զինվորը փոխեց դիրքը։ Խոր շունչ քաշեց, հրացանը սեղմեց ուսին։ Հակառակորդի նշանառուն ուզում էր ետ քաշվել իր թաքստոցի խորքը, բայց զինվորը նորից դուրս հանեց գլուխը։ Այդ չէր տեսնում, բայց որոշակիորեն զգում էր։ Կռահում էր թշնամու դիպուկահարի շարժումներից, դեմքի մկանների փոփոխություններից։ Տեսնում էր նաեւ մենամարտի շարունակությունը։ Զինվորի ժպիտը պիտի ծամածռվեր շուրթերին, պիտի զարմացած շրջվեր, նայեր ընկերներին եւ ծանր պարկի նման սահեր խրամատի մեջ։ Մեռնող զինվորի համար հոգում առաջացած ցավը պայթեց աչքերի մեջ եւ ողջ մարմնով լարվելով, վերջին անգամ ճշտելով հաշվարկները, քաշեց ձգանը։

Հակառակորդի դիպուկահարն ուշացավ ընդամենը մեկ ակնթարթ։ Եվ այդ մեկ ակնթարթը նրա համար ճակատագրական եղավ։ Անիմաստ լռության մեջ, պայթյունի նման, խրամատներում կծկված զինվորների ականջներում շրխկաց լքված շինության երկրորդ հարկի պատուհանից ցած ընկնող հրացանի զրնգոցը։

Մենամարտն ավարտված էր։ Նշանառուն խոր շունչ քաշեց եւ թուլացած փռվեց արեւից խանձված կանաչներին։

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Հոգևոր-մշակութային


05/09/2013