Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1992Թ. ՀՈՒՆԻՍԻ ՀԻՆԳՆ ԷՐ…



Պատմում է Արագած Մկրտչյանը (Բոնդո)

Արցախ աշխարհի Մյուրիշեն գյուղի հերոսական օրերից մեկն էր: Գարունը նոր էր վերջացել ու իր շունչն էլ ամբողջովին տարել էր իր հետ: Անասելի շոգ էր, տոթ: Ճիշտ է՝ գարնան շունչը չէր զգացվում, սակայն ամենուր` սարալանջերին, ձորերի շուրթերին, ժայռերին ու քերծերին, գեղեցիկ զգեստներ էր հագցրել տարբեր ծառատեսակների ու թփերի: Մայր բնությունը գեղեցիկ զուգվել էր և ասում էր` ապրի՛ր: Եվ բնության այդ գեղեցկությանը եթե ավելացնենք ծննդավայրի հուշերն ու քաղցրությունները, ապա կյանքը է՛լ ավելի կքաղցրանա: Ու հիմա ամեն օր թշնամին հարձակվում է, որ գյուղը ամայացնի: Եվ գյուղի տղաները կռվում են առյուծաբար: Նրանց են միացել Թալինի մեր տղաները՝ Կաքավաձորից Գաբրիելն ու Մարզպետը, Վասպուրը՝ Կաթնաղբյուրից: Մոնթեն գովեստով էր խոսում գյուղը պաշտպանող տղաների մասին: Գյուղի ջոկատի հրամանատար Հակոն քափ ու քրտինքի մեջ կորել էր: Արդեն քանի օր էր՝ կորցրել էր քունն ու դադարը: Դիրքից դիրք էր անցնում, ոգևորում.

– Քիչ մնաց, տղե՛րք, շուտով շան նման պոչները քաշելու են: Պատրաստ եղեք, որ անցնենք հարձակման:

Ասում էր ու չէր սպասում պատասխանի, անցնում էր հաջորդ դիրք: Ու մեկ էլ էդ ընդհանուր գնդակների տարափի տակ դիրքերին է մոտենում Հակոյի կինը` Նունեն, ձեռքին թանով լցված լիքը սափորը: Հակոն քար լռությամբ սպասում է, մինչև կինը հասնում է դիրքեր, ոչինչ չի ասում, սակայն կինը ասես կարդում է ամուսնու հարցը.

-Ինձ պուլը չի կպնի, խմե՛ք, ծարավ կլինեք,- ու ձեռքի սափորը պարզում է հրամանատար ամուսնուն: Հակոն վերցնում է սափորն ու առաջինը փոխանցում է կռվող տղաներին:

1992-ի հունիսի հինգն էր: Անմոռաց օր էր: Էդ օրը զոհվեց քսանը նոր բոլորած մեր սիրելի Արմենը: Ռացիան հանեց, ուզում էր մի բան ասել… ու նույն պահին էլ գնդակը մտավ սիրտը…

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Հոգևոր-մշակութային


26/09/2013