Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ



Առաջին անգամ նա մահվան էր դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին։ Անգլիան, Ֆրանսիան, դաշնակից մյուս պետությունները պաշտոնապես հայտարարել էին, որ հայկական նախճիրներ հրահրելու համար պատերազմի ավարտից հետո անհապաղ պատասխանատվության պիտի ենթարկեն, մահապատժի դատապարտեն։

Պատժից խույս էր տվել։

Երկրորդ անգամ՝ 1920 թվականի հունվարի 13-ին, նրան մահվան էր դատապարտել Թուրքիայի գերագույն զինվորական ատյանը։

Պատժից խույս էր տվել, կեղծ անձնագրով հաստատվել էր Բեռլինում։ Միջոցներ էր մտմտում կուսակիցներին համախմբելու, իշխանությանը վերատիրանալու, Թուրանական անծայրածիր երկրի երազը իրականացնելու համար։

Երրորդ անգամ նրան մահապատժի էր դատապարտել հայ վրիժառուների Պատասխանատու մարմինը, որի կազմած «Սեւ ցանկ»-ում առաջինն էր։

ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ – Թուրքական «Իթթիհադ վե թերաքքը» («Միություն եւ առաջադիմություն») կուսակցության պարագլուխներից։ Ընդհատակյա պայքարի տարիներին կյանքը փրկել էին հայերը։ Իշխանությունը նվաճելուց հետո եղել էր կուսակցության կենտկոմի նախագահ, ներքին գործերի նախարար, Մեծ վեզիր։ Արեւմտահայության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր։ Նա էր ծածկագիր ուղարկել բոլոր նահանգապետներին, որ օրորոցի մանուկից ընդհուպ զառամյալ ծերունին՝ ոչ ոքի չխնայեն, ու շատ չանցած, լպիրշորեն հայտարարել էր. «Հայկական հարցը լուծելու համար ես 3 ամսում ավելին արեցի, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում»։

♦♦♦

Գյուղը, որ պահպանում էր հին հեթանոսական Բագառիճ անունը, հիշատակել էին դեռեւս Խորենացին ու Ագաթանգեղոսը։ Այնքան ուշիմ էր, լրջմիտ, որ Կեդրոնական վարժարանն ավարտելուց հետո նախակրթարանի ուսուցիչ նշանակեցին։ Հենց 17-ը լրացավ, ուղեւորվեց Սերբիա, որ հորից միջոցներ խնդրի, հաջորդ տարի Գերմանիայում ուսումը շարունակի։ Վրա հասավ Մեծ եղեռնի բոթը։ Բագառիճ գյուղում, ամբողջ Երզնկայում իրենց գերդաստանը 85 հոգի էր հաշվվում, որոնք. հիմնականում, քանի որ տղամարդիկ պանդխտում էին, կանայք, երեխաներ էին։

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ – Ժողովրդական վրիժառու, ում մասին գերմանացի դատապաշտպան, Քիլի համալսարանի իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նիմայերը պիտի ասեր. «1921-ի մարտի 15-ին ինքը չէր, որ փողոց նետվեց սպանելու Թալեաթին։ Իր հետ ոտքի ելան դարերը, միլիոնավոր նահատակները։ Նա, եթե կարելի է այդպես արտահայտվել, առաջնորդում էր նրանց ու ծածանում համայն հայության արժանապատվության դրոշը»։

Ժողովրդական վրիժառու, որի կենդանության օրոք հայրենակիցները հաղթերգ պիտի ձոնեին.

«Թալեաթ փաշան փախավ Բեռլին,

Թեհլերյանը հասավ ետին,

Զարկավ ճակտին, փռեց գետին,

Գինի լից, գինի լից, խմողաց անուշ»։

Աշխարհամարտն սկսվելուն պես Սողոմոնը թողեց Սերբիան, անցավ Բուլղարիա, որ միանա նոր կազմավորվող հայկական կամավորական խմբին։ Քանի որ առանց հոր համաձայնության էր Սոֆիա եկել, 18-ն էլ չէր բոլորել, չընդունեցին։ Հասավ Ռումինիա, Ռումինիայից Ռոստով, Թիֆլիս, զինվորագրվեց Անդրանիկի գնդին։ Կռվում էր Սեպուհի վաշտում։ Առաջին ճակատամարտը Արաուլի բարձունքում հաղթանակով ավարտեցին, հետապնդելով թշնամուն, ազատագրեցին Հարիսան, Բաշկալան։ Երկու գյուղերում էլ ոչ մի հայ չէր մնացել։ Նախքան նահանջելը հակառակորդները բոլորին սրատել, կողք կողքի շարել էին կամավորականների ճանապարհին։ Վերջապես հասան Երզնկա։ Հայրական տունը թափուր էր, ավեր…

«Հանկարծ ինձ թվաց, թե լսում եմ աղիողորմ ճիչեր, սարսափի ու ցավի աղաղակներ, խեղդված աղերսներ, խելագարության ու հոգեվարքի գոչյուններ, արյան տաք հոտ եմ զգում։ Մղձավանջով համակված շրջվեցի, որ փախչեմ, ոչինչ չտեսնեմ ու չլսեմ, գլուխս պտտվեց, ընկա։ Երազիս մորս տեսա»։

Դրանից հետո ջղագարության նոպաները հաճախ կկրկնվեն։ Ու միշտ երազում կտեսնի մորը…

Սարիղամիշի մատույցներում, Կարաքուրտի կիրճում վիրավորվեց աջ թեւից։ Տեղափոխեցին Թիֆլիս, Տուապսե, Էսենտուկի։ Իմանալով, որ Մուդրոսում զինադադար է կնքվել, թուրքերը պարտվել են, գնացքով հասավ Նովոռոսիյսկ, Օդեսա, նավով՝ Պոլիս։

– Ինչո՞ւ ես եկել, ո՞ւմ ես փնտրում,- զարմանում էին ծանոթներն ու անգամ անծանոթները։

– Թալեաթին,- պատասխանում էր նա։

Ծանոթները, անծանոթները կասկածով դեմքին նայում, ոչինչ չէին ասում։

Օրիորդ Երանուհի Դանիելյանի հետ նստած է հայկական պանդոկում, երկու գարեջուր է պատվիրում։ Դիմացի առանձնատան պատուհանները ողողված են լույսերով։ Երանուհին հետ է հրում բաժակը.

– Դավաճան, դեռ սիրտ ունի, զվարճանում է։

– Ո՞ւմ մասին ես խոսում,- չի հասկանում Սողոմոնը։

– Թալեաթի հայ գործակալի՝ մատնիչ Հարություն Մկրտչյանի։ Նա՛ կազմեց 250 հայ մտավորականների ցանկն ու Թալեաթին հանձնեց։ Տասը հոգի հազիվ հետ եկավ, մյուսների՝ Կոմիտասի, Վարուժանի, Սիամանթոյի ճակատագիրը գիտես։

Սողոմոնը մի ումպով դատարկում է գավաթը.

– Երանուհի՛, վե՛ր կաց, տուն գնա։

– Ինչո՞ւ։

– Գնա՛, ասում եմ։

Պանդոկ է մտնում մի տղա, միանգամից հինգ շիշ ընտիր «Մարտել» գնում։

– Ո՞վ էր,- հարցնում է Սողոմոնը։

– Շուն մատնիչի թուլան էր,- փնթփնթում է պանդոկապանը,- երեւի նորից հյուրեր է հրավիրել, երեկոներն այսպես խրախճանքներով է անցկացնում։

Մինչ Սողոմոնը վճարում, նետվում է տղայի ետեւից, առանձնատան դարպասը փակվում է։ Ցանկապատի վրայից ցատկում, ուսով փշրում է ապակիները, հայտնվում մատնիչի դիմաց, որը բյուրեղապակե սկահակը ձեռքին` բաժակաճառ է ասում։ «Փամփուշտս ափսոս է, ես քեզ ձեռքերով կխեղդեի»,- մոլեգնում է ներքին ձայնը…

Հաջորդ օրը թերթերը գուժում են Հարություն էֆենդի Մկրտչյանի մահը։ Պոլսահայերը իրենք են գալիս, գտնում Սողոմոնին։ Ու այլեւս թերահավատությամբ չեն նայում.

– Ամերիկայից քեզ շտապ կանչում են։ Որքան շուտ գնաս, այնքան լավ։

Նյու Յորքում նրա առջեւ փռում են ցեղասպանության հանցագործների՝ Թալեաթի, Ջեմալի, Էնվերի, Սայիդ Հալիմի, Բեհաեդդին Շաքիրի լուսանկարները։ Սողոմոնի հայացքը սեւեռվում է Թալեաթի վրա՝ քառակուսի թիկունքով, աղեղնաձեւ որովայնով, կուպրի պես սեւ ու թավ բեղերով։ Երկար նայում է գլխին՝ ինչպե՞ս է մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու ոճիրը հղացել ու իրագործել փորձել։

Հեռագրերը հաստատում են լուրը՝ Բեռլինում է։ Ժամանակ չպետք է կորցնել՝ Շվեյցարիա, Գերմանիա։ Մաքսատանը տարակուսում են՝ ինչո՞ւ շատ երկրի կնիք կա անձնագրում։ Բեռլինում միակ հայտնի «հասցեն» Տրապիզոնի նահանգապետի՝ Ջեմալ Ազմիի բացած ծխախոտի խանութն է, որտեղ նաեւ գորգ է վաճառվում։ Այսինքն` առեւտուրն անում է որդին՝ նա, ում 14 տարին լրանալու կապակցությամբ հայրը հայ մանկամարդ աղջիկների հարեմ էր նվիրել, Ջեմալ Ազմին, Պոլսից փախած իթթահատի մյուս պարագլուխները պահեստարանում անընդհատ ժողովներ են գումարում…

Փողոցով վեր-վար, վեր-վար։ Այսինքն` երկար մնալ չի կարելի, կնկատվի։ Բացի դրանից, պետք է ծանոթանա քաղաքին, գերմաներեն գոնե մի քանի բառ սովորի։

Ահա՛ նա։ Գողեգող քայլում, կասկածով շուրջը նայելով, մտնում է Հարդենբերգ փողոցի թիվ 4 առանձնատունը։ Ի՞նքն է, ինքը չէ՞։ Վազում է տուն, լուսանկարի ֆեսը ջնջում, եվրոպական գլխարկով է փոխարինում, կրճատում է բեղերը։ Ինքն է։ Սողոմոնը սենյակ է վարձում Հարդենբերգ փողոցի թիվ 37 շենքում, որի պատուհանները նայում են թիվ 4 առանձնատանը։ Տանտիրուհուն ասել է, որ Պարսկաստանից է, Բեռլին է եկել, որպեսզի գերմաներեն սովորի, համալսարան ընդունվի։ Հիմա նա արդեն իր անփոփոխ զբաղումն ունի։ Ամեն առավոտ զարթնում, գրքերը պատուհանի մոտ փռում, իբր պարապում է։ Իրականում ակնդետ դիմացի տանն է նայում եւ ոչ մի ուշադրություն չի դարձնում տանտիրուհու վրա, որն անձամբ է մատուցում նախաճաշը ու բազմիմաստ ժպտում՝ ամեն կերպ ձգտում է տարիքից երիտասարդ, հաճելի թվալ։

Այդ գիշեր երազում նորից մորը տեսավ։ Ինքն ինչ-որ տեղ էր շտապում, նա համառորեն գալիս էր ետեւից։ Զարմացավ։

– Ո՞ւր, ա՛յ մամ։

– Սուրբ Նշան, տղա՛ս, մոմ վառեմ, որ ուխտդ շուտ ի կատար ածվի։

Առավոտյան զգաց, որ կարոտել է Բագառիճը, մանկության լեռները, որոնք ամպերի միջից քարե ջրվեժի նման հորդում, Եփրատի կիրճն էին գահավիժում։ Նոր էր թեյն ավարտել, բազկաթոռն ուզում էր պատուհանին մոտեցնել, հանդիպակաց պատշգամբում հայտնվեց նա։ Զգուշությամբ՝ վերեւ-ներքեւ զննեց մայթը, նայեց ժամացույցին, ներս գնաց։ Քիչ անց փողոցի դուռը բացվեց, մայթով սկսեց դանդաղ ցած իջնել։

Ժամանակն էր։

Ատրճանակը գրպանը դրեց, նետվեց փողոց։

«Շո՛ւտ արա, հասի՛ր հետեւից ու թիկունքին, ծոծրակին… Չէ՛, չէ՛, դիմացի մայթն անցիր՝ ճակատին, տղամարդու պես՝ ուղիղ ճակատին»։

Հանդիպակաց մայթով արագ-արագ քայլեց, հավասարվեց նրան։ Ու հենց առաջացավ, կտրուկ անցավ մյուս մայթը։ Հիմա դեմ դիմաց էին շարժվում։ Թալեաթը քայլում էր ճեմելով, անփույթ ճոճում էր ձեռնափայտը։ Երբ մոտեցան, նկատեց Սողոմոնի թուխ դեմքն ու կասկածով ոտքից գլուխ չափեց։ Չգիտես ինչու՝ ցնցվեց, աչքերում մահվան սարսուռ ցոլաց։ Եվ այն է, ներքին բնազդով ուզում էր գլուխը թեքել, որ վտանգից խույս տա, ատրճանակը որոտաց։ Խոշոր մարմինը ցնցվեց, ձգվեց ու սղոցած կոճղի պես տապալվեց գետին։ Այս պահը Սողոմոնը շատ էր պատկերացրել, բայց բնավ չէր կարծել, որ այդքան արագ պիտի վերջանա։

– Նա՛ էր, նա՛, բռնե՜ք…

Գամվել էր տեղում ու չէր շարժվում։ Ոտքերի տակ լճանում, լերդանում էր արյունը։

Գցեցին ցած, սկսեցին ոտքերով ծեծել։

Ցավ չէր զգում։

– Ինչպե՞ս սպանեցիր այդ հսկա մարդուն, սրիկա՛։

– Իսկ նա ինչպե՞ս մեկ ու կես միլիոն անմեղ հայ սպանեց…

Դատավարությունն սկսվեց հունիսի 2-ին, Բեռլինի նահանգային 3-րդ ատյանում։ Դատախազ Գոլնիկը կանխամտածված սպանության համար մահապատիժ էր պահանջում։ Երկու օր տեւած դատավիճաբանության ընթացքում ելույթներ ունեցան բժշկական փորձագետներ, վկաներ, Սողոմոն Թեհլերյանի պաշտպանները, պատմաբան Յոհաննես Լեփսիուսը, զորավար Օտտո Լիման ֆոն Զանդերսը, առաջնորդական տեղապահ Գրիգորիս Պալաքյանը։ Երկրորդ օրվա վերջում երդվյալ ատենակալները մեկուսացան խորհրդակցության։ Մեկ ժամ հետո ավագ գործավար Օտտո Ռայնեկեն դատասրահ վերադարձավ, հրապարակեց վճիռը.

«ՀԱՐՑ – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականի մարտի 15-ին Շառլոտենբուրգում կանխամտածված ձեւով Թալեաթ փաշա անձնավորությանն սպանելու համար։

ՊԱՏԱՍԽԱՆ – Ո՛չ»։

Անպարտ ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվեց…

Այս պատմությունը, թվում է, այսպիսով էլ պիտի ավարտվեր, եթե շատ տարիներ անց Թուրքիայում Թալեաթ փաշային չհիշեին, ավելին՝ ցեղասպանությունը ժխտելու, հակահայկական մոլագարությանը հագուրդ տալու համար ազգային հերոս չդարձնեին։ Ոճրագործի աճյունը մեծարանքներով Ստամբուլ տեղափոխեցին, Անմահության բարձունքում հողին հանձնեցին, նրա անունով փողոցներ, հրապարակներ կոչեցին, արձանը կանգնեցրին։ Նրա՝ ում գլխավորած կառավարությունը ամոթալի պարտություն էր կրել Առաջին աշխարհամարտում, կուսակցությունը պախարակվել, օրենքից դուրս էր հռչակվել։ Ի՞նչ էր ուրեմն Թալեաթն արել իր երկրի ու ժողովրդի համար, որ հետմահու նման փառքի էր արժանանում։ Միայն մի բան՝ ամբողջ Անատոլիայում, այսինքն` Արեւմտահայաստանում հայ չէր թողել…

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
2005, թիվ 5

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


12/09/2013