Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԲԵՐՁՈՐՈՒՄ



Ըստ նախատեսած պլանի՝ վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթև աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան և Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի, դպրոցականները մրցեցին հեռացատկում եւ 100, 400, 800 և 1500 մետր վազքում, ինչպես նաև փոխանցումավազքում: Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր 6 խաղացող՝ 4 տղա, 2 աղջիկ: Բացի 1500 մետր վազքի մրցումից, որին մասնակցեցին միայն տղաները, մնացածում մրցակցությունն անցավ տղաների և աղջիկների միջև: Հեռացատկում տղաներից 247 սմ արդյունքով առաջին տեղը նվաճեց Բերձորի թիմի մարզիկ Սարգիս Սարաջյանը, իսկ աղջիկներից՝ նույն դպրոցից Աիդա Հովհաննիսյանը: 100 մետր վազքատարածքում դարձյալ հաղթող ճանաչվեցին Բերձորի թիվ 1 դպրոցի սաները՝ Արա Մասկաևը և Աիդա Հովհաննիսյանը: 400 մետր վազքուղին առաջինը հատեցին Արսեն Կիրակոսյանը՝ Ծաղկաբերդից և Գայանե Հովհաննիսյանը Բերձորից: 1500 մետր վազքի մրցման հաղթող ճանաչվեց Բերձորի դպրոցի աշակերտ Վլադիմիր Սարգսյանը: 800 մետրում հաղթեցին Տորք Մկրտչյանը՝ Գետամեջից և Գայանե Հովհաննիսյանը Բերձորից:

Փոխանցումավազքում «4 անգամ 100 մետր» մրցության հաղթող ճանաչվեց Բերձորի թիմը: Ընդհանուր միավորներով առաջին հորիզոնականում հայտնվեց և մրցույթի գավաթին արժանացավ Բերձորի դպրոցը՝ 46 միավոր, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար 32 և 30 միավորներով գրավեցին և պատվոգրի արժանացան Գետամեջի և Ծաղկաբերդի թիմերը: Առաջինից երրորդ տեղեր գրաված մարզիկներն արժանացան դիպլոմների և մեդալների, որոնք հանձնեց մրցույթի կազմակերպիչ, շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, սպորտգծով տեսուչ Ռոբերտ Մատինյանը: Խաղերը վարեց գլխավոր մրցավար Վլադիկ Միրզոյանը: Մրցումներից հետո զրուցեցի մասնակիցների հետ:

Լուսինե Հարությունյանը Տիգրանավանից է, սովորում է 7-րդ դասարանում. դպրոցն ավարտելուց հետո որոշել է մանկաբույժ դառնալ: Առաջին անգամ է մասնակցում խաղերի: Ուրախ է, որ 2 մրցաձևում՝ 100 և 800 մետր վազքում գրավեց 2-րդ և 3-րդ տեղերը, արժանացավ դիպլոմի ու մեդալի: Ռիմա Անտոնյանը Գետամեջի դպրոցից է, 10-րդ դասարանից: Նա եւս խոստովանեց.

-Մի քիչ դժվար էր, սակայն հետաքրքիր էր, քանի որ անպայման ուզում ես հաղթել:

Սյուզաննա Օհանյանը տարիքով ամենափոքրն էր, սովորում է Ծաղկաբերդի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, նա ցանկանում է բժիշկ դառնալ: Առաջին անգամ է մասնակցում մրցումների: Բոլոր մասնակիցները ոգեւորված են եւ պատրաստակամ՝ մասնակցելու հետագայում եւս անցկացվելիք մարզական նմանատիպ մրցումների, ծանոթանալ, շփվել իրենց հասակակիցների հետ:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Բանակ և հասարակություն


26/09/2013