Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐԻ «ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ



ՑԻՆԻԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Այս տարվա սեպտեմբերի 10-ին ամերիկացի հռչակավոր քաղաքական գործիչ, 1969-1975 թթ. ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական, 1973-1977 թթ. ԱՄՆ պետքարտուղար, ազգությամբ հրեա Հենրի Քիսինջերը (ծնվ. 1923 թ.) կողմ արտահայտվեց այն բանին, որ ԱՄՆ-ը հարվածներ հասցնի Սիրիային (նախկինում նա հանդես էր գալիս ԱՄՆ-ի ռազմական միջամտության դեմ), և դեռ քննադատեց ԱՄՆ նախագահ Բ.Օբամային, որ ինքնուրույն որոշում կայացնելու փոխարեն փորձել է Կոնգրեսի հավանությունն ստանալ:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները վերլուծաբաններին ստիպում են հիշել Հենրի Քիսինջերի ասածները, որոնք 2011 թ. նոյեմբերի 27-ին հրապարակեց ամերիկյան «The Daily Squib» պարբերականի թղթակիցը՝ որպես վերտառություն մեջբերելով Քիսինջերի խոսքը. «Եթե չեք լսում պատերազմի թմբուկների ձայնը, ուրեմն խուլ եք»: Մինչև այսօր էլ անհասկանալի է, թե ինչն էր Քիսինջերին մղել ցինիզմի հասնող անկեղծության (միգուցե չափից ավելի ինքնավստահությո՞ւնը), և թե ինչու նրա օգնականն ընդհատեց հարցազրույցը. մի՞թե այդ կարգի դիվանագետը պետք է ասեր ավելին, քան անհրաժեշտ է: Ճիշտ է, այդ ժամանակ նա 88 տարեկան էր և լիովին կարող էր կորցրած լինել դիվանագիտական «չափի զգացումը», բայց այդ դեպքում չպետք է ի վիճակի լիներ նաև մի քանի ամիս անց՝ 2012 թ. մարտի 4-ին Մոսկվայում հանդիպել Վ.Պուտինի հետ և մի քանի ժամ տևող բանակցություն վարել:

«The Daily Squib»-ի թղթակցին Հ.Քիսինջերն ասել է.

«Միացյալ Նահանգները իր ցանցն է գցում Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ նրանց դագաղի կափարիչի համար վերջին մեխը լինելու է Իրանը, որն, իհարկե, Իսրայելի գլխավոր թիրախն է: Մինչև այսօր մենք թույլ էինք տալիս, որ Չինաստանը ռազմական առումով հզորանա, իսկ Ռուսաստանը վերականգնի «ապախորհրդայնացման» հետևանքով կորցրած ուժերը: Եվ դա անում էինք միայն նրա համար, որ կեղծ ինքնավստահություն ներշնչենք նրանց, ինչից ավելի արագ կկործանվեն: Մենք նման ենք վարպետ հրաձիգի, որն իր հակառակորդին հրահրում է զենք վերցնել, բայց հենց որ նա ձեռքը մեկնի դրան՝ վերջը եկել է:

Մոտեցող պատերազմն այնքան դաժան է լինելու, որ հաղթել կարող է միայն գերտերությունը: Իսկ դա մենք ենք, հարազատներս:

Հենց այդ պատճառով է, որ Եվրամիությունն այդքան շտապում է վերածվել գերտերության. նրանք գիտեն գլխներին գալիքը, և որ գոյատևելու համար Եվրոպան պետք է դառնա միասնական ու համախմբված: Հապճեպությունը, որով նրանք դա անում են, ինձ հուշում է, որ հիանալի տեղեկացված են սպասվող վճռական հուժկու բախման մասին:

Օ՜, ինչպես եմ ես երազել այդ երանելի պահը:

Տիրացիր նավթին և կվերահսկես ազգերին, տիրացիր սննդամթերքին և կվերահսկես մարդկանց: Եթե դուք սովորական մարդ եք, ապա կարող եք նախապատրաստվել պատերազմին՝ տեղափոխվելով գյուղական վայր և այնտեղ տնտեսություն հիմնելով: Բայց չմոռանաք զենք վերցնել ձեզ հետ, քանի որ ամենուրեք թափառելու են քաղցած ամբոխներ: Թեպետ ընտրախավի ներկայացուցիչները թաքնված են լինելու իրենց ապահով ապաստարաններում ու հատուկ կացարաններում, զգուշությունը նրանց էլ չէր խանգարի՝ պատերազմի ընթացքում ապաստարանները նույնպես կարող են հարձակման թիրախ դառնալ:
Մենք մեր զինվորականներին ասել ենք, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է նվաճել յոթ երկիր՝ նրանց ռեսուրսներին տիրանալու համար, և նրանք համարյա ավարտել են իրենց աշխատանքը: Բոլորը գիտեն իմ կարծիքը զինվորականների մասին, բայց պետք է խոստովանեմ, որ նրանք նույնիսկ չափից ավելի ջանասիրաբար են հետևել հրամաններին: Մնացել է վերջին փոքր աստիճանը, որի վրա ոտք դնելը լիովին կփոխի ուժերի հավասարակշռությունը, և այդ աստիճանը Իրանն է: Ռուսաստանն ու Չինաստանը դեռ ինչքա՞ն են ձեռքները ծալած դիտելու, թե Ամերիկան ինչպես է սրբում ամեն ինչ: Մենք բոթելով քնից կհանենք և՛ ռուսական ահեղ արջին, և՛ չինական մանգաղը, և ահա այդժամ գործին պետք է խառնվի Իսրայելը: Նա ստիպված կլինի կռվել ուժերի ամբողջ լարումով ու իր բոլոր զենքերով, որպեսզի սպանի հնարավորին չափ շատ արաբների: Հուսանք, որ եթե ամեն ինչ լավ լինի, Մերձավոր Արևելքի կեսը կդառնա իսրայելական:

Վերջին տասնամյակի ընթացքում մենք մեր երիտասարդությանը հարկ եղածին պես վարժեցրել ենք համակարգչային խաղերի միջոցով: Հետաքրքիր էր տեսնել «Պարտքի թելադրանքով. ժամանակակից պատերազմ-3» («Call of Duty: Modern Warfare 3») նոր խաղը: Չէ՞ որ այն լիովին արտացոլում է մոտ ապագայում կատարվելիքը, որովհետև ծրագրավորողները կանխատեսել են ապագան: Մեր երիտասարդությունը և՛ ԱՄՆ-ում, և՛ ամբողջ Արևմուտքում, պատրաստ է, որովհետև նրանց ծրագրավորել են լինել լավ զինվորներ, թնդանոթի միս: Եվ երբ նրանց հրամայեն դուրս գալ փողոց ու կռվել այդ խելառ չինացիների ու ռուսների դեմ, նրանք կենթարկվեն հրամանին:

Մոխիրներից մենք կկառուցենք նոր հասարակություն, նոր աշխարհակարգ. կմնա միայն մեկ գերտերություն, և հաղթող կլինի միայն համաշխարհային կառավարությունը: Մի՛ մոռացեք, որ Միացյալ Նահանգներն ունի լավագույն զենքը, մենք ունենք այնպիսի բաներ, որ ուրիշների մտքով անգամ չի անցնում: Եվ այդ ամենը մենք աշխարհին ցույց կտանք, երբ ժամանակը գա» (Քիսինջերի օգնականն այս լավատեսական նոտայի վրա լրագրողին հապճեպ դուրս է հրավիրում):

Այս աղմկահարույց բացահայտումից մեկ տարի անց՝ 2012 թ. սեպտեմբերին, Քիսինջերն արեց ևս մի նմանատիպ հայտարարություն՝ «10 տարի հետո Իսրայել այլևս չի լինի» (տես, օրինակ, http:// www.presstv.ir/detail/2012/10/01/ 264485/no-more-israel-in-10-years-kissinger/): Ուշագրավ է, որ ամերիկյան հետախուզական 16 գործակալությունների ներկայացրած՝ «Առանց Իսրայելի Մերձավոր Արևելքի պատրաստվելով» 82 էջանոց վերլուծական զեկույցում համարյա նույն եզրակացությունն է արվում: Հիմնավորումն այն է, որ ըստ հաշվարկների՝ Իսրայելի ռեսուրսները բավարար չեն Պաղեստինին սատարող ուժերին (մահմեդական աշխարհին) դիմակայելու համար: Արաբական հեղափոխությունների հետևանքով իշխանության եկող ուժերն ավելի թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի աջակցությանը Իսրայելին, ապա ԱՄՆ-ը նույնպես դրա համար ռազմական ու ֆինանսական ռեսուրսներ այլևս չունի: Մահմեդական շուրջ 5 տասնյակ պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու համար ԱՄՆ-ը պետք է հետամուտ լինի իր ազգային շահերին և հրաժարվի Իսրայելին օգնելուց: Ավելին, ըստ զեկույցի հեղինակների՝ այսօր Իսրայելն ԱՄՆ-ի ազգային շահերի դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է, որովհետև նրա գործողությունների պատճառով փչանում են ԱՄՆ-ի հարաբերությունները ոչ միայն արաբական ու մահմեդական այլ երկրների, այլև միջազգային ամբողջ հանրության հետ:

ԹՆԴԱՆՈԹԻ ՄԻՍ՝ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարց է ծագում. եթե մեծ ու դաժան պատերազմի հետևանքով «Մերձավոր Արևելքի կեսը պետք է դառնա իսրայելական» (Քիսինջերի 2011 թ. հայտարարություն), ապա ինչպե՞ս կարող է 10 տարի հետո (2022 թ.) Իսրայելը կործանվել (Քիսինջերի 2012 թ. հայտարարություն): Հնարավոր է երկու բացատրություն. ա) այս «կանխատեսումներից» մեկը (Իսրայելի կործանման մասին) ճիշտ չէ և հատուկ արվել է ապատեղեկատվություն տարածելու, Քիսինջերի «անկեղծության պահին» ասածից՝ Մերձավոր Արևելքի կեսը իսրայելական դարձնելու նպատակից ուշադրություն շեղելու համար, բ) ներկայիս Իսրայելի կործանումը կարող է միջանկյալ փուլ (մարտավարական քայլ) լինել՝ Մերձավոր Արևելքի կեսը իսրայելական դարձնելու ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին:

Նախ՝ ո՞ւմ անունից է խոսում Քիսինջերը: Թվում է, թե ԱՄՆ-ի, քանի որ շեշտում է՝ «Միացյալ Նահանգները իր ցանցն է գցում Ռուսաստանն ու Չինաստանը», «հաղթել կարող է միայն գերտերությունը, իսկ դա մենք ենք, հարազատներս», «Ամերիկան սրբում է ամեն ինչ», «Միացյալ Նահանգներն ունի լավագույն զենքը»:

Միևնույն ժամանակ, տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ Քիսինջերը ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի երիտասարդությանը անվանում է «թնդանոթի միս» («cannon fodder»), երազում է համաշխարհային պատերազմի մասին և այդ պահը «երանելի» անվանում, Մերձավոր Արևելքի կեսն իսրայելական դառնալը համարում նպատակ և դրա հույսը փայփայում, երազում Իսրայելի կողմից արաբների ցեղասպանության ենթարկվելու մասին, ընդ որում՝ նաև միջուկային զենքի կիրառմամբ, քանի որ շեշտում է՝ «Իսրայելն իր ունեցած բոլոր զինատեսակներով պետք է սպանի արաբներին», մոխիրներից նոր հասարակություն և նոր աշխարհակարգ ստեղծելը հռչակում նպատակ և ուրախանում համաշխարհային կառավարության հաղթանակով:

Համաձայնեք, որ ԱՄՆ-ի շահերով առաջնորդվող, ամերիկյան արժեքներ (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն) դավանող մարդը չէր կարող նման բաներ ասել, և Քիսինջերն այստեղ խոսում է մեկ այլ ուժի անունից, որի համար ԱՄՆ-ը սոսկ գործիք է, իսկ ամերիկյան երիտասարդությունը՝ թնդանոթի միս՝ իր նպատակին հասնելու ճանապարհին:

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Աշխարհի երկրների ընտրախավերի ներկայացուցիչներին հասցեագրված Քիսինջերի զգուշացման մեջ հեգնանք է նկատվում՝ «Թեպետ ընտրախավի ներկայացուցիչները թաքնված են լինելու իրենց ապահով ապաստարաններում (կարելի է թարգմանել նաև հեգնական՝ «դրախտում») ու հատուկ կացարաններում, զգուշությունը նրանց էլ չէր խանգարի՝ պատերազմի ընթացքում ապաստարանները նույնպես կարող են հարձակման թիրախ դառնալ»:

Ի՞նչն է հեգնանքի պատճառը: Թերևս այն, որ ազգային պետությունների ընտրախավը այն ուժի հակառակորդն է, որի անունից խոսում է Քիսինջերը: Դատելով ըստ ամենայնի, «նոր հասարակության» մեջ ընտրախավն «իր դրախտն ու ապաստարանը» չպետք է ունենա, ինչպես կապիտալիստական հասարակարգում է (համենայն դեպս, հպատակների կարծիքով): Ուստի կարելի է ենթադրել, որ Քիսինջերի երազած «նոր աշխարհակարգը» լինելու է սոցիալիզմի կամ նույնիսկ կոմունիզմի ինչ-որ տարատեսակ (որտեղ, ամենայն հավանականությամբ, գերիշխող գաղափարախոսությունը ոչ թե աթեիստական է, այլ կրոնական):

(շարունակելի)

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


04/10/2013