Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ՈՉ ՄԻ ԹՇՆԱՄԻ ՉԿԱՐՈՂԱՆԱ ԿՐԱԿԵԼ ՄԵԶ ՎՐԱ



Սեպտեմբերի 21-ն է, ես ու լուսանկարիչ Արեգը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ենք, եկել ենք լուսաբանելու Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումը:

-Տասի չորսը՝ ազատամարտիկ Աշոտ Չախոյանի անվան դասարանը, մեծ հայրենասերի անունը կրելու պատիվը հանձնում է հինգի մեկին:-Բացատրում է դպրոցի տնօրենը: -Որոշեցինք այսպես նշանավորել 2013թ. սեպտեմբերի 21-ը: Անկախությունը արժեւորվում է իր խորհրդանիշներով, այն հերոսներով, որոնք անկախության ավետաբերներն ու պահապաններն են: Աշոտ Չախոյանը նրանցից մեկն է: Մենք հպարտանում ենք, որ Արցախի ազատագրության համար իր կյանքը զոհաբերած քաջորդին մեր դպրոցի սանն է եղել, եւ փորձում ենք նրա օրինակը ամրագրել դպրոցի բարոյական ավանդույթների ենթատեքստում ու դարձնել չափանիշ բարձրացող սերնդի համար:

-Շուտով ավտոբուսները կգան, ու կճանապարհվենք,-ասում է պատկառելի տարիք ունեցող ուսուցչուհին՝ տիկին Խաչատրյանը, որը եղել է Աշոտ Չախոյանի ուսուցչուհին, հերոսի անունը կրող տասի չորրորդ դասարանի դասղեկն է եւ այս միջոցառման կազմակերպիչներից մեկը:

-Ո՞ւր ենք ճանապարհվելու,-հարցնում է Արեգը:

-Զորամաս: Այն զորամասը, որտեղ ծառայել է Աշոտ Չախոյանը: Հենց այդտեղ մեր փոքրիկները կարժանանան Աշոտ Չախոյանի անվան դասարան կոչվելու պատվին:

…Մի պահ չեմ ճանաչում Գոհար Մարտիկյանին: Այս կնոջը ներկայացնելու կարիք չկա, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա լեգենդար Աշոտ Չախոյանի մայրն է: Ապրելու բանաձեւ վերնագիրը կրող վեցհատորյակի հեղինակը նաեւ հեղինակային ռադիոհաղորդում ունի, որը նվիրված է Արցախի պատերազմի նվիրյալներին եւ հազարավոր սրտեր է հուզել: …Երբ զինվորական համազգեստով տղաները ընդառաջ են գալիս մեզ եւ խառնվում սեւ-սպիտակ հագուստով դպրոցականներին, ես ակամա նայում եմ Գոհար Մարտիկյանին: Նրա տղան այս զինվորների տարիքին էր, երբ ավարտեց իր սխրալից կենսագրությունը՝ երիտասարդ կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Մտածում եմ՝ ուժ կունենա նրա մայրը զսպելու արցունքը: Իսկ տիկին Մարտիկյանը ժպտում է: Արցունք չկա ժպիտի մեջ, իրոք, չկա: Նրա ժպիտը հպարտ է, վեհ, ապրեցնող: Հետո նա շրջվում է դեպի ինձ ու ասում՝ այսօրվա համար զոհվեցին մեր տղաները: Սա էր նրանց կյանքի գինը՝ այս ինքնավստահ, խրոխտ զինվորներն ու այս երջանիկ անհոգ փոքրիկները…

…Երբ տիկին Գոհարը բեմ է բարձրանում, դահլիճում լռությունը խտանում է, դառնում արճիճե ցավ, սիրտ պայթեցնող հպարտություն…

-Այս զինվորական համազգեստը, որ դուք կրում եք, հերոսության, հայրենասիրության, սխրանքի, փառքի ու ազատության խորհրդանիշ է,-Գոհար Մարտիկյանի ձայնը պինդ է ու ոգեշունչ,-ես ինքս ինձ հաճախ հարց եմ տալիս՝ որտեղի՞ց է սկսվում հայրենիքը, ավարտուն պատասխան չեմ գտնում: Որովհետեւ հայրենիքն սկսվում է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… հայրենակցիդ հանդեպ քո սրտացավությունից, քո երկրում ինչ-որ բան դեպի լավը փոխելու ավուր ջանքից մինչեւ հայրենիքիդ համար կյանքդ զոհաբերելու պատրաստակամությունը…

…Արեգը աչքով-ունքով է անում. լրիվ ափերից դուրս եմ եկել: Եռագույն փողկապներով այս փոքրիկներից ավելի բարձր եմ երգում.

-Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են

Մեր թրերը միշտ ամուր են, սուր են:

Եվ նրանց նման դոփում եմ ոտքերով:

-Հայրենիք, հայրենիք, հայրենիք…Հայաստան…

Հիմա սա սովորական դահլիճ չէ. օդի մեջ հույզերն ու ապրումները խտացել են, օդի մեջ լռություն կա, հպարտություն կա, ըմբոստություն կա, քաջություն ու ազնվություն կա…

«Հիմա էսքանիս լցնեն ավտոբուսը, ուղարկեն սահման, բաց թողնեն ադրբեջանցիների վրա… մի ժամում Բաքու կհասնենք»,-էս Արեգը լրիվ կորցրել է իրեն:

Կողքիս երիտասարդ բարետես կին է նստած, երեխաներին հավասար երգում է եւ ծափահարում: Երեւի ուսուցչուհի է՝ մտածում եմ:

-Ծնող եմ,-ասում է,-իմ երեխան հինգի մեկում է:

Հասմիկ Վարդանյանի որդին բժշկական համալսարանում է սովորում, շուտով կզինվորագրվի ազգային բանակին, դուստրը այսուհետ սովորելու է Աշոտ Չախոյանի անունը կրող դասարանում:

-Մենք պետք է հայրենասեր ու բարոյական զավակներ մեծացնենք: Որպես ծնող՝ դա մեր կարեւորագույն պարտքն է հայրենիքի առաջ: Հայրենասիրությունը մարդու ամենամեծ առաքինությունն է, դրանից են սկիզբ առնում մարդու բոլոր արժանիքները՝ ծնողասիրությունը, գթասրտությունը, ազնվությունը, խիզախությունը…

Տոնն ավարտված է: Մենք լուսանկարվում ենք զինվորների հետ: Կողքիս կանգնած փոքրիկ աղջիկը զգուշորեն բռնել է ձեռքս:

-Դուք զինվորակա՞ն եք:

-Այո՛:

-Համազգեստ ունե՞ք:

-Ունե՛մ:

-Կարողանո՞ւմ եք կրակել:

-Կարողանո՛ւմ եմ:

-Ես զինվորական եմ դառնալու, դիպուկահար:

-Ինչո՞ւ դիպուկահար:

-Որ ոչ մի թշնամի չկարողանա կրակել մեզ վրա:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Բանակ և հասարակություն


26/09/2013