Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»



Ողջունելի նախաձեռնությամբ են հանդես եկել ԵՊԲՀ ուսանողները, ովքեր ստեղծել են «Ապագա բժիշկները հայոց բանակին» նախաձեռնող խումբ և դիմել ՀՀ պաշտպանության նախարարին՝ ԶՈՒ զորամասեր և զորամասերի բուժկետեր այցելելու, առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու թույլտվություն խնդրելով: Ընդ որում՝ նրանք պատրաստել են առաջին բուժօգնության ձևերին և մեթոդներին նվիրված ուսանողական ֆիլմ: Այս շաբաթ կայացել է ուսանողների առաջին այցը:

Առաջին բուժօգնությունը յուրաքանչյուր քաղաքացու համար թերևս պարտադիր է: Ինչ վերաբերում է զինծառայողներին, ապա այդ կանոնների իմացությունն ուղղակի կենսական անհրաժեշտություն է:

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ուսանողները ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում զինծառայողների համար անցկացրին առաջին բուժօգնության դասընթացը:

Ուսանողները նախ ծանոթացան զորամասի բուժկետի սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցեցին հիվանդների հետ՝ մանրամասն ուսումնասիրելով նրանց գանգատները:

Ինչ վերաբերում է բուն դասընթացին, ապա, մասնավորապես, ներկայացվեցին առաջին բուժօգնության կանոնները քթի արյունահոսության, հրազենային վնասվածքների, թունավոր օձերի ու կարիճների խայթոցների դեպքում: Հանգամանալից խոսվեց նաև արյունահոսության դադարեցման, ինչպես նաև լարանի ճիշտ տեղադրման մասին: Դասընթացը եզրափակվեց անձնական հիգիենա պահպանելու կարևորությամբ:

Դասընթացից զատ՝ ապագա բժիշկները ծանոթացան զինվորական առօրյային: Նրանք որոշեցին ամեն ինչ անել, որ նախագիծը շարունակական դառնա՝ ներառելով նաև հեռավոր զորամասերը:

ՏԻԳՐԱՆ ԴԱՎՈՒԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Բանակ և հասարակություն


26/09/2013