ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հարցազրույց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ ԼԵՎՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Դուք նշեցիք, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ռազմավարական դաշնակցային բնույթ: Ինչպես է դա արտահայտվում:
-Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն սկզբնավորվել են դեռևս 1992թ.` ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, իսկ 1995թ. մարտի 16-ին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» և 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրերն այդ հարաբերություններին հաղորդեցին ռազմավարական դաշնակցային բնույթ: Անցած 20 տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել պաշտպանության ոլորտի բոլոր բնագավառներում երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար, կնքվել են մի քանի տասնյակ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, ստեղծվել է հայ-ռուսական զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորումը, բարձրաստիճան խորհրդակցություններն ու հանդիպումները կրում են պարբերական բնույթ, մի շարք ոլորտներում իրականացվում է համատեղ պլանավորում, ինչը վկայում է հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ռազմավարական բնույթի և երկարաժամկետ հիմունքներով համագործակցությունը շարունակելու կողմերի վճռական մտադրությունների մասին: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա պլանների համաձայն՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում պաշտպանության ոլորտի բոլոր բնագավառներում: Դրանցից հատկանշական է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է ՀՀ զինված ուժերի` ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով վերազինմանը: Երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն անշուշտ պայմանավորված է նաև անվտանգության միջավայրի նկատմամբ համանման մոտեցումներով և հավաքական շահերով:
-Ինչպիսի նպատակների է ծառայում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
-ԱՄՆ-ի հետ բազմատարր համագործակցության զարգացումը նշանակալի դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման գործում: Առաջին հերթին այն արտահայտվում է նշանակալի փորձագիտական խորհրդատվության տրամադրմամբ: ԱՄՆ հետ համագործակցության շնորհիվ պաշտպանության նախարարությունը կենսական նշանակության խորհրդատվական և փորձագիտական օժանդակություն է ստանում Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացման գործում, պաշտպանական բարեփոխումների այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են փոխգործունակ կարողությունների զարգացումը, ռազմական կրթությունը, ռեսուրսների կառավարումը, պաշտպանական պլանավորման, բյուջետավորման և ծրագրավորման համակարգերի կատարելագործումը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացումը և այլն: Ամերիկյան կողմը 2002 թվականից սկսած ՀՀ զինված ուժերին ցուցաբերում է նաև զգալի նյութատեխնիկական օժանդակություն: ԱՄՆ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրով յուրաքանչյուր տարի ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ տասնյակ ներկայացուցիչներ մասնագիտական վերապատրաստում և կրթություն են ստանում ԱՄՆ-ի առաջավոր բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: Համակցության կարևոր բաղադրիչներից է նաև «Նահանգային գործընկերության ծրագրի» շրջանակներում համագործակցությունը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ, որի միջոցով արժեքավոր օժանդակություն ենք ստանում պաշտպանական բարեփոխումների մի շարք ոլորտներում:
ԱՄՆ-ը հանդիսանում է ՀՀ զինված ուժերում առաջատար չափանիշների ներդրման կարևորագույն գործընկերներից մեկը:
-Որքանով է միջազգային ռազմական համագործակցությունը ծառայեցվում ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:
-ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում միջազգային ռազմական համագործակցության դերակատարությունը կայանում է նրանում, որ այդ գործընթացքում օգտագործվեն միջազգային փորձը, գիտակրթական կարողությունները, փորձագիտական խորհրդատվությունը և ընդհանրապես` միջազգային առաջավոր չափանիշներն ու մեթոդաբանությունը: Այսօր ՀՀ զինված ուժերի գրեթե բոլոր ոլորտներում արդեն իսկ կան միջազգային առաջավոր փորձից ներդրված բազմաթիվ տարրեր: Միջազգային խորհրդատվությունն ու մեթոդաբանությունը կիրառվում է այնպիսի կարևորագույն գործընթացներում, ինչպիսիք են Պաշտպանության ռազմավարական վերանայումը, անձնակազմի կառավարումը, արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրումը և այլն: Մշտական ուշադրության կենտրոնում են ԶՈւ մարտական պատրաստականության ու պատրաստության, կազմի, կառուցվածքի