Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ



Նվիրվում է հայոց բանակի առաջին ժամկետային զինծառայող տանկիստների հիշատակին

Գարիկ Հայկի Եղիազարյան: Նրան ճանաչում են Յասոն անունով: Դեռ մանկուց նրան այդպես են կոչել: Չի հիշում` լավ ֆուտբոլ խաղալու, թե՞ ոսկե գեղմը փնտրող Յասոնի պատվին: Փոքրամարմին է, բայց համարձակ ու խիզախ: Նա այսօր ապրում է մեզ նման, մեր կողքին: Հայոց բանակի առաջին զինվորներից է, եղել է տանկիստ, տանկի հրամանատար: Հայրենիքը նրա համար սկսվել է ծնողների` Հայկ հայրիկի և Սոնա մայրիկի պատմություններից, իրենց հայրենակից, Բաշ Ապարանի հերոս Սեդրակ Ջալալյանի, Արցախյան պատերազմի հերոս Ռոբերտ Գևորգյանի մասին հուշերից: Հայրը ճակատին ասող, շիտակ մարդ էր: Մայրը մեղմ էր, հեզաբարո:

Հայրը միշտ հպարտությամբ էր խոսում որդու մասին, իսկ նա անհարմար էր զգում: Երբ փորձում էր արգելել, բարկանում էր. «Ծնողը պետք է հպարտանա իր զավակով»: Նա դրա իրավունքն ուներ. Գարիկ Եղիազարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Արցախի մայրերի երախտագիտության», «Հայրենիքի պաշտպանության համար», «Հայրենյաց զինվոր» և այլ մեդալներով:

Նրա զավակները կրում են ծնողների անունները` Հայկ և Սոնա: Փոքրիկ Հայկը կրծքին է ամրացնում իր տանկիստ հայրիկի մեդալները և հպարտորեն շրջում սենյակում: Հետո դառնալով հորը` ասում է. «Որ մեծանամ, ես էլ եմ զինվոր դառնալու»:

Գարիկը երկրորդ կարգի հաշմանդամ է, Քասախի «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահը: Ծնվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղում: 1973 թ. գյուղի միջնակարգ դպրոցի ավարտական տարին համընկավ արցախյան զարթոնքին: Սկսվեցին ընդհարումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սահմանամերձ շրջաններում: Քասախից շատ տղաներ մեկնեցին ռազմի դաշտ: Ամեն անգամ նրանց վերադարձը տոն էր դառնում ամբողջ գյուղում: Գարիկն էլ իր ընկերների հետ լսում էր նրանց հերոսական պատմությունները, և պատանեկան հոգին բոցավառվում էր: Ու մի օր էլ, երբ զինկոմիսարիատից կանչեցին ու հարցրին` «Կգնա՞ս ծառայելու», պատասխանեց` «Ինչու՞ չեմ գնա»: Դա 1992 թվականի դեկտեմբերի 10-ն էր: Լուսակերտում երդման արարողությունից հետո տեղափոխվեց Էջմիածին և ուսումնական կենտրոնում սովորելով տանկիստի մասնագիտությունը` 1993թ.-ի մարտին տեղափոխվեց Խնձորեսկ ու նշանակվեց տանկի հրամանատար:

– Հասանք Խնձորեսկ, հրետակոծությունն սկսվեց: Երբ առաջին արկը պայթեց, տանկային գումարտակի փորձառու հրամանատար, կապիտան Արմեն Միրզոյանը մեզ հրամայեց պառկել ու ինքն էլ մեր կողքին դիրքավորվելով` ժպտալով ասաց.

– Չվախենաք, տղե՛րք…

Մենք հասկացանք, որ պատերազմ է…

Ծանոթացա իմ «երկաթյա նժույգին», համարը հիշում եմ` 425: Տանկի հրամանատարը ես էի, վարորդ-մեխանիկը` Հենոն, նշանառու- օպերատորը` Սաքոն, երկուսն էլ ազատամարտիկներ, երկուսն էլ Խնձորեսկից (ափսոս ազգանունները մոռացել եմ): Երկու ամիս անց տեղափոխվեցինք Շուռնուխ` Վերին և Ներքին Կատարի բնակավայրերը: Տանկի անձնակազմի անդամներից բոլորս էլ արդեն զինվորներ էինք` նշանառու – օպերատորը Համլետ Կարապետյանն էր` Էջմիածին քաղաքից, վարորդ – մեխանիկ Վախթանգ Հակոբյանը (Չերպակ)` Մարտունու Վերին Գետաշեն գյուղից: Այստեղ, ինչպես և Խնձորեսկում, հեռահար մարտեր էին, հրետակոծություն: Թշնամին անընդհատ ռմբակոծում էր, իսկ մենք աշխատում էինք մեր ամեն մի արկը նպատակին հասցնել: Եվ դա հաջողվում էր:

