ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ
ՍԿԻԶԲ
«Եռաբլուր» պանթեոնի մասին այս ակնարկը ծնվեց կարդալով զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի Արաքսյա մայրիկի շնորհակալական նամակը.
«Մենք` զոհված ազատամարտիկների ծնողներս, ցանկանում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել այն մարդկանց հասցեին, ովքեր ամեն շաբաթ եւ կիրակի օրերին ցուցաբերում են մեծ հոգատարություն, ստեղծելով ջերմ մթնոլորտ զոհված ազատամարտիկների մայրերի համար: Շնորհակալություն բոլոր այն անձանց, հանձինս մեր գերագույն գլխավոր հրամանատարին, պաշտպանության նախարարին, Եռաբլուրի աշխատակիցներին` հրամանատարից, եկեղեցու քահանայից մինչեւ սովորական աշխատողը, մինչեւ մեզ այստեղ բարձրացնող մեքենայի վարորդները:
Նորից շնորհակալ եմ Եռաբլուրի բոլոր աշխատակիցներին, ովքեր հոգատարությամբ եւ ուշադրությամբ հսկում են մեր սուրբ շիրիմները, ինչպես նաեւ ուշադիր են մեր` արդեն ծեր ծնողներիս հանդեպ: Ես որդի եմ կորցրել, սակայն հպարտ մայր եմ: Ես Եռաբլուրում ականատես եմ եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդումին: Ես հպարտ եմ, որ ունենք Ազատ Արցախ, Ազատ Հայաստան:
Ես հպարտ եմ, որ մեր հանրապետության պետական բոլոր միջոցառումների սկիզբն սկսվում է այստեղից՝ Եռաբլուրից. հունվարի 28՝ ՀՀ Բանակի օր, մայիսի 9՝ Հաղթանակի, Շուշիի ազատագրման օր, մայիսի 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օր, սեպտեմբերի 21՝ Հայաստանի Հանրապետության անկախության օր… Եվ այդ բոլոր տոներին՝ ես, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների շատ մայրեր, մասնակցում ենք… Ես հպարտ եմ, որ էսքան ցավերի, դավերի, կրակների միջից դուրս եկանք…
Եվ ուզում եմ ասել, որ էսքան ցավ ունեցող ժողովուրդը չպետք է էսքան էժան ապրի: Էսքան ցավ ունեցող ժողովուրդը պետք է ապրի արժանի Եռաբլուրին, հավատարիմ մեր սուրբ շիրիմներին: Պիտի ապրի արժանապատվորեն»…
♦♦♦
Հանրապետության նախագահի` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով ավարտվեց եւս մեկ զորակոչ եւ զորացրում: Հայրենյա՛ց զինվոր, դու արդեն տանն ես` մտերիմ հարազատների շրջապատում, որոնք առանց խոսք – մեկնաբանությունների քեզ գրկից գիրկ են խլում` համբուրում, գուրգուրում: Բառերն ավելորդ են, որովհետեւ հպարտություն, երջանկություն կկարդաս քեզ դիմավորողների դեմքերին:Եվ դու կպատմես քո ծառայությունից, դիրքերից, ամպ ու անձրեւոտ օրերից, լիալուսնի լույսով ուրվագծված լեռներից ու գիշերային հերթապահության քո օրերից: Դժվարություններից չես խոսի, բայց մայրական սիրտը առաջին իսկ հանդիպումից դա արդեն զգացել է եւ հոգու խորքում ուրախանում է քո առնականության, քո վճռականության համար: Եվ քո փոխարեն զորակոչվող զինվորին բոլորը ոգեւորում, հուսադրում են:
Հիշում ես քո զորակոչվելը, երբ բոլորը ոգեւորում, հուսադրում էին, դու էլ` նրանց, սակայն հոգուդ խորքում անհայտ, ինքնադրսեւորման մի նոր միջավայրի սպասում կար, եւ ժամ առաջ ուզում էիր զորամաս հասնել: Քեզ համար հատկապես անմոռաց է այն օրը, երբ առաջին անգամ բարձրացար դիրքեր` ի՜նչ վեհ զգացողություն, ի՜նչ վեհ, աննկարագրելի պահեր ապրեցիր… քո թիկունքում հայրենիքն էր…
Եվ հիմա դու տանն ես, սակայն հոգով այնտեղ ես` քո զինվոր ընկերների, քեզ փոխարինած նորակոչիկների հետ, որոնց սպասում էիր սրտի թրթիռով, անհամբերությամբ…
Դու արդեն հայոց անկախ պետականության անփոխարինելի զինվորն ես, հայ լեզվի ու կրոնի, նաեւ` քաղաքականության պաշտպանը, դու արդեն գիտես պետականություն, սահմանադրություն, օրհներգ, զինանշան բառերի խորհուրդը: Հասկացել ես, որ հայոց սահմաններում քո ամուր, հաստատված կեցվածքով է պայմանավորված քո երկրի նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի, նախարարի, դիվանագետի խոսքը այլ երկրների ղեկավարների հետ հանդիպումներում:
Գիտես արդեն, որ պետության հիմքը, պահապանը բանակն է, եւ դու արդեն նրա անփոխարինելի զինվորն ես: Դա է պատճառը, որ զորացրվելուց քո բառերն ավելորդ են, որովհետեւ այն ասում, շարունակում են քո ընկերները, որոնք հպարտ ու լուռ կանգնած են հայոց սահմաններին եւ այս երկու տարիների ընթացքում այդպես անխոս պիտի հաստատվեն, պիտի առաջնորդվեն անփոխարինելի զինվորի գիտակցությամբ: Անկախության տարիներին այս էլ քանի զորակոչ ու զորացրում եղավ: Վստահության, հավատի, հաղթանակի ճանապարհով իրենց պարտքը տվեցին հայոց բանակի զինվորները եւ վերադարձան` գիտակցելով մեր գոյության, ինքնապահպանման մեր հիմնական գործոնը` լինել հայենիքի զինվոր ողջ կյանքի համար: Զինվոր` նվիրումով, ինքնամաքրված ու հավատով: Իսկ այդպես լինում է բարձրիկ լեռներում, որտեղ կանգնած ես դու` հայրենյաց զինվոր:Եվ քեզ պահպանում է օրհնանքը, աղոթքը, դյուցազնական ոգին ու մեր երազների լուսե ճանապարհը: Հայոց բանակի զինվոր, զորակոչի ու զորացրումի այս օրերին եկ մտովի անցնենք այդ ճանապարհը: Այդ երեք սրբատեղին անցնենք ուխտավորի նման, անցնենք անանձնական հպարտությամբ, սիրով ու հավատով:
– Աղոթքը` Ծիծեռնակաբերդն է` հայոց անմեղ նահատակների հուշակոթող-ուխտատեղին:
– Լուսե ճանապարհը` հայոց մեծերի Կոմիտասի անվան պանթեոնն է` մեր ոգեղեն հաղթանակների ուխտատեղին:
– Դյուցազնական ոգին` Եռաբլուրն է` մեր ուժի ու զորության ուխտատեղին:
Սիրելի՛ զինվոր, եկ միասին բարձրանանք Եռաբլուր տանող ճանապարհը: Այդ ճանապարհին քեզ կուղեկցի Կոմիտասն իր հոգեզմայլ երաժշտությամբ` Սիամանթոյի, Վարուժանի, Սեւակի ձայնակցությամբ, կտեսնես Սասունի, Վանի, Զեյթունի, Մուսա լեռան բարձունքներին կանգնած հայ քաջորդիներին, կլսես նրանց հոգու ճիչը, աղաղակը եւ ի պատասխան կլսես նաեւ Եռաբլուրից նրանց պատասխանը.
-Չշրջենք մեր պատմության վերջին էջը…
-Սա մեր պատերազմն է ու… վերջ…
-21-րդ դարը մերն է լինելու…
-Մեզ մի մայր չի ծնել, սակայն մի օրորոց է օրորել՝ հայրենիքի…
Եռաբլուր` մեր թանկ քաջորդիների ննջարան, որտեղ դու պետք է զորանաս Կաթնաղբյուրի ջրով եւ ընդունես Դյուցազնական ոգին:
Եռաբլուր, որը նման է հանդարտ եռացող կաթսայի, որի կափարիչը դեռ վերուվարում է` ապրող մայրերի ձայներից:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Հոգևոր-մշակութային