Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԱՂԲՅՈՒՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ



«Մի անցուսցես ի վերայ քո օր՝ որ եթէ չկարդասցես գիրք»

Յովհաննէս Գառնեցի, ԺԳ դար

Քրիստոնեական ժայռարմատ հավատքով ու մեր ժողովրդի տառապանքի, նեղության ու չարչարալից կյանքի երկունքով նվիրականացած ու երկնված հայ գիրքը կազմում է մեր ժողովրդի գոյության գլխավորագույն կռվաններից մեկը: Հայ գիրքը մեր ժողովրդի տառապալից կյանքի վկայարանն է, հոգեկան աշխարհը հայ մարդու, հայ գիրքը… աստվածաբույր ճշմարտությունների շտեմարան, հայի հանճարեղ մտքի ստեղծագործության արդյունք, գիտության ու լույսի փարոս, տիեզերքի Արարչի փառաբանանքի կոթող, հայ մտքի և հոգու փիլիսոփայական ճախրանքի վերնատուն, հայկազյան որդոց հաղորդության սկիհ, ոսկեդարի մեր ոսկեղենիկ լեզվի ու լուսասփյուռ հավատքի գանձարան, հայոց քաջաց-քաջերի կյանքի դրվատիք, հայկյան ցեղի զավակաց հավերժության գրավական, հայ ինքնուրույնության արթուն պահակ, Թորգոմյան ազգի զավակների կենսապարգև հաց ու… կարելի է դեռևս շարունակել մեր մտածումների թելը՝ հասնելու համար ներկային, այսօրվան, երբ մենք, իբրև աշակերտներ, Սահակ-Մեսրոպյան անմահանուն զույգի սիրով վառված ու քրիստոնեական հավատքով զորացած՝ ուզում ենք մի պահ հաղորդակից դառնալ մեր հայրերի տառապալից կյանքին և հաղորդվել նրանց իրագործած կոթողային գործերով: Այդ գործերից մեկը ահա գրքի տպագրությունն է… Եվ մենք՝ Ավետարանի ու Ս. Մեսրոպի աշակերտները՝ հարգանքի և երախտագիտության ամենախոր ու անկեղծագույն զգացումներով պարուրված մեր հոգին՝ ցանկանում ենք անդրադառնալ այդ մեծ գործին, վեհ աշխատանքին և նաև այս առթիվ վեր հանել մտատիպարը հայ տպագրության Գուտենբերգի՝ համեստորեն ինքն իրեն Մեղապարտ անվանած Հակոբի՝ Մեղապարտ մականվանյալի:

…Այսօր, դժբախտաբար, հայ գրքի տպագրությունն ու ընթերցումը նահանջի մեջ են: Հայկական գրադարանների հազվագյուտ այցելուները լինում են ուսանողներ, որոնք իրենց հանձնարարված նյութի ուսումնասիրության համար այնտեղ են: Մեր տներում գրադարանները փոխարինվում են համակարգիչներով և այլ գործիքներով:

Ազգովի կարիքն ունենք արթնության, զգոնությամբ գործելու և վերանայման ենթարկելու մեր վերաբերմունքը հայ գրքի նկատմամբ, հատկապես, երբ հայ գրքի տպագրության խորհրդով ցանկանում ենք օծուն տեսնել այս և առաջիկա տարիները:

Հայ գիրքը դարերի ընթացքում եղել է հայ մարդու անբաժանելի ընկերը. այն օրից, երբ Մեսրոպի հանճարով հայ գրերը հնարվեցին, ու սկիզբ դրվեց հայ դպրության, հայ գիրքը եղավ հայ մարդու բալասանը: ԺԳ դարի Գեղարդա վանքի վանահայրերից Հովհաննես Գառնեցին իր միաբաններից մեկին զանազան թելադրությունների կողքին տալիս է նաև հետևյալ ուշագրավ խրատը.

Մի անցուսցես ի վերայ քո օր՝

Որ եթէ չկարդասցես գիրք:

Բայց, նախ, մի քանի խոսք գիրք կոչված իրականության մասին: Գիրք ասելով՝ սովորաբար հասկանում ենք տպագրված գիրք, սակայն հայտնի է, որ գրքեր գոյություն են ունեցել ու այդպես են կոչվել նույնիսկ տպագրության գյուտից առաջ. ձեռագիր գրքեր գոյություն են ունեցել, թեև դրանք տպագրված գրքերի նման դյուրամատչելի չեն եղել, այսուհանդերձ՝ լայն տարածում են ունեցել, ինչպես զանազան ազգերում, նույնպես էլ հայերի մոտ: Իսկ գիրք բառը հայերենում գիր բառի հոգնակի ձևն է. հոմանիշ ունենալով մատյան բառը, որից եկել են մատենադարան, մատենագիր, մատենագրություն և այլ բառեր:

Ե դարից սկսած՝ հայ աշխարհը ողողվում է գրքերով, որոնք սկզբնական շրջանում թարգմանական գործեր են եղել, հետագայում, սակայն, ինքնուրույն գրքեր են գրվում, բազմացվում ու լայն տարածում գտնում, այնուհետև Հայաստանի վանքերը դառնում են ձեռագիր հայ գրքերի կենտրոնը: Այդ ձեռագիր գրքերը գրել, ընդօրինակել են անձնվեր, պարզ ու համեստ մարդիկ՝ գրիչները, ամենադառն պայմաններում: Գրիչը այն մարդն է, որը ձեռագիր է ընդօրինակում, գրիչները ձեռագրեր ընդօրինակելու իրենց աշխատանքի կողքին՝ ընդօրինակած ձեռագրերում թողել են հիշատակներ, որոնք պատմական անգնահատելի տեղեկություններ են ձեռագրի ընդօրինակման պարագաների, գրության վայրի, պատվիրողի, քաղաքական ժամանակակից իրադարձությունների և այլ բազմաթիվ հարցերի մասին:

Հայաստանում կային գրչության հատուկ դպրոցներ, որտեղ բազմաթիվ մարդիկ հատուկ սովորում էին գրչության արվեստը: Հայ գրիչներն իրենք իրենց միշտ պարզ ու համեստ ձևով են ներկայացրել, երբեմն նույնիսկ ծայրահեղ համեստությամբ այսպես իրենք իրենց կոչել են եղկելի, թերավարժ, անարվեստ, ազազուն, ծույլ, սխալագիր, տրուպ /չնչին, աննշան/ և այլն: Եղել են ոչ միայն պատանի գրիչներ, այլ նաև՝ գրչուհիներ: Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք տասնյակ գրչուհիների անունների. այսպես՝ Հեղինե, Շուշանիկ, Եղիսաբեթ, Մարիամ, Մարգարիտ, Բրաբիոն, Պայծառ եւ այլն:

Այս գրիչների շնորհիվ է, որ հայ ձեռագիր գիրքը, հակառակ իր դառը պատմության, գոյատևեց ու հասավ մեզ: Նրանք խորապես հավատացած էին հայ ձեռագիր գրքի ոգեղեն արժեքին. արդեն մագաղաթյա ձեռագրերում հաժախ հանդիպում ենք սրտառուչ գրությունների, այսպես՝

Ձեռքս երթայ դառնայ ի հող

Գիրս մնայ յիշատակող:

Աստվածատուր անունով մի գրիչ նույն այս գաղափարը ավելի լայնորեն է արտահայտում.

Ո՛ գիր որ մնաս,

Ո՛ ձեռ որ հողանաս,

Ո՛ եղբայր որ կարդաս,

Ո՜հ թէ գործս չմոռանաս.

Աղաչեմ, աղաչեմ,

Հանդիպողացդ պաղատեմ,

Մեղաւք մածեալ և սևերես եմ

Գծողիս Աստուած ողորմի խնդրեմ:

Նույն այս գրիչներն իրենց ընդօրինակած ձեռագրերում խնդրում էին ձեռագրերը չծախել կամ գրավ դնել. ուշադիր լինել դրանց պահպանման նկատմամբ որ պատերազմի ժամանակ մոռացության չտրվեն: Ստեփանոս անունով գրիչը հետևյալ խրատ-հանձնարարականն է գրում իր ընդօրինակած ձեռագրում.

Բան մի խրատ տամ, լսեցէք,

Գիրքս ամանաթ ձեզ պահեցէք,

Գերի երթայ՝ նա դարձուցէք,

Գէջ և ի կաթիլ տեղ մի դրէք,

Զմոմս ի վերա մի թափուցէք,

Թքոտ մատով մի շրջէք,

Եվ լբութեամբ մի պատառէք,

Թէ պատւած խիք լինիցէք,

Բանիս աւարտ կայ, գիտացեք,

Մեր կուսէն շատ չձանձրացնէք,

Երկու օրով և շագուսով պակաս չանէք:

Իսկ ձեռագիր գողացողների հասցեին էլ հատուկ անեծքներ են գրել գրիչները. այսպես՝

Ով ոք զսա գողնայ,

Երկու աչօք կուրանայ,

Հոգւով և մարմնով կապեալ մնայ

Այժմ և յաւէտ և ապագայ:

Այս գրիչները երբեմն ծաղկող կամ մանրանկարիչներ էին միաժամանակ, սակայն, կային նաև հատուկ մանրանկարիչներ կամ ծաղկողներ, այսպես՝ երբ գրիչը ավարտում էր իր ձեռագիր ընդօրինակությունը, գրված էջերը հանձնվում էին մանրանկարչին, որ մագաղաթների էջերում դատարկ թողնված տեղերում և լուսանցքներում նկարեր ձեռագրի բովանդակության համապատասխանող պատկերներ և կամ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր:

Հայկական մանրանկարչությունն այսօր հիացումի ու սքանչացումի առարկա է իր ներշնչման ուժով, նյութերի բազմազանությամբ, արվեստի նրբություններով, ինչպես նաև գույների ընտրության մեծ ճաշակով ու գծանկարի վարպետությամբ: Հայ մանրանկարիչներից համաշխարհային ճանաչում ունի Թորոս Ռոսլինը /Կիլիկիա, ԺԳ դար/, նշանավոր արվեստագետ-վարպետ մանրանկարիչներն են եղել՝ Մարգարեն՝ /ԺԳ դար/, Մոմիկը /ԺԳ-ԺԴ դար/, Սարգիս Պիծակը /ԺԴ դար/, Հակոբ Ջուղայեցին /ԺԶ-ԺԷ դար/ և շատ ուրիշներ:

Շարունակելի

Սեպուհ արք. Սարգսյան

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


26/09/2013