ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը 2010թ. ընթացքում հաջողությամբ կատարեց առաջադրված բոլոր խնդիրները եւ ազգային բանակում ճանաչվեց լավագույնը։ Իսկ նույն զորամիավորման զորամասերից մեկը, գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ, լավագույնը ճանաչվեց եւ պատվո դրոշով պարգեւատրվեց հանրապետության պետական սահմանի պահպանության գործում ցույց տված բարձր արդյունքների համար։
Կասկածից վեր է, որ ստեղծված իրավիճակում սահմանի հուսալի պահպանությունն ամենակարեւոր առաջադրանքն է, միեւնույն ժամանակ հարկավոր է համոզվել, որ զորամասը կարող է առաջադրանքները կատարել նաեւ ակտիվ պաշտպանության կազմակերպման ժամանակ։ Գաղտնիք չէ, որ գիտելիքների, կարողությունների ստուգման, ճշտման, ինչպես նաեւ ունակությունների զարգացման ու կատարելագործման լավագույն միջոցը մարտավարական զորավարժությունն է։
Մարտական պատրաստության պլանով գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտավարական զորավարժություն անցկացնելու առաջադրանք ստացավ ձմեռային-գարնանային ուսումնական փուլի կարեւոր ժամանակահատվածում՝ ջոկերի ու դասակների ներդաշնակման գործընթացի ավարտին։
«Զորամասի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։ Պաշտպանական մարտի վարումը» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարական եռափուլ զորավարժության ղեկավարն էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։
Զորավարժության առաջին փուլում, զորամասի մշտական տեղակայման վայրում ստուգվեցին ստորաբաժանումների (գումարտակների) գործողություններն ուսումնական տագնապի ժամանակ։ Իրավիճակի գնահատումից հետո զորամասի հրամանատարը որոշեց կազմակերպել պաշտպանողական մարտ՝ պահպանությունից անցնել պաշտպանության։
Երկրորդ փուլում կազմակերպվեց եւ իրականացվեց զորամասի ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի կոմբինացված ռազմերթ դեպի «Բաղրամյան» ուսումնական կենտրոն։ Այստեղ զորամասը կազմակերպեց ճամբարային ավան եւ սկսեց նախապատրաստվել առաջիկա մարտական գործողություններին։ Այդ ընթացքում զորամասն ստանում է անհրաժեշտ համալրումը, մասնավորապես՝ հրետանային եւ հետախուզական զորամասի ստորաբաժանումներով։ Միաժամանակ կատարվում է մարդային ուժի եւ տեխնիկայի (ավտոտրանսպորտի) համալրում պահեստազորից։ Ինչպես նշեց գնդապետ Վահրամ Գրիգորյանը, չնայած ծանր եղանակային պայմաններին, պահեստազորից համալրումը պատշաճ կերպով էին կազմակերպել Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի եւ Իջեւանի զինկոմիսարիատները։
***
Զորավարժության երրորդ՝ մարտական հրաձգության փուլի ընթացքին հետեւում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ վարչությունների պետերը եւ մասնագետ սպաները, զորամիավորումների հրամանատարները, նրանց տեղակալները եւ ծառայությունների պետերը։
Հրավիրվածները, ժամանելով «Բաղրամյան» զորավարժարան, նախ ծանոթացան տեղամասերից մեկում բացազատված ուսումնական կետերում զորատեսակների ներկայացրած առանձին զենքերի, զինամթերքի տեսակներին, դրանց կիրառման ձեւերին։
Ուսումնական կետերից մեկում ներկայացվեց ձեռնամարտի ցուցադրական պարապմունք։ Ինժեներասակրավորները ցույց տվեցին հակատանկային ականադաշտի ստեղծման, ինչպես նաեւ հետախուզության կազմակերպման եւ ականազերծման ձեւերը։ Մեկ այլ կետում հակաօդային պաշտպանության մասնագետները ներկայացրին ՀՕՊ շարժական կառավարման կետը, ինչպես նաեւ որոշ զինատեսակներ եւ ցույց տվեցին դրանց կիրառման կարգը։
Մեկ այլ կետում ցուցադրվեց զրահատեխնիկայի ոչնչացումը փակ կրակային դիրքից, իսկ մեկ ուրիշում՝ երկկողմանի մարտական գործողություն։
Յուրաքանչյուր ցուցադրության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով զրահատեխնիկայի գրոհի ընթացքում դասակի գործողություններին՝ նախարարը նշեց, որ ցուցադրության կազմակերպիչները այնքան էլ հաջող չեն նմանակել իրական մարտադաշտը, այնինչ նման բոլոր պարապմունքների, մարզումների նպատակն է, որ մասնակից զինվորները տեսնեն, թե ինչպիսին է լինում այն եւ հոգեբանական անհրաժեշտ պատրաստություն ստանան։ Նույն նպատակն է հետապնդում երկկողմանի կրակոցներով մարտական գործողության նմանակումը։
Ուսումնական կետերից մեկում էլ ներկայացվեցին տարբեր ստորաբաժանումների եւ տարբեր նշանակության լրակազմեր։ Ցուցադրական թռիչքներ կատարեցին ՍՈՒ-25 ինքնաթիռները եւ Մի-24 ուղղաթիռները։
ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՒ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ
Զորավարժարանում ամեն ինչ պատրաստ է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն սկսելու համար։ Ճամբարային հավաքի երկու շաբաթների ընթացքում բավական գործ է արվել, ստեղծվել են պաշտպանական ամրություններ։ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթեւոսյանը ներկայացրեց զորավարժության առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքը եւ երրորդ փուլում նախատեսված իրադարձությունները։ Զորավարժություն անցկացնելու պատրվակով հակառակորդը կենտրոնացրել է ուժերը եւ անցել հարձակման։ Պաշտպանությունն իրականացվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։ Առանձին հատվածներում հակառակորդին հաջողվել է առաջ գալ։ Հարկավոր է նրա առաջընթացը կասեցնելու եւ կենդանի ուժն ու զինտեխնիկան ամբողջությամբ ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել։
Գնդապետ Ի. Մաթեւոսյանը ներկայացրեց հարուստ թիրախային իրադրություն, նշելով, թե որ զորատեսակի համար քանի թիրախ է նախատեսված, նաեւ նշեց, որ առաջադրանքի կատարման համար նախատեսվում է օգտագործել հետեւակի մարտական մեքենաներ, հակատանկային, զենիթային կայանքներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ այլն։ Իրադարձությունները ծավալվում են անձնակազմի համար անծանոթ տեղանքում։
Իրավիճակի մասին տեղեկացրեց նաեւ զորամասի հրամանատար գնդապետ Վ. Գրիգորյանը։ Նա ներկայացրեց հետախուզության միջոցով ստացված տվյալները հակառակորդի զինուժի քանակի, ռազմական տեխնիկայի մասին, ցույց տվեց ստեղծված իրավիճակը եւ թվարկեց այն միջոցները, որոնք ձեռնարկվել են հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի ուժերը ջախջախելու, այնուհետեւ հակահարձակման անցնելու համար։
Զորավարժության նախապատրաստման, խնդիրների առաջադրման եւ դրանց կատարման մասին պարզաբանումներ տվեց նախարար Սեյրան Օհանյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ զորավարժության ղեկավար կազմի գործողություններին, կարեւորեց փաստաթղթերի ճիշտ նախապատրաստումը, տեղանքի ընտրության հարցը, տեղամասերի, պաշտպանական շրջանների կահավորումը, գործողություններից առաջ անձնակազմի եւ մարտական տեխնիկայի նախապատրաստումը։ Նախարար Սեյրան Օհանյանը նաեւ կարեւորեց դաշտային ելքերի ժամանակ անձնակազմերի կենցաղային եւ ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման խնդիրները։
Հակառակորդը շարունակում էր գրոհել։ Պաշտպանական բնագծերում պայթյունները հաջորդում են իրար։ Սակայն շատ շուտով սկսեցին աշխատել մեր հրետանային կայանքները, հակատանկային միջոցները։ Նույնիսկ անզեն աչքով երեւում էր, թե ինչպես են ոչնչանում թիրախները։ Թիկունքից առաջ շարժվեցին տանկերը, հետեւակի մարտական մեքենաները։ «Բաղրամյան» զորավարժարանը նմանվեց իսկական մարտադաշտի։ Հայտնված ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ոչնչացնում էին պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան՝ ապահովելով մոտոհրաձգային գումարտակի առաջընթացը։
Սկսեցին գործել նաեւ ՀՕՊ միջոցները։ Հակառակորդի նահանջը լավագույնս արտահայտվեց «նահանջող», այսինքն՝ ոչնչացվող ու պակասող թիրախային իրադրությամբ։ Նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շարժվեցին «առաջնագիծ»՝ տեղում հետեւելու ստորաբաժանումների գործողություններին։ Քիչ անց կրակադաշտում այլեւս կանգուն թիրախներ չկային։
Առաջադրանքները հաջողությամբ կատարեցին մայորներ Ա. Գասպարյանի, Ս. Ալաբերքյանի, Վ. Յայլոյանի, փոխգնդապետ Ա. Միրզախանյանի հրամանատարությամբ գործող գումարտակների ստորաբաժանումները, հրետանավորները՝ դիվիզիոնի հրամանատար Ա. Բաբասյանի հրամանատարությամբ, սակրավորային, հետախուզական եւ ՀՕՊ վաշտերը։
…Մինչ տեղի կունենային արդյունքների նախնական ամփոփումն ու զինծառայողների խրախուսումը, մենք զրուցեցինք մասնակից ստորաբաժանումների անդամների հետ։
-Մենք հետախույզներ ենք։ Ինքս խմբի հրամանատարն եմ։ Մեզ առաջադրանք էր տրվել դարանակալել եւ գերեվարել հակառակորդի հրամանատարին։ Առաջադրանքը կատարեցինք՝ ոչնչացնելով թշնամու չորս զինվորի,- ասաց լեյտենանտ Ա. Մարտիրոսյանը։ -Ակտիվ գործողություններով աչքի ընկան կրտսեր սերժանտ Արկադի Մարտիրոսյանը, ավագ հետախույզ, նռնակաձիգ շարքային Նարեկ Պողոսյանը, հետախույզ-սակրավոր շարքային Անդրանիկ Աղաջանյանը, դիպուկահար Բաբկեն Գրիգորյանը, հետախույզ սակրավոր շարքային Հրանտ Խաչատրյանը, ռադիոհեռախոսագրող եֆրեյտոր Վահան Բաբայանը։
***
Տանկերից մեկի հրամանատարը ավագ սերժանտ Հարություն Առաքելյանն է, նրա գործընկերներն են նշանառու-օպերատոր շարքային Ալբերտ Վարդազարյանը եւ մեխանիկ վարորդ շարքային Սամվել Հակոբյանը։
-Մենք մեր առաջադրանքը կատարեցինք հաջողությամբ։ Վստահեցնում եմ, որ թիրախները խոցված են,- ասաց ավագ սերժանտը։
Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ տղաները փորձառու են։ Սամվելը պայմանագրային զինծառայող է, իսկ Հարությունն ու Ալբերտը մայիս ամսին զորացրվելու են։
ՀՄՄ-1-ի անձնակազմերից մեկը ներկայացնում էին հրամանատար սերժանտ Հարություն Բարսեղյանը, նշանառու-օպերատոր շարքային Հարություն Խաչատրյանը, մեխանիկ-վարորդ շարքային Աշոտ Տոնոյանը։ Նրանք նույնպես լավ տրամադրություն ունեին։
-Յոթ կրակոցով խոցել ենք բոլոր թիրախները,- ասաց հաշվարկի հրամանատարը։
Նույն զրահամեքենայի մեկ այլ հաշվարկում էին կրտսեր սերժանտ Լեւոն Մկրտչյանը, շարքայիններ Նորայր Աբազյանը եւ Սարգիս Մկրտչյանը։
-Չորս կրակոցով ոչնչացրել ենք չորս թիրախ,- ասաց Լեւոնը։
Այս բոլոր զինվորները մայոր Ա. Գասպարյանի գումարտակից են։
***
«Շիլկայի» անձնակազմերը նույնպես ամբողջությամբ կատարել էին իրենց առաջադրանքները։
Հրամանատար ենթասպա Վահագն Առաքելյանը, ավագ օպերատոր շարքային Հայկ Այվազյանը, մեխանիկ- վարորդ շարքային Նվեր Խաչատրյանը վստահեցրին, որ բոլոր թիրախները ոչնչացված են։ Նույնն ասացին նաեւ մեկ ուրիշ կայանքի անձնակազմի անդամներ լեյտենանտ Է. Վարդանյանը, շարքայիններ Նարեկ Զաքարյանը եւ Նարեկ Վարդերեսյանը։ Ավագ ենթասպա Ժորա Մելիքյանը, շարքայիններ Արամ Առաքելյանը եւ Արսեն Բարսեղյանը, խոսելով հենց նոր ավարտված զորավարժության մասին, գոհունակությամբ նշեցին, որ շատ կարեւոր փորձ ձեռք բերեցին՝ թե՛ անծանոթ տեղանքում մեքենավարման եւ թե՛ մարտական հրաձգության առումով։
***
Օրվա վերջում վրանային ավանում տեղի ունեցավ անձնակազմի խրախուսման արարողությունը։ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը բոլոր զինծառայողներին եւ պահեստազորայիններին շնորհավորեց հաջողությամբ իրականացված զորավարժության առիթով։ Այնուհետեւ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթեւոսյանը հրապարակեց ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանը՝ առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսելու մասին։ Շնորհակալագրերով, պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով խրախուսվեցին ինչպես պահեստազորայինները, այնպես էլ զորամասի զինծառայողները։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները`
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր