ՀՐԵՏԱՆՈՒ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ
Հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների և դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների և այլ համապատասխան տարածքներում` ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում բարձրացվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ամրապնդվում են զինծառայողների բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստվածությունը, զինվորական պարտքի կատարման գիտակցումը: Օրերս նմանատիպ ճամբարային հավաք անցկացրին նաև գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային ստորաբաժանումները: Նախանշված օրը բոլոր հրետանային ստորաբաժանումները ուսումնական տագնապի ազդանշանից հետո ամբողջ կազմով դուրս եկան զորամասի մշտական տեղակայման վայրից, ամրակցված ռազմական տեխնիկայով ռազմերթ կատարեցին դեպի սահմանված շրջան: Տեղում արագ բացազատվեց ճամբարային ավանը իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով` բնակելի հատված, ուսումնական տեղեր, հավաքակայան, դաշտային խոհանոց և այլն: Առօրյան կազմակերպվեց օրվա կարգացուցակի համաձայն` շեշտը դնելով գործնական պարապմունքների վրա: Իհարկե, այդ ամենին նախորդել է լայնածավալ աշխատանքը զորամասում:
Զորամասում առկա են տարբեր տիպի հրետանային կայանքներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի տարբեր հեռավորության վրա գտնվող կրակակետերը, կենդանի ուժն ու տեխնիկան: Ուսումնական փուլի ընթացքում դրանք սպասարկող անձնակազմի հետ անցկացվել են տարաբնույթ տեսական և գործնական մասնագիտական պարապմունքներ, որոնց արդյունավետությունն ստուգելուն էր միտված դաշտային վարժանքը: Հայտնի է, որ հրետանին տարբեր ստորաբաժանումների համագործակցությամբ օգտագործվող զենք է, և անհրաժեշտ է մշտապես կատարելագործել հաշվարկների յուրաքանչյուր անդամի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, զարգացնել նաև ոչ հրետանային օղակների հետ ներդաշնակումը: Ճամբարային հավաքի անցկացման վայրում առկա ուսումնական բազան, ինչպես նաև կրակադաշտի առկայությունը ինչպես զինվորների, այնպես էլ սպաների հմտությունները կատարելագործելու հնարավորություն էին տալիս:
Ճամբարային հավաքին մասնակցող ամենամեծ ստորաբաժանումը խառը հրետանային դիվիզիոնն էր` մայոր Գ. Պողոսյանի հրամանատարությամբ: Ի դեպ, գերազանց ծառայության համար դիվիզիոնի հրամանատարը Անկախության տոնի առթիվ հանրապետության նախագահի կողմից ստացել է պետական պարգև: Պարզ է, որ նման ղեկավար ունեցող ստորաբաժանման բոլոր զինծառայողներն էլ չեն կարող վարժ չտիրապետել հրետանավորի մասնագիտությանը: Մեր անակնկալ այցի ընթացքում նկատեցինք, որ դիվիզիոնի հրամանատարը անձամբ է անցկացնում պարապմունքները, հետևում, խորհուրդներ է տալիս իր ենթականերին դասաժամերի ընթացքում: Մայոր Պողոսյանի ցուցումներից հետո գործնական վարժանքներ սկսեց կապիտան Կ. Դրմեյանի ղեկավարած մարտկոցը: Անձնակազմը տեխնիկան մարտական դրության բերելու հրաման ստացավ: Վայրկյաններ անց հաշվարկները հերթով զեկուցեցին մարտին պատրաստ լինելու մասին: Նկատեցի, որ հաշվարկներից մեկը մյուսներից շատ ավելի արագ կատարեց առաջադրանքը: Դիտողականությունս ինձ չէր խաբել. քիչ անց մարտկոցի հրամանատարը հայտնեց, որ դա իրենց ամենապատրաստված անձնակազմն է, որ նույնիսկ գերազանցից ավելի լավ արդյունք է ցույց տալիս: Լավագույն հաշվարկի հրամանատարն է կրտսեր սերժանտ Հովհաննես Մարալյանը, նշանառուն` շարքային Հայկազ Ալավերդյանը, հաշվարկի համարը` շարքային Սուրեն Ավանեսովը, իսկ շարքային Սասուն Հուսիկյանը վարորդն է:
Հատկանշական է, որ ուսումնական կետերում պարապմունքները չէին տարանջատվում միմյանցից: Սպայակազմը հատուկ ուշադրություն էր դարձնում հրետանային տարբեր ստորաբաժանումների, նաև նույն ստորաբաժանման տարբեր օղակների միջև փոխգործակցության ամրապնդման վրա: Ղեկավարման դասակի հետախույզները հայտնաբերում էին պայմանական հակառակորդի նշանակետերը, որոշում տեղագրական տվյալները, հաշվարկողները ճշտում էին կոորդինատները, անցկացնում քարտեզի վրա, ապա տվյալները փոխանցում կրակային հաշվարկներին: Արդեն այդ տվյալներն ստանալուց հետո յուրաքանչյուր մարտական միավոր պայմանական կրակ էր վարում, որի ճշտությունն ու արդյունավետությունն ստուգում էր հրամանատարական կազմը:
Գործնական վարժանքների համար նախատեսված մյուս կետերում ևս ակտիվ պարապմունքներ էին անցկացվում: Մասնավորապես՝ հակատանկային դասակի հրամանատարը հետևում էր ֆագոտ համալիրի հաշվարկներից մեկի գործողություններին: Ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Տիգրան Մելքոնյանը և օպերատոր, շարքային Հակոբ Ստեփանյանը պատասխանատու են հզոր զինատեսակի նպատակային կիրառման համար, զինատեսակ, որ մի քանի կիլոմետր հեռավորությունից խոցում է ցամաքային մարտի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տանկերի զրահը: Այնպես որ՝ նրանց ամեն մի որոշում պետք է հիմնված լինի փորձով և գիտելիքով համեմված վստահության վրա, ինչը միանշանակ ձեռք է բերվում նմանատիպ հավաքների ժամանակ:
Պետք է նշել, որ հենց ճամբարային հավաքի անցկացման օրերին արդեն տեսանելի էր անձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը: Օրինակ` ականանետային մարտկոցի զինվորները մարտական հրաձգություն կատարեցին` խոցելով բոլոր թիրախները:
Հրետանային դիվիզիոնի արդյունքները պետք է ամփոփվեին դիվիզիոնի մարտավարական զորավարժության ժամանակ, որն ավարտվելու էր մարտական հրաձգությամբ: Անկախ վերջնական արդյունքներից, պարզ է, որ նման հավաքները հրետանավորների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու լավագույն խթան են, սեփական ունակությունները զարգացնելու և ինքնակատարելագործվելու միջոց: Գործնական պարապմունքների ընթացքում ոչ միայն ամրապնդվում են ուսումնական փուլի ժամանակ անձնակազմի ստացած տեսական գիտելիքները, այլև ի հայտ են գալիս յուրաքանչյուր զինծառայողի ուժեղ և թույլ կողմերը, նաև առկա թերություններն ու բացթողումները վերացնելու եղանակները: Փաստացի, այս ճամբարային հավաքի արդյունքների ամփոփումից հետո կպլանավորվի հաջորդ ուսումնական փուլի հրետանային ստորաբաժանումների աշխատանքը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