Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ



Գերագնահատել ինժեներական զորքերի դերը, հնարավոր չէ: Ժամանակին ստեղծված ամրությունները, արգելափակոցները, մյուս կառույցները երբեմն վճռորոշ նշանակություն են ունենում ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի համար: Զորատեսակի աշխատանքների արդյունավետությունը շատ բարձր կարող է լինել լեռնային պայմաններում, երբ հարձակվող կողմի համար չկան առաջխաղացման լայն հնարավորություններ, իսկ բնական և արհեստական ամրություններն է՛լ ավելի հուսալի են դարձնում պաշտպանությունն ու միաժամանակ թույլ են տալիս ստեղծելու անտեսանելի ծուղակներ: Վերջին մեկուկես տասնամյակում ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերի և մյուս զորամասերի համանուն ստորաբաժանումների ուժերով հատուկ ծրագրեր են իրականացվում հակառակորդի հետ շփման գոտում` պաշտպանական ամրությունների ստեղծման, եղածների կատարելագործման, առաջնագծի և թիկունքի միջև ապահով ու անխափան հաղորդակցության ուղիների կառուցման, ինչպես նաև կամրջաշինության, ճանապարհների մշտանորոգման, ականապատման, ականազերծման և այլ ուղղություններով:

Զորատեսակի առաջատարը գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որն անցած տարում ճանաչվեց որպես «Լավագույն ինժեներական զորամաս» և պարգևատրվեց փոխանցիկ դրոշով: Ձեռքբերումը ոգևորել է մշտական անձնակազմի զինծառայողներին, որոնք ձգտում են այս ուսումնական տարում էլ ցույց տալ բարձր արդյունքներ ու պահպանել լավագույնի կոչումը:

Գնդապետ Ա. Ղազարյանը մեր խնդրանքով անդրադարձավ ուսումնական տարվա կարեւոր իրադարձություններին:

-Ձմեռային ուսումնական փուլի ընթացքում, սկսած եռօրյա մարտավարաշարային պարապմունքներից, հերթով իրականացվել են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված առաջադրանքները: Այսպես, անցկացվել են հրամանատարական հավաքներ, մասնակցել ենք ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարած հրամանատարաշտաբային զորավարժությանը, ինժեներական զորքերի պետ, գնդապետ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ կատարել ենք դաշտային երթ: Ապրիլի սկզբներին զորամասում հանկարծակի ստուգում է անցկացրել ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը` գեներալ-մայոր Գ. Տավարածյանի գլխավորությամբ: Էական բացթողումներ չեն նկատվել, և ստացել ենք <<լավ>> գնահատական: Ուսումնական փուլի ընթացքում տեղի են ունեցել առանձին ստորաբաժանումների վարժանքներ, կազմակերպվել են ճամբարային հավաքներ ինչպես ուսումնական, այնպես էլ մարտական գումարտակների համար: Գումարտակների կազմերով անցկացրել ենք մարտավարամասնագիտական զորավարժություններ, իսկ մեկ վաշտի կազմով` ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն: Մայիս- հունիս ամիսներին ճամբարային հավաքների մեջ ներգրավել ենք ինժեներական զորքերի պահեստազորայիններին. սպաներին՝ տասը, շարքային կազմին` յոթ օրով: Կարող եմ վստահեցնել, որ պահեստազորայինները գտնվում են լավ վիճակում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում համալրել մեր զորամասերը: Բոլոր զինծառայողները, սահմանված գրաֆիկով, պարտադիր մասնակցում են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված տեսական և գործնական պարապմունքներին` ֆիզիկական, շարային, կրակային, մեքենավարում և այլն, ապա ներգրավվում ներքին ծառայության գործընթացներում:-Գնդապետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նաև ստորաբաժանումների ուժերով կատարված ինժեներական աշխատանքները: -Ձմեռային ուսումնական փուլի ընթացքում ամբողջությամբ կատարվել են ԶՈՒ ապահովման պլանով նախատեսված աշխատանքները: Գումարտակները հանրապետության հյուսիսարևելյան և հարավային ուղղություններում տեղակայված զորամիավորումների տարածքներում, հիմնականում՝ առաջնագծում, պահպանության տեղամասերում իրականացրել են ամրաշինական, ճանապարհաշինական ծավալուն աշխատանքներ: Մեր զորամասում ծանր տեխնիկան օգտագործում են մեծամասամբ փորձառու մասնագետները, պայմանագրային զինծառայողները և այսօր, մեր մասնագիտական տոնի առթիվ, ուզում եմ նշել բուլդոզերավարներ, շարքային պայմանագրայիններ Լիպարիտ Ղուկասյանի, Ռաֆիկ Մարությանի, Կարեն Բաբայանի, Հակոբ Նիկոյանի, Մանուկ Կարապետյանի, էքսկավատորավարներ Հովհաննես Գրիգորյանի, Նորայր Անտոնյանի, Արթուր Պետրոսյանի, կրտսեր սերժանտ Մանուկ Մակարյանի, խմբի ղեկավարներ, ենթասպա Աշոտ Մկրտչյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հարություն Ռոստոմյանի և մյուսների բարեխիղճ ու նվիրված ծառայությունը: Նրանք, պարբերաբար մեկնելով գործուղման, ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի առաջադրանքները կատարեն անթերի:- ՈՒսումնական գումարտակի մասին գնդապետն ասաց: -Մեր նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք երբեք չեն սխալվի: Այժմ գումարտակն ունի նոր հրամանատար, որը նախկինում եւս ծառայել է այստեղ, ծանոթ է խնդիրներին, հնարավորություններին ու պահանջներին, և մենք համոզված ենք, որ նա կներդնի իր բոլոր ջանքերը՝ ուսման որակն ավելի արդյունավետ դարձնելու համար:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ

Քիչ անց հանդիպում ենք ուսումնականի նոր հրամանատարին`փոխգնդապետ Նորայր Հարությունյանին: Նա 35 տարեկան է: 2000թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և նշանակվել դասակի հրամանատար, իսկ 2009թ.-ին արդեն առաջնագծի զորամասերից մեկում նշանակվել է ինժեներական ծառայության պետ, 2012թ. ընդունվել է ՌԴ համազորային ակադեմիա, որն էլ ավարտել է այս տարի:

-Ինչպես հայտնի է՝ գումարտակը պատրաստում է սակրավորներ /կրտսեր հրամանատարներ/, ինժեներական տեխնիկայի մեխանիկ-վարորդներ, օպերատորներ:

Այժմ ուսումնական ծրագրում գերակշռում են տեսական պարապմունքները, թեպետ դասերի ընթացքում օգտագործվում են զինատեսակների ուսումնական միջոցները, իսկ մոտ ժամանակներս նախատեսված է մեկամսյա ճամբարային հավաք օրական տասը ժամ պարապմունքներով: Պահանջները շատ խիստ են: Յուրաքանչյուր անցած թեմայից ստուգարքներ ենք ընդունում՝ զորամասի հրամանատարի կամ տեղակալներից մեկի ներկայությամբ: Մեր ձգտումը մեկն է. պատրաստել լիարժեք մասնագետներ: Կուրսանտների կրթական ցենզից գոհ ենք: Առաջադրանքները մինչև վերջ բծախնդրորեն են կատարում մայորներ Արթուր Բաբաջանյանը, Արսեն Սեդրակյանը, Գևորգ Գալստյանը, կապիտաններ Էդգար Միսակյանը, Մարատ Կիրակոսյանը, գումարտակի ավագ ենթասպա Փայլակ Գևորգյանը:

***

Ներկա եղանք դասարանային պարապմունքներից մեկին:

Մայոր Գ. Գալստյանը պարզաբանում էր հակահետևակային-բեկորային ականների տեղադրման և վնասազերծման կարգը: Նրա թույլտվությամբ ծանոթացանք կուրսանտներից մի քանիսին.

-Կուրսանտ Տիգրան Աղեկյան, գյումրեցի եմ, սովորել եմ տեղի գեղարվեստական արհեստագործական քոլեջում, մասնագիտությամբ ոսկերիչ եմ: Այստեղ սովորելը դժվար չէ, ինչ անցել ենք, գիտեմ, լավ յուրացրել եմ:-

-Կուրսանտ Տիգրան Մարտիրոսյան, ես էլ եմ գյումրեցի, սովորում եմ պետական բժշկական համալսարանում:

-Կուրսանտ Սարգիս Բադալյան, նոյեմբերյանից եմ, ավարտել եմ պետական տնտեսագիտական համալսարանը:

Ստորաբաժանումներից մեկն զբաղված էր շարային պատրաստությամբ, որը ղեկավարում էր կրտսեր սերժանտ Վահան Պետրոսյանը: Զգացվում էր, որ շարայինի վրա նույնպես մեծ ուշադրություն է դարձվում, որովհետև կուրսանտներն ամենևին էլ նորակոչիկի տպավորություն չէին թողնում:

-Բոլոր պարապմունքները` շարային, ֆիզիկական, մասնագիտական, անցկացնում եմ մի շնչով եւ մեծ ոգեւորությամբ,-ասաց կրտսեր սերժանտը:

