Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է



Սեպտեմբերի 27-ին Նոր Նորք վարչական շրջանի «Վարդանանց ասպետներ» N106 կրթօջախում հիշատակի ցերեկույթ էր` նվիրված դպրոցի սան, Արցախյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մահվան 20-րդ տարելիցին:

Բեմի կենտրոնում ազատամարտիկի լուսանկարն է: Աշակերտները ներկայացնում են խիզախ քաջորդու անցած ուղին, եւ աչքերիդ առջեւ պատկերվում է հերոսը:

Ռաֆայել Սիմոնյանը ծնվել է 1957 թ., Երեւանում: Դպրոցից հետո զորակոչվել է խորհրդային բանակ, ապա ընդունվել գյուղատնտեսական ինստիտուտ:

Երբ Հայաստան աշխարհը փոթորկվեց, Ռաֆայելը Արցախյան ազատամարտիկների առաջին շարքերում էր, զենք, զինամթերք էր հայթայթում: 1990 թ. անդամագրվում է «Տիգրան Մեծ» երկրապահ կամավորական ջոկատին, մասնակցում բազմաթիվ ինքնապաշտպանական մարտերի` Գորիս, Նոյեմբերյան, Շահումյան.. Հմուտ հետախույզ էր, թափանցում էր թշնամու թիկունք եւ ռազմական արժեքավոր տեղեկություններ հայթայթում, կազմակերպում էր ադրբեջանական կարեւոր ռազմական օբյեկտների ոչնչացումը:

Ճակատագրական մարտը տեղի ունեցավ 1992թ. մարտի 22-ին, Էրքեջում: Թշնամու վառվող ուղղաթիռի կրակն սկսում է մոտենալ մեր զինանոցին, իսկ ներսում տղերքն էին: Ռաֆայելը նետվում է նրանց զգուշացնելու: Անակնկալ հայտնված 2-րդ ուղղաթիռը պայթեցնում է զինանոցը: Ռաֆայելը ծանր վիրավորվում է, վնասվում է նաեւ տեսողությունը: Նրան տեղափոխում են Երեւան, սփյուռքահայ բարեգործների միջոցով բուժում է ստանում նաեւ Ֆրանսիայում: Այնուհետ վերադառնում է հայրենիք, ստեղծում «Ավարայր» բարեգործական ընկերությունը եւ օգնություն ցուցաբերում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

Անսահման էր նրա նվիրումը, սերը հայրենիքի նկատմամբ. անգամ այդ վիճակով` գոց աչքերով, փորձում էր օգնել մարտընկերներին:

Սակայն պատերազմական վերքերը հիշեցնում էին իրենց մասին, առողջությունն օրըստօրե ավելի էր վատթարանում: 1993թ. սեպտեմբերի 28-ին ավարտվեց Ռաֆայել Սիմոնյանի երկրային կյանքը:

Եթե Աստված կա, թող այնպես անի,

Որ լինեմ վերջին մեռնողն աշխարհի,

Եվ այնպես անի, որ ինձ հետ առնեմ

Աշխարհի բոլոր ցավերը տանեմ…

Այս տողերը ազատամարտիկի գրած վերջին բանաստեղծություններից է:

Ռաֆայելի նման հազարավոր քաջեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր այսօրվա խաղաղությանը…

Աշակերտների անկեղծ ու մաքուր խոսքը, հայրենասիրական երգն ու պարը անչափ հուզել էր ներկաներին: Իսկ երգիչներ Արսեն Գրիգորյանի եւ Դավիթ Ամալյանի անզուգական կատարումներն է՛լ ավելի ոգեղեն շունչ հաղորդեցին միջոցառմանը: Հուզված է հերոսի մայրը` տիկին Արաքսյան, հուզմունք, հպարտություն խառնվել են: Արաքսյա մայրիկը շնորհակալության ջերմ խոսքեր է հայտնում բոլոր նրանց, ովքեր իր կողքին են, ովքեր ամեն կերպ աջակցում են զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին.«Թող խաղաղ լինի մեր երկիրը եւ այլեւս որդեկորույս, սեւազգեստ մայրեր չլինեն: Թանկ, շատ թանկ գնով նվաճվեց մեր երկրի անկախությունը,-ասում է նա, ապա խոսքն ուղղում դպրոցականներին եւ մանկավարժներին. «Սիրելի՛ աշակերտներ, արժանի ժառանգորդը եղեք մեր երկրի, մեր անկախության: Սիրելի՛ ուսուցիչնեr, շնորհակալ եմ հայրենասեր եւ հայրենանվեր սերունդ դաստիարակելու համար»: Հուզիչ եւ գոտեպնդիչ էր նաեւ կրթահամալիրի տնօրեն Մարինե Վարդանյանի խոսքը.«Մեր խոնարհումը բոլոր հերոս ծնած մայրերին եւ մեր երդումը` դաստիարակել այնպիսի սերունդ, որ չլքի այս երկիրը, սիրի իր հողն ու ջուրը եւ լինի իր երկրի տերն ու զինվորը»:

Հ.Գ. -Մինչ միջոցառման սկսվելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր Նանսենի 5/1 հասցեում գտնվող բակ, Ռաֆայել Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրի շրջակայքում կատարված աշխատանքները տեսնելու: Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի օրը Ռաֆայել Սիմոնյանի մայրը` տիկին Արաքսյան, Եռաբլուր պանթեոնում իրենց շենքի բակի բարեկարգման խնդրանքով դիմել էր քաղաքապետին, եւ, ահա, արձագանքը չէր ուշացել՝ տարածքը բավականին գեղեցկացել էր: Հերոս քաջորդու մայրն իր շնորհակալությունը հայտնեց քաղաքապետին` ազատամարտիկների ծնողների հանդեպ դրսեւորած ուշադրության համար, իսկ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրեց, որ մշտապես աջակցելու եւ սատարելու է Արցախյան հերոսամարտի մասնակիցների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ճակատագրեր


04/10/2013