Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐ



ՅՈՆ ԱՐՄՅԱՆՈՒԼ (Ioan Armeanul, Viteaz. մահ. 1574)-Ռազմական-քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար (1572-74)։ Կոչվել է նաեւ Յոն Քաջ կամ Անգութ։ Սերել է Լեհաստանի թագավոր Շտեֆան Մեծի եւ լեհահայ Սերեբկովիչի ընտանիքից։ Հայուհի Սերպեգայի եւ ռումին իշխան Շտեֆանիցի որդին։ Ազգակցական կապերի մեջ է եղել եւ նամակագրություն ունեցել Ռուսիայի ցար Իվան Ահեղի հետ։ 1551-ին փորձել է գրավել Մոլդովայի գահը։ 1560-ականներին թուրքերի կողմից աքսորվել է Հռոդոս կղզի։ Որոշ ժամանակ անց թուրքերը, դժգոհ լինելով մոլդովական իշխանի լեհական կողմնորոշումից, Յոնին են հանձնել Մոլդովայի գահը։ Մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել է Յասսի, հատել իր պատկերով դրամ, ստեղծել մեծաքանակ զորք։ Ժողովուրդը նրան կոչել է «Մոլդովայի հայր»։ 1574-ի ապրիլին Ժիլիշտե գյուղի մոտ ջախջախել է թուրքական եւ վալաքական զորքերը եւ գրավել Բուխարեստը։ Հունիսին Կահալլ լճի մոտ ճակատամարտ է մղել թուրք-թաթարական զորքերի դեմ եւ նահանջել Ռոշկան։ Հավատալով թուրքերի եւ իշխան Պետրու Կաղի կեղծ երդումներին՝ մտել է օսմանյան զորաբանակի հրամանատարի վրանը եւ սպանվել թուրքացած իտալացի Չիկալա զադե Յուսուֆի դաշույնից։ Օսմանցի զինվորները նրա մարմինը կտոր-կտոր են արել՝ աշխատելով ձեռք բերել նրա մարմնից մի մասնիկ որպես թալիսման՝ նրա ուժն ու քաջությունն ստանալու համար։ 1575-ից սկսած նրա մասին ստեղծվել է բազմալեզու հարուստ գրականություն, նրա կերպարը մարմնավորվել է կերպարվեստում, օպերայում եւ գրականության մեջ։ 1958-ին Ժիլիշտեում ճակատամարտի 384-ամյակի առթիվ կանգնեցվել է նրա հուշարձանը։

ՅՈՆ ՊՈՏԿՈԱՎԸ (Loan Potcoav, XVI դար)-Մոլդովայի հոսպոդար (1577-78)։ Կոչվել է նաեւ Իվան Պոտկովա, Նիկոարը Պոտկոավը, Կարապետ Սերպեգա։ Սերել է մոլդովահայ Սերպեգա գերդաստանից։ Մոր կողմից՝ Յոն Քաջի եղբայրը։ 1574-ին Զապորոժյան Սեչում կռվել է Ղրիմի թաթարների դեմ։ 1577-ին դարձել է հետման։ Յասսիի մոտ ջախջախել է Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրքական զորքը, տիրել գահին, սակայն Պետրուն 1588-ին ետ է գրավել գահը։ Մուրադ Գ սուլթանի ճնշմամբ Լեհաստանի թագավոր Շտեֆան Բատորին ձերբակալել է Յոնին եւ մահապատժի ենթարկել։ Գդանսկում կանգնեցված է նրա արձանը։ Նրան է նվիրված Միհայ Սադովյանուի «Նիկոարը Պոտկոավը» պատմավեպը։

ՎԱՐԴԻԿ Պետրե (XVI դար)-Քաղաքական-ռազմական գործիչ։ Եղել է Պետրու Ռարեշ իշխանի (1527-38) խորհրդականը եւ դիվանագետը, Սուչավայի զորքերի հրամանատարը։

ՄԱՆՈՒԿ ԲԵՅ (1769, Ռուշչուկ, այժմ Ռուսե, Բուլղարիա-1817, Հնչեշտ, Ռումինիա)-Դիվանագետ։ Ազգանունը եղել է Միրզայան։ 1802-ին Վալաքիայի իշխանից ստացել է ազնվականի տիտղոս, եղել Ռուշչուկի գավառապետի խորհրդական։ 1808-ին օսմանյան սուլթանից ստացել է բեյի եւ Մոլդովայի իշխանի աստիճաններ։ Բանակցություններ է վարել ռուսների հետ, որի համար ստացել է Ս. Վլադիմիրի երրորդ աստիճանի խաչ։ Կուտուզովն իր բանակի շտաբը հաստատել է նրա Հանուլ Մանուկ իջեւանատանը։ Այստեղ է կնքվել 1812 թվականի ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը։

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Պատմության էջերից


10/10/2013