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Գումարտակում սովորում են Արմեն, Արսեն Մելքոնյան, Վարդան, Վահագն Գիշյան, Տիգրան, Թագվոր Սարոյան եղբայրները: Մելքոնյանները զույգ են, ծնունդով՝ Մեծամորից: Նրանք ունեն վեց քույր, որոնցից հինգն արդեն ամուսնացած են:

-Քույրերիցս չորսը նույնպես զույգեր են,-ասում է Արսենը ծիծաղելով:

-Տղաները միակողմանի ծնողազուրկ են, հայրը մահացել է, իսկ մայրը` Մարիան, որ ազգությամբ ռուս է, կարող է հպարտանալ զինվոր որդիներով, որովհետև եղբայրները լավ են ծառայում:

-Տոնի առթիվ Արսենին ներկայացրել ենք խրախուսման,-ասում է վաշտի հրամանատար, մայոր Մակիչ Սարգսյանը:

Նոյեմբերյանցի Գիշյանները նույնպես զույգ եղբայրներ են: Նրանք երեք եղբայր են, մեծը` Սևակը, արդեն ավարտել է ծառայությունը: Վարդանը սովորում է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, իսկ Վահագնը որոշել է սովորել զինվորական պարտքը կատարելուց հետո:

Սարոյաններից Թագվորը մեծն է: Նա ավարտել է ագրարային համալսարանը, իսկ Տիգրանը՝ պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը:

***

-Ծառայության պայմանները գոհացուցիչ են, չգիտեմ, թե ուրիշ էլ ինչ պիտի լիներ, որ չկա: Գումարտակում կարգապահությունը բարձր է, ընկերական հարաբերությունները ջերմ, միշտ զգում ենք սպաների հոգատար վերաբերմունքը: Նրանք ուզում են օգնել բոլոր հարցերում, մեզ պատվիրում են լինել ընկերասեր ու կարգապահ,-ասաց Տիգրանը:

ԿԱՊԻՏԱՆ ՄԱՐԱՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Գումարտակի արժանավոր սպաներից է: Ծնվել է Սևանում 1985թ., 2001թ. ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2003-2008թթ. սովորել է ՌԴ բարձրագույն հրամանատարաինժեներական ինստիտուտում: Վիճակահանությամբ ծառայությունն սկսել է հանրապետության հյուսիսարևելյան շրջանի զորամասերից մեկում: Հետո տեղափոխվել է նույն տարածքում գտնվող այլ զորամասեր: Գումարտակի հրամանատարի վկայությամբ՝ Մարատը միշտ այնտեղ է, որտեղ նոր դիրքեր են ստեղծվում, կամ վտանգավոր գոտում ինժեներական աշխատանքներ են կատարվում:

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԱՍԱԿԸ

Այս դասակի խնդիրը ուսումնամարտական տեխնիկայի սպասարկումը, շահագործումը և կուրսանտներին մեքենավարում ու աշխատանք սովորեցնելն է: Հրամանատարը ենթասպա Արթուր Սարոյանն է, որը գումարտակի լավագույն զինծառայողներից է: Մենք նրան, ինչպես նաև հրահանգիչ, ենթասպա Արամայիս Աբրահամյանին, շարքայիններ Մարզպետ Մելիքյանին, Վազգեն Հովսեփյանին ու Թաթուլ Նասիբյանին հանդիպեցինք մեքենայական պարկում ՊԶՄ-2՝ խրամատ փորող, ՄԴԿ՝ հողափոր, ԳԶՄ-3՝ հակատանկային ականներ տեղադրող, ԲԱՏ-2՝ ինժեներական աշխատանքներ կատարող, ճանապարհներ հարթեցնող, ՊՄԶ-4, ԻՐՄ հետախուզական, ականներ ոչնչացնող մեքենաները մասնագիտական տոնի կապակցությամբ ցուցադրության նախապատրաստելիս:

ԿԱՊԻՏԱՆ ԷԴԳԱՐ ՄԻՍԱԿՅԱՆ

Ծնվել է 1983թ., Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2001թ. ավարտել է դպրոցը և ընդունվել ՌԴ ռազմաինժեներական ակադեմիան: 2006թ. վերադառնալով հայրենիք՝ ծառայության է նշանակվել առաջնագծում՝ որպես դասակի, այնուհետեւ վաշտի հրամանատար: Միշտ եղել է դիրքերում և կատարել մարտական հերթապահություն, իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հետագայում տեղափոխվել է մարտական հերթապահություն կատարող մեկ այլ զորամաս, որտեղ էլ ականապատման աշխատանքների ժամանակ վիրավորվել է: Բուժվելուց հետո վերադարձել է շարք ու ծառայության նշանակվել այս զորամասում՝ որպես ուսումնական ինժեներատեխնիկական վաշտի հրամանատար:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2013