ԿԱՆԱՅՔ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ
Զինվորական բոլոր մասնագիտություններն իրենց առանձնահատկություններն ունեն, ինչի համար էլ դրանք ուսուցանվում են հենց զինվորական ուսումնական հաստատություններում: Այժմ՝ բանակի ստեղծումից քսան տարի անց, մենք արդեն հնարավորություն ունենք ռազմական ինստիտուտում ուսուցանելու այն աղջիկներին, որոնք, ծառայության անցնելով զորամասերում, կարող են հրաշալիորեն կազմակերպել թե՛ մարտական պատրաստության, թե՛ թիկունքային ապահովման խնդիրները: Կամավորական ջոկատների ժամանակաշրջանից դեռեւս հայուհիներն ապացուցել են, որ կարող են հայրենիքի հրաշալի պաշտպաններ` զինվորներ, ջոկատների, զորամասերի առանձին ստորաբաժանումների հրամանատարներ լինել: Ակնհայտ է, որ բանակում գնալով ավելանում է կանանց թիվը, քանզի կարեւորվում է նրանց դերը:
Սերժանտ Լադա Վարդանյանը, շարքայիններ Անահիտ Մուրադյանը և Ժաննա Խաչատրյանը, որպես պայմանագրայիններ, ծառայում են գնդապետ Գագիկ Մովսիսյանի հրամանատարությամբ գործող կապի զորամասում: Նրանք կապիտան Հ. Զեյնալյանի ստորաբաժանումների զինվորներն են: Լադան 1988թ. ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, 1994թ. արդեն ավարտել է անվանափոխված պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրոֆակուլտետը:
-Բանակի շարքերում եմ 1996 թվից, շուրջ չորս տարի քաղաքացիական հաստիքով եմ աշխատել: 2000թ. անցել եմ զինվորական ծառայության, այս զորամաս եմ տեղափոխվել անցած տարի: Ապրում ենք զորամասի առօրյայով, մասնակցում ենք բոլոր մարզումներին, դաշտային երթերին, ելքերին, զորավարժություններին: Զինվորներից տարբերվում ենք նրանով, որ եթե զորամասում ենք, օրվա վերջում տուն ենք գնում, իսկ նրանք` ոչ: Ես սիրում եմ իմ աշխատանքը, մանավանդ, որ հասկանում եմ տեխնիկայից, և եթե հարկ է՝ նորոգումներ էլ եմ անում:
Անահիտը եւս բարձրագույն կրթություն ունի: Նա ավարտել է մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, աշխատել է կրթության և գիտության նախարարությունում, ամուսնացած է, ունի մեկ որդի:
-Արդեն երկրորդ տարին է, ինչ ծառայում եմ որպես ռադիոհեռախոսավար: Բավական հետաքրքիր աշխատանք է: Միջավայրից նույնպես չեմ դժգոհում, քանի որ զորամասում կանանց թիվը գնալով շատանում է, եւ ինձ թվում է՝ տղամարդիկ մեր ներկայությամբ դառնում են ավելի զգուշավոր ու հարգալից նույնիսկ միմյանց նկատմամբ:-
♦♦♦
Շարքային Ժաննա Խաչատրյանը ռադիոհեռախոսավար է: Դպրոցից հետո սովորել է ֆինանսական տեխնիկումում, այնուհետև՝ ֆինանսատնտեսագիտական համալսարանում: Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ և մեկ տղա, որը ծառայում է ՀՀ պետական սահմանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում:
-Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ որպես տնտեսագետ աշխատեցի «Տաշիր» առևտրի կենտրոնում, սակայն վաճառականների միջավայրը, անկեղծ ասած, սրտովս չէր: Ամեն օր դժկամությամբ էի գործի գնում ու մի օր էլ որոշեցի ընդհանրապես չգնալ: Եվ երբ բանակում ծառայելու հնարավորություն եղավ, չգիտեմ ինչու, միանգամից որոշեցի դիմել, ինչի համար ոչ թե չեմ փոշմանել, այլ շատ ուրախ եմ: Արդեն երկու տարվա ծառայող եմ: Զինվորների հետ ոչ մի խնդիր չի լինում: Նրանք մեզ իրենց ավագ քույրերի պես են հարգում, մենք էլ նրանց ենք վերաբերվում հարազատի պես: Բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս մոտիկից ճանաչեն մեր բանակը. եթե ճանաչեն՝ անհնար է, որ չսիրեն:
♦♦♦
Ենթասպաներ Գոհարիկ Գասպարյանը և Լիանա Հովհաննիսյանը ծառայում են գնդապետ Տ. Ասլիկյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Գոհարիկը սովորել է բժշկական ուսումնարանում, սակայն հանգամանքները նրան բերել են բանակ: Մի քանի տարի ծառայել է զրահատեխնիկական զորամասում, ապա որոշ ժամանակ դարձյալ անցել է քաղաքացիական աշխատանքի, որից հետո կրկին վերադարձել է բանակ: Բարեխիղճ ծառայության համար խրախուսվել է պատվոգրով, շնորհակալագրով, պարգեւատրվել ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հոբելյանական մեդալով…
-Ծառայությունը կապի համակարգում հեշտ չէ, բայց երբ մտածում եմ, թե ինչի համար եմ գիշերներն արթուն մնում, էլ ոչ մի բան աչքիս չի երևում: Ոչինչ, երեխաներս արդեն մեծ են, իրենք իրենց պահում են, կարևորն այն է, որ մեր երկրի խաղաղությունը չխաթարվի:
Գոհարիկն ունի մեկ աղջիկ և մեկ տղա, որն արդեն ավարտել է դպրոցը և հնարավոր է մոտ ապագայում զինվորական համազգեստ հագնի:
Լիանա Հովհաննիսյանը դիվիզիոններից մեկի բուժակն է: 1998թ. ավարտելով բժշկական ուսումնարանը՝ երկու տարի անց անցել է ծառայության:
-Քանի որ անձնակազմը մեծ չէ, կարողանում եմ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ վերահսկել հիվանդությունների վիճակը, միաժամանակ տեղում բուժում եմ թեթև հիվանդներին, վերքերը: Լուրջ դեպքեր հազվադեպ են լինում: Պայմանները, ինքներդ եք տեսնում, բավականին բարվոք են,- ցույց է տալիս վիրակապարանը, հիվանդասենյակները, դեղատունը, որոնք շատ որակով կառուցված դիվիզիոնի մի մասն են կազմում, իսկ մաքուր օդի, չքնաղ բնության մեջ ջահել տղաները պետք է, որ իրենց շատ լավ զգան:
Տիկին Լիանան երկու երեխաների մայր է ու խոսքի մեջ ասաց.
-Համոզված եմ՝ եթե հանկարծ կռիվ սկսվի, մեր բանակն էլի կհաղթի, բայց ես, որ մոտիկից գիտեմ, թե ինչ է պատերազմը, երբեք չեմ ուզի, որ այն կրկնվի, պատերազմը մեծ չարիք է ամբողջ աշխարհի, բոլոր ազգերի համար:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի