Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՑ ՄԻ՛ ԵՂԵՔ



Դարերից եկող անբացատրելի մի խորհրդավորություն, տխրություն, տառապանք ու հերոսականություն կար զոհված ազատամարտիկի սգո հուղարկավորության ժամանակ, երբ կսկծում, կոծում, սգում էին հայ մայրերը։ Սգո արարողակարգն ասես բաժանվում էր երկու մասի։ Սգավորները, որոնք հիմնականում կանայք էին, մազերն արձակ, աղեկտուր լալիս ու թվարկում էին զոհվածի առաքինությունները՝ անիծելով թշնամուն.

-Էդ թուրքը գյուլլախորով լինի, որ ձեռք բարձրացրեց էս ջահել□ջիվանի վրա, բա ինքը մեր չունե՞ր, ինքը երեխա չունե՞ր։ Էս որբացած էրեխեքը ո՞նց են ապրելու, էս ճերմակած, սեւ սիրտ կապած մերը ո՞նց է ապրելու։ Էս ջահել□ջիվան հարսը՝ ախչի՛, դու ո՞նց ես ապրելու։ Թուրքի մերը մեռնի, էն արգանդը չորանա, էն ձեռքը չորանա։

Այս խոսքերից սար ու ձոր մղկտում էր, ու երբ արցունքներ էին երեւում նաեւ զոհվածի մարտական ընկերների, հավաքված տղամարդկանց աչքերում՝ միանգամից փոխվում էր սգավոր կանանց ձայնը, ու ողբն ասես արդեն մարտակոչ լիներ.

-Մի՛ լացեք, տղամարդուն վայել չէ արցունքը, բա էս վրեժը ո՞վ է լուծելու, մեր էս մի ջահելի համար վաղը թուրքի 10 օջախ թող մարի, 10 մեր թող սեւավորվի, սգավոր դառնա, կանայք ու երեխեքն էլ թող որբանան, ոնց որ մեր ջահելի արեւը խավարեցրին։ Մի՛ լացեք, թուրքի մերը թող լացի…

Հայ մայրերի այս սուգ-մարտակոչից հետո իսկապես ոչինչ չէր կարող հետ պահել զոհված ազատամարտիկի վրեժով լցված մարտական ընկերներին,- պատմում էր Վոլոդյա Ավանեսյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային


12/09/2013