ԶՈՐԱՎԱՐՆ ՈՒ ԻՐ ԶԻՆՎՈՐ ԹՈՌԸ
Մոտենում էր 1993թ.-ի Ամանորը: Մեր ջոկատը գտնվում էր Աղդամում: Արդեն մեկ ամիս էր՝ ընտանիքից ոչ մի լուր, տեղեկություն չունեի: Հայաստանից եկած իմ ընկերներից մեկը ինձ տեսնելով՝ զարմացավ.
-Զորավա՞ր, էս դու՞ ես, բա տանը գիտեն, թե դու զոհվել ես, ու լացուկոծ են դրել: Անխիղճ, մի լուրն ի՞նչ է, որ չես ուղարկում:
-Իմ անուն-ազգանունը Էդուարդ Հակոբյան է, սակայն իմ ազատամարտիկ ընկերները հենց պատերազմի սկզբից ինձ Զորավար անունով մկրտեցին, որը մինչ օրս էլ մնացել է: Ասես մոռացել են իմ իսկական անուն-ազգանունը,- ներկայանում է Էդուարդ պապիկը: Իսկ եթե ընթերցողին կհետաքրքրի, թե ինչու հենց Զորավար՝ պետք է տեսնել պատերազմական առաջին օրերի նրա լուսանկարը՝ փառահեղ կեցվածքով, փառահեղ բեղերով, որոնք շատ են հիշեցնում Անդրանիկ Զորավարին:
Ու հիմա Ամանորին հաշված ժամեր էին մնացել: Արցախի կապավոր տղաները` Էդիկ Իոնիսյանը, ապահովեցին կապը և ստիպեցին, որ զանգեմ տուն:
Զանգեցի, լսափողը վերցրեց կինս` Սվետան: Ձայնս լսելուց հետո մի պահ լռեց ու հետո էլ դանդաղ, բառ-բառ հարցրեց.
-Էդի՛կ, դու ո՞ղջ ես, ապրո՞ւմ ես, որտե՞ղ ես,- ու նորից լսում եմ արդեն վերափոխված կնոջս ձայնը,-աղջիկնե՛ր, հայրիկը ողջ է, արագ-արագ սեղան գցեք:
Հետո լսում եմ աղջիկներիս /երկու աղջիկ ունեմ` Նարինե և Մարինե/ ուրախության ճիչ-աղաղակները: Պարզվեց, որ մինչ իմ զանգելը, սգավորի նման նստած են եղել` ինչ ուրախություն, ինչ Ամանոր: Ու իմ զանգը հրաշքի նման փոխել էր ամեն ինչ,- պատմում էր Զորավարը` Էդուարդ Հակոբյանը, ու ավելացնում: -Հիմա անցյալում են մնացել այդ ամենը: Թոռս` Ռուդիկը, հայոց բանակի զինվոր է, մեր սահմանն է պահում, ծառայում է սահմանային այն հատվածում, որտեղ ժամանակին մարտնչել եմ ես իմ ընկերների հետ:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր