ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ. ԿՈՉ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ:
Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից:
Իսկ եթե եկել է վերջը. ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով:
Մեր պատմությունը անցյալ դարերի լիքն է քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն՝ էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է մեր վերջին արյունին:
ԳԵՎՈՐԳ Ե ԿԱԹՈՂԻԿՈՍ
Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում