Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՏԱՐԿԱԽՈՍԻ ՀԱՄԲԱՎԻ



Ադրբեջանին անհանգստացրել է այն փաստով, որ մայիսի 9-ին Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը կընդունի «Էյր Արցախ» ավիաընկերության առաջին չվերթով ժամանած ուղևորներին: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության հռչակումից հետո առաջին անգամ արցախահայերը հնարավորություն կունենան օդային ճանապարհով հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ: Ավիափոխադրումներով զբաղվող «Էյր Արցախ» ընկերությունը սկզբնական շրջանում թռիչքներ կիրականացնի օրումեջ: Օդանավակայանի թողունակությունն է ժամում 100 ուղևոր:
Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական ադմինիստրացիայի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանն իրավունք ունի ոչնչացնելու այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում»: Մամեդովի խոսքով, «ԼՂՀ օդային տարածքը փակ է և գտնվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի տնօրինության տակ»: Այս մասին Ադրբեջանն արդեն զգուշացրել է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:
Ադրբեջանի անհանգստությունը միանգամայն բնական է. օդանավակայանի գործարկումը կխթանի ԼՂՀ և ՀՀ տնտեսական կապերը, կնպաստի ԼՂՀ զարգացմանը և իր ռազմավարական նշանակության շնորհիվ կմեծացնի վերջինիս պաշտպանունակությունը: Եւ, միգուցե, ամենակարևորը. արտաքին աշխարհի հետ օդային կապի հնարավորությունը անմիջականորեն առնչվում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: Բավական է Ստեփանակերտում վայրէջք կատարի օտարերկրյա մեկ ինքնաթիռ, և միջազգային ճանաչման գործընթացը սկսված է: Ահա ինչու են Ադրբեջանում իրարով անցել:
Տարօրինակ է, որ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքը հնչեցնում է քաղաքացիական ավիացիայի ղեկավարը: Եթե ինքնաթիռները խախտելու են Ադրբեջանի օդային սահմանը, ապա զգուշացնողը պետք է լիներ առնվազն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը կամ որեւէ զինվորական պաշտոնյա: Ուստի Արիֆ Մամեդովի բերանից հնչած սպառնալիքը չի կարող լուրջ ընդունվել:
Ակնհայտ է, որ այդ սպառնալիքի իրագործումը հավասարազոր կլիներ պատերազմի վերսկսմանը: Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է մայիսի 9-ին պատերազմ սկսել: Հազիվ թե. ադրբեջանական բանակում հաճախակի դարձած զանգվածային սպանությունները, երկրում մոլեգնող գնաճը, ներքաղաքական խմորումները, Արևմուտքի և մերձավոր հարևանների հետ հարաբերությունների վատթարացումը վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, եթե չասենք` պատերազմը կործանարար կլինի Ադրբեջանի համար:
Հարց է ծագում` ի՞նչ իմաստ ունի սպառնալը, եթե դատարկախոսի համարում ես ձեռք բերելու: Ակնհայտորեն` Ադրբեջանը փորձում է ընդամենը հոգեբանական խոչընդոտ ստեղծել օդանավակայանից օգտվողների համար: Հիրավի հուսահատ և ապարդյուն ճիգեր:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


17/03/2011