ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐԻ «ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ
ՅՈԹ ԵՐԿԻՐ՝ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ
Որո՞նք են Մերձավոր Արևելքում իրենց բնական պաշարների համար ԱՄՆ-ի կողմից «նվաճման ենթակա» յոթ երկրները: «Ռուսաստան-Մահմեդական աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Շամիլ Սուլթանովի ենթադրությամբ՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Լիբիան, Սիրիան և Իրանը: Այս ենթադրության համար հիմք կարող է լինել Քիսինջերի հետևյալ արտահայտությունը. «Տիրացիր նավթին և կվերահսկես ազգերին» («Control oil and you control nations»):
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ՝ ԱՐԱԲՆԵՐԻ ԴԵՄ
Ինչո՞ւ պետք է Իսրայելը արաբներին սկսի կոտորել այն ժամանակ, երբ նրանք, ում անունից խոսում է Քիսինջերը, «արթնացնեն» ռուսներին ու չինացիներին: Եվ ինչո՞ւ դա անելու համար պետք է անպայման «բոթել» նրանց, որպեսզի դադարեն ձեռքները ծալած նայելուց, թե ինչպես է Ամերիկան ամեն ինչ սրբում:
Ինչպես վերն արդեն նշեցինք, Քիսինջերի խոսքերը կարելի է ընկալել այն իմաստով, որ Իսրայելը պետք է արաբներին կոտորի նաև միջուկային զենքով: Ներկայիս պայմաններում այդ մտադրության բարձրաձայնումն անգամ կառաջացնի միջուկային տերություններ Ռուսաստանի և Չինաստանի հուժկու հակազդեցությունը: Ըստ երևույթին, Քիսինջերի տրամաբանությամբ, Ռուսաստանի և Չինաստանի ուշադրությունը պետք է շեղել Մերձավոր Արևելքից՝ նրանց ներքաշելով պատերազմի մեջ, միգուցե՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության դեմ (սա, ի դեպ, նույնպես չի բխում ԱՄՆ-ի շահերից և վկայում է, որ հրեա դիվանագետը խոսում է այլ ուժերի անունից): Եվ այդժամ Իսրայելը, օգտվելով առիթից, պետք է միջուկային զենքի կիրառմամբ «Նեղոս գետից մինչև Եփրատ գետն ընկած տարածքը» «մաքրի» արաբներից՝ մեծ Իսրայել ստեղծելու նպատակով (Թուրքիայի օրինակով հիշենք, որ ցեղասպանություն իրագործելու համար լավագույն պահը համաշխարհային պատերազմն է):
ՌԱՍԻԶՄԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ
Ի՞նչ նոր հասարակություն և նոր աշխարհակարգ են ուզում կառուցել նրանք, ում անունից խոսում է Քիսինջերը: Եթե սիոնիզմն է, ապա միանգամայն պարզ է, թե ինչ հասարակություն և ինչ աշխարհակարգ է ուզում կառուցել նա: Հիշեցնենք, որ սիոնիզմը (Երուսաղեմում գտնվող Սիոն լեռան անունից) քաղաքական շարժում է, որի նպատակը հրեաների միավորումն ու վերածնունդն է իրենց պատմական հայրենիքում՝ Իսրայելում, ինչպես նաև այդ շարժման գաղափարախոսությունը: Ըստ խորհրդային մեծ հանրագիտարանի՝ սիոնիզմի հիմնական դրույթներն են.
– աշխարհի տարբեր երկրների հրեաները կազմում են մեկ համաշխարհային ազգ,
– հրեաները առանձնահատուկ, բացառիկ, Աստծո կողմից ընտրյալ ազգ են,
– բոլոր այն ժողովուրդները, որոնց մեջ հրեաներն ապրում են, այսպես թե այնպես թշնամի են հրեաներին,
– հակահրեականությունը հավերժական երևույթ է (քանի դեռ հրեաները չեն հասել համաշխարհային տիրապետության),
– մյուս ժողովուրդների հետ հրեաների ձուլումը հակաբնական է և մեղք է համարվում հրեաների համար,
– հրեաները պատմական իրավունքներ ունեն բիբլիական նախնիների հողերի նկատմամբ (Պաղեստինի և հարակից շրջանների), որոնց վրա պետք է համախմբվեն ու ստեղծեն «զուտ հրեական» հավասարապաշտական (էգալիտար) պետություն:
Որպես քաղաքական շարժում՝ սիոնիզմը ծագել է 19-րդ դարի վերջին: 1948 թ. ՄԱԿ-ի որոշումով Իսրայել պետության ստեղծումից հետո սիոնիզմը դարձավ Իսրայելի պետական գաղափարախոսությունը, որի նպատակը այդ պետության սահմանների ընդլայնումն է «Նեղոսից մինչև Եփրատ»:
1975թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 30-րդ նստաշրջանը սիոնիզմը որակել է որպես ռասիզմի և ռասայական խտրականության տարատեսակ:
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄԸ
Այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այդ հասարակությունը պետք է կառուցվի «մոխիրներից», այսինքն՝ ավերիչ պատերազմից հետո, թերևս տալիս է պատմությունը: Շվեյցարացի փիլիսոփա և գրող Դենի դը Ռուժմոնը (1906-1985) իր «Եվրոպայի 28 դարերը» գրքում ներկայացնելով Միացյալ Եվրոպայի այն նախագծերը, որոնք տարբեր դարաշրջաններում առաջարկել են եվրոպացի խոշոր մտածողները, եզրակացնում է. «Միավորման նախագծերի վերածնման պահը պատերազմի ավարտի հաջորդ օրն է: 20-րդ դարում այդ նախագծերն իրականություն դարձնելուն միտված մշակութային ու տնտեսական գործունեությունն սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաջորդ օրը: Դրան ձեռնամուխ լինելու համար պետք էր իջնել մինչև անդունդ: Փաստ է, որ Միացյալ Եվրոպան ծնվեց վերջին մեծ պատերազմի ավերակների մեջ»:
Սա բացատրվում է նրանով, որ երբ պատերազմից հոգնած մարդկանց համար պատերազմի պատճառ են ներկայացվում ազգային պետությունների հակադիր շահերը, ազգային իշխանությունների հավակնությունները, անհանդուրժողականությունը և ազգային թշնամանքը, նրանք գերադասում են հրաժարվել ազգային ինքնիշխանությունից և ապրել միասնական պետության մեջ, միայն թե պատերազմը չկրկնվի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում այս ճանապարհով վարկաբեկվեց ազգայնականությունը և հող նախապատրաստվեց Եվրամիության ստեղծման համար: Այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմների միջոցով ազգայնական գաղափարախոսությունները վարկաբեկվում են (ինչպես, օրինակ, ֆաշիզմը), իսկ միարարական գաղափարախոսությունները, ընդհակառակը, տարածվում են և դառնում տիրապետող:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ նույնը չի կարող իրագործվել Մերձավոր Արևելքում: Քաղաքական առումով այն միավորելու համար պետք է պատերազմ հրահրել այնտեղ, սպասել, մինչև բնակչությունը հյուծվի և հոգնի պատերազմից, այնուհետև համատարած դժբախտության պատճառ հայտարարել մահմեդականության այն դրույթը, որի համաձայն՝ հրեաները մահմեդականների թշնամին են և Պաղեստինի նկատմամբ ոչ մի իրավունք չունեն, ապա խաղաղություն երազող մահմեդականներին ընդունել տալ այն ուսմունքը, որ «Նեղոսից մինչև Եփրատ» տարածվող Իսրայելի ստեղծումը չի հակասում ո՛չ մահմեդականությանը և ո՛չ էլ քրիստոնեությանը: Դաժան պատերազմից հետո բոլորը կհամակերպվեն այդ գաղափարի հետ, միայն թե խաղաղություն լինի:
Սա արդեն այն հարցի պատասխանն է, թե Քիսինջերն ու նրա թիկունքին կանգնած ուժերն ինչպե՞ս են մտադիր մոխիրներից ստեղծել նոր աշխարհակարգ: Դրա համար պետք է ունենալ «պատրաստի գաղափարախոսություն», որը մահմեդականների ու քրիստոնյաների տեսանկյունից արդարացնում է Մեծ Իսրայելի ստեղծումը: Կա՞ն արդյոք այդպիսի գաղափարախոսություններ: Պարզվում է, որ այո՛: Դրանք նույնպես կարելի է անվանել սիոնիզմ, միայն ոչ թե հրեական, այլ, համապատասխանաբար, մահմեդական և քրիստոնեական:
ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
Լայն իմաստով մահմեդական սիոնիզմ են անվանում այն երևույթը, որ մահմեդականներն աջակցում են Մեծ Իսրայել ստեղծելու գաղափարին: Ընդ որում, այդ աջակցությունը հիմնավորվում է մահմեդականների սուրբ գրքից՝ Ղուրանից արված մեջբերումներով ու դրանց մեկնություններով: Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մուհամմադ ալ-Հուսայնին, օրինակ, պնդում է, որ 8-9-րդ դարերից մահմեդականության ավանդական ուղղության ներկայացուցիչները Ղուրանը համարում էին ուղղակի վկայություն այն բանի, որ Աստված Իսրայելի երկիրը նվիրել է հրեա ժողովրդին՝ իր անժամկետ կտակի համաձայն: Ղուրանի 5-րդ սուրահի 21-րդ այաթը Մովսեսի խոսքն է. «Օ, իմ ժողովուրդ, մտիր Սրբազան երկիրը, որն աստված խոստացել է մեզ, ու հետ մի՛ նայիր (նրա իշխաններից վախենալու պատճառով), որպեսզի եղածն էլ չկորցնես»:
Ահաբեկչական «al-Gama’a al-Islamiyya» կազմակերպության նախկին անդամ եգիպտացի դոկտոր Թոֆիկ Համիդը նույնիսկ հոդված է գրել «Թե ինչու ես, հետևելով Ղուրանին, սիրեցի Իսրայելը» վերնագրով: Հոդվածում նա Ղուրանից մեջբերումներ է անում հօգուտ հրեաների. «Եվ Մենք ասացինք Իսրայելի Որդիներին. «Առանց վախենալու բնակվեք ավետյաց երկրում» (17:104)»: Ավելին, ըստ Թ.Համիդի՝ Ղուրանը Ավետյաց երկիրը հայտարարում է իսրայելացիների ժառանգությունը. «Այդպես է եղել, բայց մենք Իսրայելի Որդիներին դարձրինք դրա (Ավետյաց երկրի) ժառանգորդը» (26:59): Համիդը հայտարարում է. «Մահմեդականներից ոչ ոք իրավունք չունի հրեաներին խանգարելու, որ միավորվեն Իսրայելի տարածքում, քանի որ դա Տիրոջ կամքն է»:
2003 թ. ԱՄՆ-ում ստեղծվել է ժողովրդավարության աջակցման ամերիկա-մահմեդական ֆորում (AIFD): Դրա անդամները ազատական մահմեդականության հետևորդ են, համարում են, որ մահմեդականությունը համատեղելի է ժողովրդավարության և ամերիկյան արժեքների հետ: Ֆորումը պաշտոնապես աջակցում է Իսրայելին՝ հայտարարելով, որ «սատարում է միջպետական ճանաչված սահմաններից ավելի մեծ տարածքով Իսրայել պետության ճանաչման ոչ պաշտոնական գործընթացը»:
Ոչ արաբական ծագում ունեցող որոշ մահմեդականներ, ներառյալ քրդերն ու բերբերները, նույնպես աջակցում են Իսրայելին և ընդունում սիոնիզմի դրույթները: Ասվածը վերաբերում է նաև բեդուիններին, դրուզներին և չերքեզներին: Մահմեդական սիոնիզմն աջակիցներ ունի նաև Պակիստանում, Կանադայում, Բանգլադեշում, Ֆրանսիայում, Քուվեյթում:
Սան Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանի կրոնագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խալիլ Մոհամմեդը համարում է, որ եթե Ալլահն Իսրայելը տվել է Մովսեսի ժողովրդին, ապա մարդիկ իրավունք չունեն դրան խոչընդոտելու: Ավելին, նա մահմեդականների միջև պատերազմները բացատրում է այն հանգամանքով, որ նրանք մեղք են գործել՝ ընդդիմանալով Աստծո կամքին և թույլ չտալով, որ հրեաներն իրենց պատկանող հողում պետություն ստեղծեն:
Մահմեդական պրոֆեսորը կանխատեսում է, որ մահմեդականության մեջ կծագի բարենորոգչական շարժում, որի առաջամարտիկները կլինեն Արևմուտքում ապրող մահմեդականները: Նրանց ջանքերով մահմեդական ծայրահեղականությանը կփոխարինի չափավոր մահմեդականությունը կամ, այլ խոսքով, մահմեդական սիոնիզմը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