Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ…



Սեպտեմբերի 2-7-ը ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման շրջանակներում անցկացվեցին լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցեցին նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններում ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները խաղարկեցին պաշտպանողական և հակահարձակողական տարաբնույթ գործողություններ, որոնց ընթացքում իրականացրին նաև կրակային խնդիրներ: Զորավարժության հիմնական նպատակը ինչպես հրամանատարական կազմի գիտելիքների և պատրաստվածության աստիճանի, այնպես էլ տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության, մարտական իրավիճակում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողության ստուգումն էր:

Զորավարժության սկիզբն ազդարարելուց հետո զորամիավորման բոլոր զորամասերը բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի եւ սահմանված ժամկետներում ռազմերթ կատարեցին դեպի նախանշված շրջաններ: Պայմանական տեղամասերից մեկում ձևավորվեց հրամանատարական կետ, որտեղից անմիջականորեն իրականացվում էր զորքերի կառավարումն ու ղեկավարումը: Սկզբնապես զորամիավորման հրամանատարական կազմը ենթակա զորամասերի հրամանատարների, համապատասխան ծառայությունների պետերի հետ համատեղ որոշումներ ընդունեցին յուրաքանչյուր ստորաբաժանման գործողությունների, տեղաշարժի, կիրառվող ուժերի և միջոցառումների մասին: Տվյալ փուլին հետևում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նախարարին զեկուցեց զորամիավորման ընդհանուր կիրառման որոշման մասին` հստակ հիմնավորելով որոշակի ուղղություններում համապատասխան ուժերի օգտագործման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Այնուհետեւ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմի հետ անցկացրեց տեղազննում, որի արդյունքում էլ զորամիավորման հրամանատարությունը հընթացս տեղային ճշգրտումներ մտցրեց գործողությունների պլանում` կատարելով ուժերի մասնակի վերադասավորում:

Լսելով հրամանատարների զեկույցները` նախարարը տվեց համապատասխան ցուցումներ և հրահանգներ՝ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար: Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելեց հարավարևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպեց դիրքապահ զինծառայողների հետ, ստուգեց մարտական պատրաստության վիճակը, զորքերի ծառայության իրականացման պարտադիր խնդիրները, որոնք անմիջականորեն կապված են զորավարժությունների անցկացման հետ:

Զորավարժության սցենարի համաձայն՝ զորամասերից մեկի պատասխանատվության գոտում անցկացվեց մարտական հրաձգությամբ գումարտակային օպերատիվ- մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվեց պաշտպանողական գործողություններին: Ամենից առաջ հավանական հակառակորդի սրընթաց առաջխաղացումը հաջողվեց կասեցնել հրետանային հուժկու կրակի շնորհիվ, որից հետո մոտոհրաձգային վաշտերն սկսեցին հակառակորդի հարձակվող կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի հաջորդական ոչնչացումը: Դասակներից մեկի դիրքերի կորստի վտանգը կանխելու նպատակով մարտի մեջ մտան նաեւ ՀՄՄ-ները` արդյունավետ պայքարելով հակառակորդի իջեցրած դեսանտի դեմ:

Յուրաքանչյուր ստորաբաժանման գործողություն մանրակրկիտ վերլուծվում էր, անհրաժեշտությունից ելնելով հրամանատարները տեղում կատարում էին իրավիճակով թելադրված զորքերի տեղաշարժ, ուժերի վերադասավորումներ: Հարկ է նշել, որ հրամանատարական կետերում լարված աշխատանքը, քարտեզի շուրջ ռազմական բնույթի վերլուծություններն ու քննարկումները մեկ րոպե իսկ չէին դադարում: Բոլոր օղակների համապատասխան դիտարկումներն ու մի քանի օրվա լարված աշխատանքներն ամփոփելուց հետո զորավարժության վերջին օրը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց մոտոհրաձգային զորամասերից մեկի կազմով զորավարժություն՝ ավիացիայի, ծանր զրահատեխնիկայի ներգրավմամբ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Օհանյանը պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, բարձրաստիճան զինվորականներին ներկայացրեց պայմանական հակառակորդի հավանական գործողությունների տարբերակները և մեր ստորաբաժանումների պատասխան հարվածների ուղղությունները, կրակային փուլի խնդիրներն ու առանձնահատկությունները: Զորավարժության թեման էր՝ «Ուժեղացված զրահատանկային գումարտակի բերումը մարտական պատրաստականության աստիճանի, երթի իրականացումը և պաշտպանական բնագծի զբաղեցումը հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում, ինչպես նաեւ պաշտպանական մարտի նախապատրաստումը, վարումը և հակագրոհի անցկացումը», որի արդյունքները դեռեւս կամփոփվեն, եւ, իհարկե, կարվեն համապատասխան վերլուծություններ, հետևություններ զորամիավորման մարտունակությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով:

Այնինչ այժմ էլ ակնհայտ է, դաշտային վարժանքները կատարելագործեցին ոչ միայն դժվարին իրադրությունում հիմնավորված եւ հստակ որոշումներ կայացնելու, այլեւ մարտի ընթացքում անհրաժեշտ, հաճախ նաեւ անակնկալ զորաշարժ կատարելու հրամանատարական կազմի հմտությունները, ամրապնդեցին շարքային և սերժանտական կազմի բարոյահոգեբանական վիճակը՝ լրացուցիչ վստահություն հաղորդելով հավանական մարտական իրավիճակում առանց հապաղման եւ վստահորեն գործելու համար:

Զորավարժության ավարտից հետո տեղի ունեցավ անձնակազմի խրախուսման արարողությունը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/09/2013