Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



«Հայ զինվոր» թերթը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության ջերմ խոսքերը:

Հերթական նամակը մեզ տարավ Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալ:Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել վիրաբույժ, բուժծառայության կապիտան Էմիլ Բաբաջանյանի մասին:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում ենք, բժիշկն այդ պահին վիրահատության է: ժամանակը զուր չվատնելու նպատակով փորձում եմ որոշակի տեղեկություններ իմանալ բժշկի մասին:

«Շատ մարդկային, շատ ուշադիր, շատ համարձակ եւ հրաշալի մասնագետ է: Տարբեր վիրահատություններ է կատարում` լեղապարկ, ստամոքս, վահանագեղձ, ճողվածքներ, կիստաներ: Թեեւ երիտասարդ տարիքին, բավականին փորձառու է , մեծ հեռանկարով մասնագետ է: Կոլեկտիվում էլ սիրված եւ հարգված ընկեր է »,- այսպես է բնութագրում բժիշկ Էմիլ Բաբաջանյանին կայազորային զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բուժծառայության մայոր Գոհար Կարապետյանը: «Հրաշալի վիրաբույժ է, սրտացավ եւ հոգատար բժիշկ,…» ,-շարունակում է վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր, ենթասպա Նունե Մաղաքյանը, եւ այսպես ձգվում է բժշկի մասին դրական բնութագիրը:

…Վիրահատությունն ավարտված է, մի փոքր հոգնած ներս է մտնում բժիշկը (գիշերը նաեւ հերթապահ է եղել), ու սկիզբ է առնում զրույցը:

-Հայտնի Բաբաջանյաններից որեւէ մեկի զարմի ժառանգորդ չե՞ք,-հարցնում եմ ես` չգիտես ինչու վստահաբար սպասելով դրական պատասխանի:

-Չէ՛, – ժպտում է բժիշկը,- հայտնի Բաբաջանյաններից ոչ մեկի զարմից էլ չեմ: Ծնվել եմ Արտաշատում, այնտեղ էլ դպրոց հաճախել, հետո էլ ավարտել եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:

-Ձեր գերդաստանում բժիշկներ կա՞ն,- հարցնում եմ:

-Ես մեր գերդաստանի առաջին բժիշկն եմ, նաեւ առաջին զինվորականը:

-Իսկ կա՞ տարբերություն, երբ բժշկի խալաթ եք հագնում կամ զինվորականի համազգեստ եք կրում:

– Կա նմանություն` երկուսն էլ պարտավորեցնում են:

-Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը: Ի՞նչն է կարեւոր բժշկի համար` պրոֆեսիոնալիզմը, թե մարդկային հատկանիշները:

-Բնականաբար, միայն բժշկական կրթությունը դեռ բավարար չէ, բժշկագիտության խոր իմացությունից զատ, բժիշկն օժտված պետք է լինի կլինիկական մտածելակերպով, ունենա գործելու իր ալգորիթմը, մի քիչ հոգեբան լինի ու ամենակարեւորն ու գլխավորը`պետք է սիրի իր աշխատանքը: Այս ամենին զուգահեռ` անհրաժեշտ է նաեւ անձնվիրություն, հոգատար եւ սրտացավ վերաբերմունք հիվանդի նկատմամբ. հիվանդը պետք է վստահի բժշկին:

-Ասում են` հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է: Մինչ Դուք վիրահատում էիք, ես հասցրի «հարցաքննել» Ձեր հիվանդներից մի քանիսին եւ միայն գոհունակության խոսքերի լսեցի:Նրանցից մեկը էլ ասաց.« Բաբաջանյանը թեթեւ ձեռք ունի, լավ եւ վստահելի բժիշկ է»… Պարոն Բաբաջանյան, ում եք համարում բժշկության ասպարեզում Ձեր ուսուցիչը:

-Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանին: Ուսանելուս տարիներին իմ անմիջական ղեկավարն էր. բարձր պրոֆեսիոնալիզմ, հիվանդի հետ խոսելու տակտ, վարվելակերպ: Բժիշկ, որին անվերապահորեն հավատում եւ վստահում են բոլոր հիվանդները: Նրա շնորհիվ բժշկագիտության մեծ դպրոց անցա: Ի դեպ, հունիսի 21-ին ՀՀ Առողջապահության նախարարության «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթի ժամանակ Արսեն Գրիգորյանը ճանաչվել է տարվա ռազմական բժիշկ»:

-Մի փոքր ներկայացրեք ձեր աշխատանքային առօրյան:

-Նախ ուզում եմ խոսել մեր բաժանմունքի մասին` հիանալի անձնակազմ` հրաշալի մասնագետներով համալրված: Մեր բաժանմունքի պետը` բուժծառայության մայոր Ռուբեն Համբարձումյանը, ամեն հարցում թեւութիկունք է, մեր բուժքույրերը չափազանց հոգատար ու սրտացավ են` մոր պես են: Չեմ կարող հատուկ չնշել մեր անեսթեզեոլոգների անունները` օրդինատորներ, բուժծառայության մայորներ Լեւոն Բալայան, Միքայել Նանյան, ուզում եմ անպայման շեշտել` անեսթեզեոլոգների աշխատանքն անչափ կարեւոր ու բաղկացուցիչ մասն է կազմում հաջող վիրահատության:

Իսկ մեր աշխատանքային առօրյան սկսվում է համայցերով, վիրահատություններով, վիրակապումներով, դե, ինչպես ընդունված է բոլոր հիվանդանոցներում: Այցելում ենք նաեւ զորամասեր` մեթոդական օգնություն ցուցաբերելու:

-Դուք բազմաթիվ շնորհակալագրեր ունեք, մեդալներ, այս ամենը խոսուն վկաներն են կատարած աշխատանքի: Այդուամենայնիվ, ի՞նչն եք համարում բժշկի աշխատանքի վարձատրությունը:

-Ներքին բավարարվածությունը. բժիշկը օգնում է հիվանդին, վերադարձնում առողջությունը, որ մարդ լիարժեք ու առողջ ապրի իրեն բաժին հասած կյանքը: Յուրաքանչյուր բժշկի համար ամենամեծ վարձատրությունը ապաքինված-առողջացած հիվանդն է ու նրա երախտիքով լի խոսքը` շնորհակալ եմ, բժի՛շկ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Ազգային բանակ


26/09/2013