և ղեկավարման համակարգի, սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմարվեստի, ռազմական գիտության ու կրթության, ռազմարդյունաբերության, նյութատեխնիկական ու զինծառայողների սոցիալական ապահովման, տեղեկատվական հակազդեցության, կարգապահության, բանակ-հասարակություն կապերի ոլորտները: Պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից ոչ պակաս կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների վերապատրաստումը արտերկրում: Առաջիկա տարիներին միջազգային փորձագիտական օժանդակությամբ նախատեսվում է իրականացնել Պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլ, որի ընթացքում կիրականացվի ՀՀ անվտանգության առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքների վերագնահատում` պաշտպանության պլանավորման ղեկավար փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ ԶՈւ զարգացման պլանի հաջորդիվ վերամշակմամբ:
-Միջազգային համագործակցության շրջանակներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ԶՈՒ-ում մարդու իրավունքների ոլորտում:
-Այս ոլորտում միջազգային համագործակցությունը ծառայեցվում է հիմնականում իրավասու ՀՀ ՊՆ անձնակազմի համար միջազգային վերապատրաստում ապահովելու, ինչպես նաև ավելի լայն` բոլոր հրամանատարների ու պետերի մակարդակով իրազեկվածությունը բարձրացնելու նպատակին: Ընդ որում, օգտագործվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ընձեռած հնարավորությունները: Առավել հագեցած համագործակցություն է իրականացվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ: Մասնավորապես՝ պատրաստվել է «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկը, որը ներդրվում է ռազմաուսումնական հաստատությունների և ընդհանուր զինվորական ուսումնական ծրագրերում, ԶՈւ բոլոր ստորաբաժանումներում, և ռազմաուսումնական հաստատություններում անց են կացվել զինվորական առաջնորդության հայեցակարգի ներդրման կարճաժամկետ դասախոսություններ: Թարգմանվել է «ԶՈւ-ում անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ձեռնարկը», որի հիման վրա մշակվել է «ԶՈւ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ դասընթացի կազմակերպման և անցկացման ուսումնական ձեռնարկը», որը մինչև տարեվերջ ներդրվելու է բոլոր ռուհերում և ԶՈւ ուսումնական կենտրոններում: Հանրակրթական դպրոցներում նախազորակոչային տարիքի երիտասարդների համար 2012-2013թթ. ժամանակահատվածում անց է կացվում «Ռազմահոգեբանական և սոցիալ-իրավական պատրաստության ծրագիր», որի նպատակն է ապագա զինակոչիկներին ուսուցանել սթրեսի կառավարման, կոնֆլիկտների հաղթահարման, սոցիալական միջավայրի փոփոխության հետ համակերպվելու հարցերը, ինչպես նաև ծանոթացնել զինծառայության ընթացքում իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակները: Կազմակերպվել է նաև նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների` զինղեկների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է զարգացնել ապագա զինծառայողների հետ նրանց աշխատանքի հմտությունները:
-Ի՞նչպիսի ներդրում ունի Հայաստանը միջազգային անվտանգության ապահովման գործում:
-ՀՀ զինված ուժերի միջազգային ներգրավվածությունն ուղղված է ոչ միայն ռազմական համագործակցության ընձեռած հնարավորությունների սպառմանը, այլև միջազգային անվտանգության ապահովման գործում գործնական մասնակցությանը: Միջազգային ներգրավման գործընթացում մենք փորձում ենք պահպանել պահանջարկի և առաջարկի որոշակի համամասնություն, ինչը նաև մեր զինված ուժերի միջազգային վարկի և հեղինակության խնդիրն է: Ուստի, պատահական չէ, որ 2004թ. ի վեր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մասնակցում են միջազգային անվտանգության ապահովման առաքելություններին: Ներկայումս ՀՀ ԶՈւ միջազգային խաղաղապահ գործունեության մեջ առաջնային տեղը տրված է մասնակցությանը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) առաքելությանը, որին ներգրավված է ՀՀ ԶՈւ 126 զինծառայողից բաղկացած զորակազմը` գերմանական ղեկավարության ներքո: Շարունակվում է ՀՀ ԶՈւ 35 հոգանոց զորախմբի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (ԿՖՈՌ) առաքելությանը` ԱՄՆ ղեկավարության ներքո: Առաջիկայում պլանավորում ենք նաև մեր ստորաբաժանման մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը, որում արդեն իսկ ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ ներկայացուցիչ` որպես ռազմական դիտորդ:
Միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցությամբ մեր ստորաբաժանումները ձեռք են բերում նաև ժամանակակից ռազմական գործողություններ վարելու իրական փորձ և հմտություններ, ինչը չափազանց կարևոր է գործընթացներից հետ չմնալու և դրանց համաքայլ ընթանալու տեսանկյունից:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական