Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ



ՀՊՊ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում տեղի է ունեցել զորամասերի հասարակական-պետական պատրաստության խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլը:

Մրցույթի մասնակից սպաները հավաքվել էին ԱՀՏԱ վարչության դահլիճում, այստեղ էին նաեւ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության գաղափարադաստիարակչական եւ տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանն ու գաղափարադաստիարակչական եւ հասարակական-պետական պատրաստության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը` մրցույթի արդար ընթացքը ապահովելու համար: Բաժանվեցին թեստերի համապատասխան տարբերակները, եւ նախքան կազդարարվեր սկիզբը, սպաներին մանրամասն բացատրվեցին թեստի պահանջները, իսկ հետո տրվեց մեկ ժամ` առաջադրանքները կատարելու համար: Հարցերը բազմաբնույթ էին. օրինակ` ինչպե՞ս է կազմակերպվում սերժանտների եւ շարքայինների ՀՊՊ ուսուցումը, ո՞րն է Եվրոպա աշխարհամասի ամենահին միջազգային քաղաքական կազմակերպությունը, ո՞ւմ է պատկանում առաջին հոգեբանական պատերազմ վարելու դափնին, եւ երբ է այն տեղի ունեցել:

Համաբանակային ամենամյա այս մրցույթում ընդգրկվում են ՀՊՊ խմբերի ղեկավարներ բոլոր զորամասերից ու բոլոր զորատեսակներից: Գնդապետ Արթուր Ալեքսանյանը նշում է, որ զինված ուժերում ՀՊՊ ուսուցումը կազմակերպվում է միասնական խմբերով` պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի եւ պայմանագրային ծառայողների համար, ունեն նաեւ համապատասխան դասագիրք. «ՀՊՊ-ն զինված ուժերում ուսուցանվող 17 առարկաներից մեկն է, այն հումանիտար է եւ առանցքային դեր ունի տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում: Առարկայի դասավանդումն ուղղված է զինծառայողների կրթական մակարդակի բարձրացմանը, նպաստում է նրանց աշխարհայացքի ձեւավորմանը, սոցիալ-իրավական եւ հոգեբանական պատրաստությանը: Համաբանակային մրցույթի նպատակը ուսուցման արդյունավետությունը բարձրացնելն է: Մրցանակային տեղեր զբաղեցրած ղեկավարները պարգեւատրվում են: Մրցակցությունը նպաստում է, որ խմբերի ղեկավարներն ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց պարտականություններին»:

ՀՊՊ խմբի ղեկավար կապիտան Ավանեսյանը մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ, նշում է, որ մրցույթը հնարավորություն է ստուգելու գիտելիքները, շփվելու խմբի մյուս ղեկավարների հետ եւ փորձ փոխանակելու: Ավագ լեյտենանտ Մխիթարյանն էլ ՀՊՊ խմբի ղեկավարի օգնական է, աշխատում է թե՛ սերժանտական կազմի, թե՛ շարքային անձնակազմի հետ. «ՀՊՊ առարկան կարեւոր դեր ունի զինվորի հոգեբանական պատրաստության բարձր մակարդակը ապահովելու առումով, հատկապես մարտի պայմաններում: Եթե խմբի ղեկավարը լավ է պատրաստված, զինվորի հաջողությունները ցանկացած իրավիճակում երաշխավորված են: Մեր խմբում շեշտը դնում ենք աղանդների դեմ պայքարի վրա, նաեւ նպաստում ենք պետականամետ մտածելակերպի ձեւավորմանը: Աշխատում ենք հիմնականում համոզման մեթոդով` վարժությունների, սեփական օրինակի միջոցով քննարկվող հարցերի շուրջ ստեղծում ենք ճիշտ համոզում, կարծիք»:

ՀՊՊ առարկան լրացնում է նորակոչիկի կրթական բացը, եւ նա զորացրվում է գիտելիքների ավելի մեծ պաշարով. «Ընտրելով լավագույն ՀՊՊ խմբի ղեկավարներին, վերլուծություններ ենք անում եւ պարզում, թե որ զորամասում են մեծ ուշադրություն դարձնում ՀՊՊ առարկային: Եթե խմբի ղեկավարը մրցույթի ընթացքում ցուցաբերել է խորը գիտելիքներ, նշանակում է` նրա ղեկավարած խումբն էլ է լավ պատրաստված», -նշեց փոխգնդապետ Խաչատրյանը:

Թեստերի արդյունքների հիման վրա ընտրվեցին բարձր ցուցանիշներ արձանագրած սպաները, ինչից հետո նրանք մասնակցեցին հարցազրույցի: Ի վերջո, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին տեղ` դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Կարեն Օթարյան, 2-րդ տեղ` տեխնիկ, ավագ լեյտենանտ Կորյուն Մխիթարյան, 3-րդ տեղ` դասակի հրամանատար, կապիտան Արթուր Հարությունյան:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ազգային բանակ


10/10/2013