Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ…



Հայրենասիրությունը հայրենիքի գեղեցկությունները բարձրաձայն գովերգելն ու քեֆի սեղանների շուրջ հայրենիքի համար «կուրծք ծեծելը» չէ, հայրենասիրությունը յուրաքանչյուրի առօրյա տքնանքն ու նվիրված աշխատանքն է, ահա այս համոզմանն է «Patriotic Armenian Music – «Հայկական հայրենասիրական երգեր» ֆեյսբուքյան էջի հիմնադիր և ղեկավար Տիգրան Բարսեղյանը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է հայրենիքը, որտե՞ղ փնտրել հայրենասերին, ինչպիսի՞ սերունդ է մեծանում և արժանի՞ է արդյոք իր նախնիների թողած ավանդներին ու ավանդույթներին: Հենց այս և նման հարցերի պատասխաններին է հետամուտ Գարիկ Ավետիսյանի պատրաստած հարցազրույցը:

-Հայրենասեր մարդու Ձեր բնորոշումը:

-Ըստ իս՝ հայրենասեր է այն մարդը, ով հայրենասիրություն գաղափարը հասկանում է ինչպես Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը (Բեկորը). «Այդ հայրենասիրություն ասված բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարումը»: Իրական հայրենասերը պետք է լինի իր գործում լավագույնը, հայրենանվեր կատարի իր աշխատանքը, որի հետևանքը կլինի հայրենիքի բարգավաճումը, ձգտի շարժվելու նժդեհյան հետևյալ մտքերով. «Հայրենիքից չեն նեղանում…», «Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից, չլքել հայրենիքը»: Եվ այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են հայրենիքից դուրս հաջողության հասնելու համար, ներդնի նախ հայրենիքում՝ թեկուզ փոքր հաջողության ակնկալիքով, քաղաքացիական կամ զինվորական կյանքում ստացած իր գիտելիքները ծառայեցնի հայրենիքի շենացման և զարգացման գործին:

-Մենք այսօր ունե՞նք հայրենասեր սերունդ:

-Այո՛, ունե՛նք: Նրանք մեր շուրջն են, համեստ, հասարակ մարդիկ են, փառասեր չեն, և երբ հայրենիքը իսկապես զգում է նրանց կարիքը, իրենց գործունեությամբ դրսևորում են հայրենասեր մարդու բարձր կերպարը:

-Ի՞նչը կարող է իսկապես միավորել հայրենասերներին…

-Հայրենասերներին կարող է միավորել միասնական ազգային շահը և հայրենիքին վերաբերող վեհ գաղափարները: Հայրենասիրական երգերի պահպանմանն ուղղված իմ համեստ ջանքերը՝ սոցիալական կայքերում այդ երգերի և մեծ հայրենասերների մասին պատմող նյութերի տարածումը կոչված են հենց այդ նպատակին:

-Հավատու՞մ եք, որ դեռ գալու են համախմբման ժամանակները…

-Այո՛, ես առանց համախմբման հայրենիքի ապագան չեմ պատկերացնում: Հիշենք Չարենցի խոսքերը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

-Ո՞րն է հայրենասիրական երգի տեղը մեր հասարակության մեջ:

-Նման երգերը մեծ դեր ունեն հասարակության հայրենասիրական և, ինչու չէ, նաև ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

-Որքանո՞վ են մեր երիտասարդները հետեւում ազգային ավանդույթներին, եւ արդյոք պահպանո՞ւմ են հայրենասիրական երգերը:

-Ավանդույթները, ինչպես մեր նախնիները, պետք է սրբորեն պահպանել և փոխանցել սերնդեսերունդ: Ցավով եմ նշում, որ այսօրվա երիտասարդության զգալի մասը տարված է այլ բնույթի երգերով:

– Ի՞նչ խոսք կուղղեիք հայ մտավորականին ու երիտասարդությանը:

-Կցանկանայի, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր մասնագիտությունից և աշխատանքի բնույթից, ընդունի Զորավար Անդրանիկի հետևյալ խրատը. «Հետապնդե՛ ազգիդ սրբազան երազը…» և Արցախյան ազատամարտի նահատակ` սփյուռքահայ կամավորականների «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեճյանի պես հստակ գիտակցի՝ «Հետայսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»:

– Կա՞ մի բան, որ չեք կարող չասել:

-Կցանկանայի, որ բոլոր հայերը իրենց համապատասխան աշխատանքը գտնեն Հայաստանում և ստիպված չլինեն լքելու հայրենիքը: Եվ որ Սիրիայից ներգաղթող հայությունն ստիպված չլինի Հայաստանը դիտարկել որպես տեղափոխվելու տարանցիկ երկիր:

-Ձեր խրատը այսօրվա երիտասարդներին:

-Ուղղակի կասեմ, որ պատմությանը պետք է լրջորեն մոտենալ, դասեր քաղել և չկրկնել անցյալում թույլ տված սխալները: Վերջում կցանկանայի հիշել մեր մեծերի հետևյալ խոսքերը.

«Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն, որ Հայն իր պատմությունից բան չի սովորում»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

«Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ’ըլլար»:

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԸ

Արևն ելավ, Զեյթունցինե՛ր,

Դեհ, ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.

Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք՝

Բռնավորին մեր վիզ պարզած:

Զեյթունցի ենք, մեր սփոփանք

Են պատերազմ և արշավանք,

Սուր, թուր, գնդակ և հրացան

Են խաղալիք մեր հավիտյան:

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,

Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,

Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք

Մեր գերողին կրելու զայն:

Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,

Թող չտեսնե ստրկություն.

Քանի ունի մեզ պես որդիք,

Ապրի՛ Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն:

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Հոգևոր-մշակութային


26/09/2013