Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

7 ԱՇԱԿԵՐՏ 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ



Ուռեկան համայնքը Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից է, որտեղ 1996 թվականից սկսել է գործել հանրակրթական դպրոց. այն սպասարկում էր նաև հարևան Տիգրանավան, Վուրգավան և այլ գյուղերի աշակերտներին: 2009 թվականին դպրոցը Կիրակոս Գույումջյանի կողմից հիմնանորոգվեց և կոչվեց բարեգործի հոր՝ Ներսես Գույումջյանի անունով: Այս տարի ևս նախատեսվել է դպրոցական շենքի վերանորոգում: 2007-ից կրթօջախը տնօրինում է Արմեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան հաճախում է 7 աշակերտ, իսկ ավարտական 12-ում՝ 3-ը: Ընդհանուր դպրոցում սովորում է 36 աշակերտ՝ 9 կոմպլեկտ-դասարանով: Աշխատում է 13 ուսուցիչ: Կա հայոց լեզվի և գրականության ուսուցչի պակաս: Մանկավարժներից 4-ը նույն դպրոցի շրջանավարտներ են: Իմ այցի ժամանակ առաջին դասարանցիներն արդեն տուն էին գնում: Զրուցում եմ նրանց հետ: Ասում են, որ լավ են սովորում, սիրում են իրենց ուսուցչին: Կրթօջախից 7 աշակերտ հաճախում են Վուրգավանի դպրոցում գործող Բերձորի երաժշտական դպրոցի մասնաճյուղ: Ուռեկանում գործում է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի ձյուդոյի խմբակ՝ մարզիչ Վրեժ Սարգսյան: Խմբակի սաները մասնակցել են տարբեր մրցումների, արժանացել դիպլոմների, պատվոգրերի: Դպրոցում գործում է նաև կերպարվեստի խմբակ: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցել են նաև դպրոցականների առարկայական օլիմպիադայի: Անցած ուստարում 11-րդ դասարանցի Արմեն Առաքելյանը շրջանից միակն է, որ ՆԶՊ առարկայից մասնակցել է հանրապետական փուլին: Կրթօջախն ունի նաև մի շարք խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Ամենակարևորը շենքային պայմաններն են: Կա աթոռների և ուսուցչական սեղանների, մարզագույքի, համակարգիչների, նկարչական պարագաների պակաս: Պակասում են դասագրքերը: Այնուամենայնիվ՝ դպրոցում բոլորն էլ ձգտում են լավ կրթություն ու դաստիարակություն տալ իրենց սաներին: Տնօրենը գոհ է ուսուցիչների աշխատանքից, միայն անհանգստացած է, որ մայրենի լեզվի ուսուցչի պակաս կա: Հրաժեշտ եմ տալիս՝ հավատով, որ տարիներ անց մեր շրջանի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն շենքային պայմաններով, անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով, և ամենակարևորը՝ դասագրքերով ու ուսուցիչներով:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Բանակ և հասարակություն


10/10/2013