ՃԱՊՈՆԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ` «ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հուլիսի սկզբին սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը հավանություն տվեց մի հուշակոթողի բացմանը, որը նվիրված էր «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, որոնք սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում:
Քաղաքային խորհուրդը, լսելով ճապոնական և կորեական համայնքների անդամների հակասական վկայությունները, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում: Հուշարձանի բացման արարողության ժամանակ խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում:
Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև զուգահեռների անցկացումով մտահոգված՝ Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ` այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար:
Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի քննադատաբար է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կատարած ոճիրների նկատմամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության փաստի: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման վերաբերյալ` ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց:
Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից` մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից, պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից: 2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց՝ կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ներողություն խնդրել և ընդունել կատարվածի պատմական պատասխանատվությունը հստակորեն ու միանշանակ իր Կայսերական զինված ուժերի՝ երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:
Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչով է տարբերվում Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը:
Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ` «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման նկատմամբ Ճապոնիայի արձագանքի տարբերություններին, գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ.
«Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն արտահայտել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չկրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը այլ երկրի դիրքորոշման մասին է: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն ի վիճակի չենք մանրամասն հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ՝ մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ երրորդ կետն այն է, որ անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է. ջանքեր գործադրել՝ աջակցելու նախկին «մխիթարության կանանց»:
Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից: Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անաչառությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում:
Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը`
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ռազմաքաղաքական