Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ՕՐԻՑ ՀԵՏ ԿԳԱՄ, ՄԱ՛Մ



-Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես էլ միացա ցուցարարներին, միակուռ, բռունցքներս վեր պարզած, արդարություն, ազատություն էինք պահանջում,-պատմում է զոհված ազատամարտիկ Վաղինակ Զաքարյանի մայրը` տիկին Գրետան: Ես այն ժամանակ հացի գործարանում էի աշխատում, գործիս ավարտին թարմ հաց էի հասցնում ցուցարարներին: Ուշ գիշերով տուն էի վերադառնում օպերայի հրապարակից ու տեսնում էի` Վաղինակը իր համար անվրդով ու հանգիստ պառկած, ականջակալները ականջին, երաժշտություն է լսում: Մի օր էլ չդիմացա. «Ա՛յ բալա, էս ինչ անտարբեր ես, սիրտդ չի ցավում մեր երկրի, մեր ժողովրդի համար»: Տղաս ինձ հանգիստ պատասխանեց. «Մա՛մ ջան, ցույցերով հող չենք ազատագրի: Զենքով կռիվ է պետք»: Սումգայիթյան ողբերգական դեպքերից հետո Վաղինակին էլ տանը չէիր տեսնի, ե՞րբ գնաց, ե՞րբ միացավ Հատուկ նշանակության խմբին, այդպես էլ չիմացա:

♦♦♦

Վաղինակը միացել էր նախկին բանակային ընկերներին ու միասին, հազար ու մի եղանակով, զենք-զինամթերք էին հայթայթում ու հասցնում կռվողներին, հետախուզական խմբում որպես սակրավոր թափանցում էր հակառակորդի թիկունքը: Մարտական առաջին մկրտությունն ստացավ Երասխավանում: Հետո` Իջեւան, Նոյեմբերյան, Շամշադին, Կոռնիձոր, Գորիս: Ճարպիկ ու ճկուն էր, հնարամիտ, ամեն հանձնարարություն այնքան արագ էր կատարում, որ ընկերները նրան «Կայծակ Վաղո» մականունով էին կնքել: Թե մարտերից էլ մի պահ ազատ ժամանակ էր լինում, պարում էր, ուրախացնում ու ոգեւորում տղերքին (մինչ պատերազմը Երեւանի երկաթուղայինների պալատի «Հայասա» համույթում էր պարել, բազմաթիվ մրցույթների մասնակցել): Հիմա կռիվների թատերաբեմում էր: Տնեցիներին բան չէր պատմում, մոր անհանգիստ հարցերին կատակով խուսափողական պատասխաններ էր տալիս: Վաղինակի մյուս եղբայրներն էլ մեկնեցին կռվի դաշտ:

«Մեկ-մեկ զարմանում եմ` ոնց եմ դիմացել` անքուն, անհանգիստ գիշերներ անցկացրել՝ վախն ու տագնապը սրտումս, բայց չեմ կարող չխոստովանել` հպարտ էի զավակներովս,- ասում է տիկին Գրետան, հետո տխուր շարունակում է,- Վաղինակը նոյեմբերի 18-ին գնաց` պոստեր պիտի բարձրանար: Էս անգամ սիրտս մի ուրիշ տեսակ անհանգիստ էր, բողոքեցի, անգամ զայրացա: Տղաս փաթաթվեց ինձ ու ասաց. «երբ տղա էիր ունենում, չգիտեիր, որ զինվոր ես ունենում: Բա կռվող աղջիկների մայրերն ի՞նչ ասեն… Տղերքը ներքեւը սպասում են, մա՛մ ջան, մի՛ մտածիր, երեք օրից հետ կգամ….»:

Էդ գիշերը հացի փռում էր տիկին Գրետան, սիրտը մի տեսակ փոթորկված էր, աշխատում էր ու լաց լինում, վառարանից հացերն էր հանում, ու արցունքը կաթ-կաթ թափվում էր նոր թխված տաք հացերին, հաց ու լաց խառնվել էին իրար….: Առավոտյան տուն դարձավ, անքուն, անհանգիստ, տագնապով լեցուն գիշերվանից հետո ուզեց մի պահ աչքը փակել, սակայն միջանցքում ծանր ոտնաձայներ լսեց… Եվ բոթը սեւ օձի նման մտավ տուն ու դարձավ սեւ շրջանակ որդու լուսանկարին…Նոյեմբերի 21-ին Բերդաձորում զոհվել էր Վաղինակը, ընկերոջ` Սամվելի հետ ծուղակն էին ընկել, բայց անձնատուր չէին եղել: Ուժերը խիստ անհավասար էին` երկուսը հարյուրից ավելի հակառակորդի դեմ, Վաղինակի մարմնի վրա 72 հրազենային հետք կար…

23 տարի առաջ ընդամենը 23 տարեկանում զոհվեց Վաղինակ Զաքարյանը, այդ ազնիվ ու հայրենասեր տղան, որ հազար լուսավոր երազ ուներ…

Վաղինակի մահից հետո եղբայրներին էլ կռվի դաշտից հետ բերել կլինե՞ր: Որդու վիշտը սրտում կռվողների շարքը համալրեց նաեւ հերոս քաջորդու հայրը` Համլետը` միանալով Մահապարտների խմբին:

… Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներն անմահ են, չեն մոռացվում: Վաղինակ Զաքարյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Վաղինակի անունով իր իսկ ավարտած N49 դպրոցում դասարան է անվանակոչվել, մարտական ընկերները բանաստեղծություններ են ձոնել նրան, արձակագիր Լարիսա Գեւորգյանը իր «Երեք օրից հետ կգամ, մա՛մ» պատմվածքների ժողովածուն եւս նվիրել է խիզախ ու քաջ հայորդու հիշատակին:

Մարտական ընկերները հաճախ են հավաքվում Վաղինակենց օջախում, հիշում ու պատմում են մարտական հերոսական դրվագներ: Այս ամենը անթաքույց հպարտությամբ լսում է Համլետ եւ Գրետա Զաքարյանների անդրանիկ արու թոռը, որն էլ հենց անվանակոչվել է իր հերոս հորեղբոր անունով: Կրտսեր Վաղինակ Զաքարյանը հունվարին կգնա ծառայելու ազգային բանակում, եւ նրա բարեխիղճ ու նվիրված ծառայության մասին «Հայ զինվորում» դուք դեռ կկարդաք: Այլ կերպ չի էլ կարող լինել:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ճակատագրեր


12/09/2013