ՄԵԴԱԼԸ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՐԱՑՐԵՑ ԿՐԾՔԻՍ
«Հայ զինվորի» առաջիկա համարներում մեր ընթերցողներին կներկայացնենք սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած և այսօր մեր երկրի սահմանապահ զորամասերում ծառայող սպաներին, որոնք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, սպաներ, որոնք ազնիվ ու պարկեշտ վարք ու բարքով, իրենց գիտելիքներով մեծապես նպաստում են պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։
Խառը հրետանային դիվիզիոնի հրամանատար, ծնունդով ջավախքեցի մայոր Գարեգին Պողոսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով։ Նրան մենք հանդիպեցինք հրետանային զորքերի ճամբարային հավաքի ժամանակ, երբ նա մասնագիտական պատրաստությունից պարապմունք էր անցկացնում խառը հրետանային դիվիզիոնի անձնակազմի հետ։
-Խառը հրետանային դիվիզիոնի հրամանատարն անձամբ ինքն է պարապմունքներն անցկացնում, և գործընթացը մշտապես գտնվում է նրա հսկողության տակ,- նկատեց մեզ ուղեկցող փոխգնդապետ Ա Թովմասյանը, ապա ավելացրեց` մայոր Պողոսյանը վերկացից մինչև անվանականչ զինվորի կողքին է, նրա հետ։
Ջավախքի շրջանի Խավեթ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գարեգին Պողոսյանն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Սովորում է բարձր առաջադիմությամբ եւ ծառայության նշանակվում զորամասերից մեկում։ Արդեն տասնմեկ տարի պատվով ու արժանապատվորեն կրում է հայոց բանակի սպայի համազգեստը։ Սահմանամերձ զորամասում ծառայության երկու տարիների ընթացքում նրա հրամանատարությամբ գործող խառը հրետանային դիվիզիոնը լավագույնն է ճանաչվել ոչ միայն զորամասում, այլև զորամիավորումում:
-Մեր փոքրիկ զինվորական կոլեկտիվը առաջնորդվում է՝ երկաթե կարգապահություն և աներկբա ենթակայություն նշանաբանով,- մեզ հետ զրույցում ասաց դիվիզիոնի հրամանատարը:
Զորամասում բոլորն էլ անչափ դրական բնութագրեցին նրան ոչ միայն որպես զինվորականի, սպայի, այլև որպես հայ մարդու, ընտանիքի հոր, ընկերոջ։
Երբ ես հետևում էի մայոր Գ.Պողոսյանի աշխատանքին, մանավանդ, երբ ծանոթացա, զրուցեցի նրա հետ, մտաբերեցի փոխգնդապետ Արմեն Թովմասյանի խոսքերը. «Գարեգինը կիրթ սպա է, և ամենակարևորը՝ ունի ենթակաների հետ վարվելու բարձր կուլտուրա»:
Հիշում եմ՝ խորհրդային բանակում ծառայելու տարիներին մեր զորամասի սպաներից մեկը ԽՍՀՄ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել էր գերատեսչական մեդալով, և այդ սպայի ուրախությանը չափ ու սահման չկար։ Եվ դա դեռ պաշտպանության նախարարի կողմից տրված պարգև էր։ Ինչ խոսք, յուրաքանչյուր զինվորականի համար պարգևատրումը, հերթական զինվորական կոչումի շնորհումը, պաշտոնի բարձրացումը ցանկալի իրադարձություն է։ Իսկ երկրի նախագահի կողմից շնորհվածը, նրա ձեռքից ստացած պարգևը բոլորովին այլ խորհուրդ ունի։ Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի ղեկավարը սեղմում է ձեռքդ, շնորհավորում և իր ձեռքով էլ մեդալը ամրացնում կրծքիդ:
-Սեպտեմբերին գնացի պաշտպանության նախարարություն, տեղեկացա, թե ուր և որ ժամին պետք է ներկայանամ,- հիշում է մայոր Պողոսյանը։- Հաջորդ օրը ներկայացա երկրի նախագահի նստավայր։ Դահլիճում, որտեղ չտեսնված տոնական տրամադրություն էր տիրում, նստած էին արվեստագետներ, բժիշկներ, մանկավարժներ, դերասաններ, զինվորականներ, որոնցից շատերին ես ճանաչում էի, քանի որ նրանք մեր երկրի անվանի մարդկանցից էին: Նրանց կողքին ես մի տեսակ ինձ անհարմար էի զգում, բայց երբ հանդիսավարը կարդաց անուն-ազգանունս և զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ ինձ պարգևատրելու հրամանագիրը, ես այդ ամենը մոռացա, ոտքի կանգնեցի և զինվորական քայլքով մոտեցա նախագահին՝ ստանալու պարգևս։ Երբեք չեմ մոռանա այդ պահը` նախագահի ձեռքսեղմումն ու շնորհավորանքը։
Իհարկե, դժվար է մի քանի ժամվա ծանոթին բնութագրել, բայց երբ զրուցակցիս` մայոր Պողոսյանի կրծքին տեսա «Գարեգին Նժդեհ», «Դրատամատ Կանայան» և այլ գերատեսչական մեդալների կողքին շողշողացող երկրի ղեկավարի կողմից տրված «Մարտական ծառայության համար» մեդալը, մեկ անգամ եւս համոզվեցի, որ նրա մասին հնչած բոլոր կարծիքներն ու գնահատականները ամենևին էլ չափազանցված չեն:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր