Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ



Վերջերս Արցախ ժամանեց «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը: Արդեն 7-րդ տարին է, ինչ ընկերությունը բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախում՝ հանրակրթական դպրոցներին, ինչպես նաև մանկապարտեզներին և գիշերօթիկ հաստատություններին բերելով մարզական, կենցաղային գույք, դասագրքեր, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր: Երևան վերադառնալիս ընկերության աշխատակիցները կանգ առան Բերձորում. շրջանի 2 դպրոցների համար հեռուստացույց, համակարգիչ, մարզական գույք էին բերել: Մինչ այժմ «Հայռուսգազարդ»-ը Քաշաթաղի շրջանում նման ծրագիր չէր իրականացրել, և այն իրողություն դարձավ, երբ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ընկերության տնօրեն Հարությունյանին տեղեկացրեց Հակի դպրոցին օժանդակելու մասին: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում հանդիպեցի ընկերության ներկայացուցիչներին:

Տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս անգամ իրենք նման օժանդակություն են ցուցաբերել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը, Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 1 միջնակարգ, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցներին: Մարտակերտում և Քարվաճառում ևս բարեգործությունն առաջին անգամ է իրականացվել, բայց, ինչպես նշեց Ա. Գաբրիելյանը, այն լինելու է շարունակական: Նա նշեց նաև, որ նման օգնություն ցուցաբերում են Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ընկերության աշխատակից Միշան էլ ասաց, որ իրենք արդեն յուրային են Արցախում, և իրենց այստեղ լավ են ընդունել: Հուսանք՝ այլ հարուստ կազմակերպություններ նույնպես «Հայռուսգազարդի» նման, կրթօջախներին կօգնեն եւ նման ծրագրեր կիրականացնեն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Բանակ և հասարակություն


10/10/2013