Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ



Սկիզբը` նախորդ համարում

Հաճախ պարապմունքների ժամանակ շարունակում ենք հետևել մարտի գծային մարտավարությանը, մինչդեռ կարևոր է հաշվի առնել մարտական գործողությունների վարման ժամանակակից զարգացումները, երբ պետք է պայքարել հակառակորդի փոքրաթիվ, շարժունակ խմբերի դեմ, որոնք զինված են թեթև սպառազինությամբ, գործում են լավ նախապատրաստված ինժեներական կառույցների ցանցով հագեցած տարածքում, կիրառում են ականապայթյունային արգելափակոցներ, չպետք է անտեսել խուսավարումների ուսուցանումը, ռազմական խորամանկությունների կազմակերպումը:

Այսօր առանձնապես սուր է դրված մարտակարգի կառուցման հարցը, քանի որ արդի փուլում ստորաբաժանումները մարտական գործողություններին մասնակցում են հիմնականում փոքր (դասակ, վաշտ), միջին (գումարտակ) կազմով: ՈՒսուցման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ ենթակա հրամանատարները սովորեն ճիշտ ընտրել ՀՄՄ-ի (ԶՓ), տանկերի տեղը մարտակարգում, տրված միջոցների և հետիոտն անձնակազմի տեղը և տեղաշարժի ձևերը մարտի տարբեր փուլերում` դեպի գրոհի բնագիծ շարժվելիս, գրոհի ընթացքում, հակառակորդի պաշտպանության խորքում գործելիս: Այս հարցում միօրինակությունը, կաղապարված մտածողությունը անթույլատրելի են, քանի որ մարտակարգը կախված է իրավիճակից և ըստ դրա փոփոխվում է:

Նպատակահարմար է մարտական պատրաստությունը կազմակերպել հետևյալ կերպ` առաջին կես տարին անհատական պատրաստություն` զինվոր, ջոկ և դասակ կազմով:

Այդ ժամանակ առանձին կպլանավորվեն հրետանու, ՀՕՊ, հետախուզական, սակրավորային և այլ ստորաբաժանումների դաշտային պարապմունքները, իսկ արդեն հաջորդ կես տարում վաշտերի, գումարտակների մարտական պատրաստության ընթացքում հրետանավորները, զենիթայինները, հետախույզները, սակրավորները և այլ մասնագետները մոտոհրաձիգների (հրաձիգների) հետ համատեղ կլուծեն ոչ միայն մարտական պատրաստության իրենց խնդիրները, այլև գործնականում կհամագործակցեն մոտոհրաձգային (հրաձգային) ստորաբաժանումների հետ: Կարելի է նախատեսել ստորաբաժանումների պատրաստությունը նաև փոքր խմբերի կազմով, որոնք լեռնային պայմաններում մարտական կիրառման դեպքում ինքնուրույն կլուծեն խնդիրներ նաև ոչ ավանդական պատերազմի պայմաններում: Եթե գումարտակներն այժմ պարապում են իրենց ծրագրով, իսկ հրետանավորները իրենց, ապա կարծում եմ, նոր պահանջներից ելնելով, նրանց պատրաստությունը վերը նշված ձևով կազմակերպելիս մարտական խնդիր ստանալու դեպքում չի պահանջվի լրացուցիչ մարտական ներդաշնակում, այլ անհրաժեշտ կլինի միայն դրանց ներդաշնակումը ավագ հրամանատարի ղեկավարման մարմնի հետ:

Մարտական պատրաստությունը պլանավորելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ժամանակակից համազորային մարտի այնպիսի տեսակներն ուսուցանելուն, ինչպիսիք են մարտը շրջապատման մեջ, շրջապատումից դուրս գալը, ետ քաշվելը, որը չպետք է դառնա խուճապահար նահանջ:

Հաճախ մարտի տարբեր տեսակներ պլանավորելիս ստորաբաժանում ենք առանձնացնում հակառակորդի ԴՀԽ-ների և ՀԽ-ների դեմ պայքարելու համար: Ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև ԴՀԽ և ՀԽ դեմ պայքարելու վերաբերյալ պարապմունքների պլանավորմանը: Ստորաբաժանումները և նրանց հրամանատարները պետք է կարողանան կազմակերպել թիկունքում գործող հակառակորդի այդ ստորաբաժանումների որոնումը, շրջափակումը և ոչնչացումը:

Նպատակահարմար է ներդնել այսպիսի փորձ. զորակոչի ժամանակ ԶՈՒ զորակոչվող տարբեր մենամարտային մարզաձևերի` վարպետության կարգ ունեցող մարզիկներին բաշխել ըստ զորամասերի (այնտեղ էլ` ըստ ստորաբաժանումների) այնպես, որ յուրաքանչյուր ստորաբաժանումում (վաշտում, եթե հնարավոր է` դասակում) լինի մեկական մարզիկ` ըմբշամարտիկ, բռնցքամարտիկ, սամբիստ, ձյուդոյիստ և այլն: Նշանակել նրանց արտահաստիքային ֆիզղեկներ և առաջադրանք տալ հասնելու այն բանին, որ յուրաքանչյուր զինծառայող երկու տարվա ընթացքում կատարելապես տիրապետի վերը նշված որևէ մարզաձևի 6-8 հնարքի: Այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ մեր զինվորը հակառակորդի հետ հանդիպման ժամանակ ձեռնամարտում առավելություն կունենա:

Կրակային պատրաստություն: Հրաձիգներին (ՄՀ) պետք է սովորեցնել, որ առաջին հերթին խոցում են հակառակորդի հակատանկային միջոցներն ու գնդացրային հաշվարկները: Անհրաժեշտ է սովորեցնել զինվորներին, հատկապես հրաձգության երկրորդ ստուգողական վարժությունը կատարելիս, որ հարկ եղած դեպքում հրաժարվեն ուղիղ հարթությամբ առաջ շարժվելուց և տեղափոխվեն աջ ու ձախ, կարողանան կրակը վարել տարբեր անկյունների տակ: Պետք է նկատի ունենալ, որ եթե երկրորդ ստուգողական վարժության կատարման ժամանակ չեն խոցվել առաջխաղացման բնագծում գտնվող գնդացրորդ, դիպուկահար թիրախները, ապա վարժությունը պետք է գնահատել «անբավարար», քանի որ հակառակորդի գնդացրորդի և դիպուկահարի առկայության դեպքում հնարավոր չէ հաղթահարել բնագիծը: Նպատակահարմար է թվում նաև զորատեսակների համար նախատեսված վարժությունները փոխարինել մոտոհրաձիգների համար նախատեսված գոնե 1-ին ստուգողական վարժությունով, քանի որ ժամանակակից համազորային մարտում չի բացառվում, որ զորատեսակի զինծառայողը մարտական գործողություններին մասնակցի որպես հրաձիգ, կամ ստիպված լինի ետ մղել ԴՀԽ-ի, ՀԽ-ի հարձակումը:

Ջոկի, դասակի հմուտ գործողությունները փոքր ստորաբաժանումների պատրաստման հիմքն են, ուստի նպատակահարմար է թվում՝ պայմանագրային ստորաբաժանումների կրակային պատրաստություն առարկայի ուսումնական ծրագրից հանել նախնական և ուսումնական հրաձգության վարժությունները և ավելացնել ջոկի մարտական հրաձգության, դասակի մարտական հրաձգության կատարումը: Հիմնավորումն այն է, որ այդ վարժությունների ժամանակ ջոկի, դասակի հրամանատարները կատարելագործում են մարտի տարբեր տեսակներում ստորաբաժանումների կրակի ղեկավարման իրենց ունակությունները, իսկ զինծառայողները զարգացնում են ստորաբաժանման կազմով հակառակորդի արդյունավետ խոցման իրենց հմտությունները, միաժամանակ սովորելով մշտապես փոխօգնության պատրաստ լինել և միմյանց համար պատասխանատվություն զգալ:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել դիպուկահարների պատրաստության կենտրոնացված կազմակերպմանը` ուսումնական ստորաբաժանման հենքի վրա, այդ նպատակով ինչպես կրակային պատրաստության, այնպես էլ դիպուկահարի մարտավարության թեմաներով ծրագրեր կազմելուն: Նպատակահարմար է թվում զորամասերում կրակային պատրաստությունից առավել բարձր գնահատականներ ստացած նորակոչիկների գործուղել դիպուկահարների ուսումնական զորամաս, որտեղ եռամսյա ծրագրով պատրաստվելուց հետո նրանք կվերադառնան իրենց զորամաս և ծառայությունը կշարունակեն որպես դիպուկահարներ:

Ուշադրության արժանի է ևս մի խնդիր: Պայմանագրային զինծառայողին (ոչ ենթասպաներին. վերջիններիս ծառայության է ընդունում ԲԿ հրամանատարը) պաշտոնի է նշանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, որի համար ԳՇ կազմզորահավաքային վարչությունում ստեղծված է համապատասխան բաժին: Ծառայության ընդունվելն այսօր տևում է 1 ամիս և ավելի, և այդ ընթացքում հաճախ թեկնածուն այլ աշխատանք է գտնում: Եթե այս գործընթացը կազմակերպվի ԲԿ-ներում` ԳՇ նշված բաժնի աշխատակիցների կողմից, ապա հավանական է թվում, որ զգալիորեն կկրճատվեն զինծառայողներին պաշտոնի նշանակելու ժամկետները:

Հրամանատարական պատրաստություն: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում, թերևս, հասունացել է սպաներին ներկայացվող նոր պահանջների մշակումը, մասնավորապես՝ մարտավարական պատրաստության համակարգում` լինի ռազմական ուսումնական հաստատություններում, վերապատրաստման դասընթացներում, թե հրամանատարական պատրաստության համակարգում: Նպատակահարմար է թվում սպաներին դասավանդել ոչ թե մարտավարություն, այլ մարտավարության արվեստ, սովորեցնել ոչ թե ընդունել մարտի որոշում, այլ այդ որոշման ընդունման արվեստը: Սկզբունքային տարբերությունն այն է, որ ուսուցման մեթոդիկայի կատարելագործման շնորհիվ սպան կկարողանա գործել ոչ թե ըստ հրամանատարի աշխատանքի շաբլոնի (ալգորիթմի), այլ ստեղծագործաբար կվերլուծի իրավիճակը, կգտնի դժվարին իրադրություններից դուրս գալու ելքը, կցուցաբերի ակտիվություն, կկիրառի ռազմական խորամանկության նոր հնարքներ:

Շարունակելի

Արամ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


10/10/2013