Մի անգամ բարձունքին մեր տանկը փչացավ: Անտառի մեջ էինք, թշնամին մեզ չէր տեսնում: Մինչ պահեստամասի հասցնելը, տանկի աշտարակը շրջեցինք և ուղիղ նշանակությամբ սկսեցինք կրակել դիմացի բարձունքի վրա, որտեղից անընդհատ հրետակոծվում էր մեր տարածքը: (Ճիշտն ասած՝ մեզ հրամայված էր սպասել մինչև տանկի նորոգումը): Թշնամու դիրքերը հիմնովին ավերեցինք. տեսնում էինք, թե թշնամու զինվորներն ինչպես են փախչում: Եկավ մեր հրամանատարը, հիշեցրեց հրամանը, բայց կշտամբելու փոխարեն գրկեց մեզ և ասաց. «Ձեր ցավը տանեմ, դուխներդ տեղը պահեք»: Այնուհետև մասնակցեցինք Զանգելանի, Կուբաթլուի ու շրջակա գյուղերի ազատագրական մարտերին, որից հետո վերադարձանք Գորիս, որտեղ գազի գրասենյակում էր տեղակայված մեր զորամասը:

1994 թվականի հունվարի վեցն էր: Հորադիսում կատաղի մարտեր էին ընթանում: Գարիկ Եղիազարյանը մեկնում է այնտեղ և ստանձնում 121 տանկի հրամանատարությունը: Տանկի անձնակազմը նույնն էր, միայն նշանառու-օպերատոր Համլետ Կարապետյանին փոխարինել էր զինվոր, սևանցի Անդրանիկ Մովսիսյանը: Գարիկը պատմում է և աշխատում թվարկել այն տղաների անունները, ովքեր իր կողքին, իր հետ սխրանքներ էին գործում ռազմի դաշտում: «Այդ տղաները կարծես թե մոռացված են, բայց նրանք, իրոք, հերոսներ են»,- ասում է նա: Հորադիսում թշնամին ավելի մոտ էր: Միշտ տղաների կողքին էր հրամանատարը` կապիտան Ա.Միրզոյանը: Գարիկը մի քանի անգամ բեկորային վնասվածքներ է ստանում, սակայն չի թողնում մարտադաշտը, ընկերներին:

– Իմ տանկը փչացավ, և կապիտան Վանիկ Դոլունցի հետ Ստեփանակերտում արագ վերանորոգեցինք: Երբ վերադարձանք Հորադիսի շտաբ, մերոնք արդեն պատրաստվում էին նահանջել, սակայն այդ օրը նահանջ չեղավ: Հաջորդ օրը կանգնած էի տանկիս մոտ, երբ մի բարձրաստիճան սպա հարցրեց.

– Ո՞վ է տանկի հրամանատարը:

Ներկայացա: Զարմացավ, չհավատաց` էս երեխան ուր` տանկն ուր: Երբ համոզվեց, նորից հարցրեց.

– Իսկ թուրքից չե՞ս վախենում, բոյ մտած կա՞ս:

– Տո թուրքի…, ո՞նց չեմ մտել:

Սպան համբուրեց ճակատս, հուզմունքը թաքցնելով՝ ասաց.

– Ուրեմն՝ պատրաստվեք…

Ադրբեջանցիներն անցան հարձակման: Անդրանիկի փոխարեն նշանառու-օպերատորի տեղն զբաղեցրեց գումարտակի հրամանատար մեր սիրելի Արմենը: Թշնամու յոթ – ութ տանկ առաջ էին շարժվում: Արմենը խփեց առաջինին, խուճապ առաջացավ, մնացածը շրջվեցին ու փախան, հետևակն էլ հետները: Այդպես էլ չնահանջեցինք: Երբ խոցում էինք թշնամու զրահատեխնիկան, նրանք անմիջապես խուճապի էին մատնվում ու փախուստի դիմում, սակայն հունվարի տասներկուսի կռիվը ուրիշ էր, իսկական Սոդոմ- Գոմոր: Թշնամին մեծ ուժերով անցավ հարձակման: Ես տանկի դիտանցքը բացել ու գնդացրով անընդմեջ կրակում էի: Նրանց տանկերից մեկը խփվեց, սակայն խուճապ չկար, տեսնում էի, թե ադրբեջանցի զինվորները ոնց են տապալվում, բայց քիչ անց մյուսները ոտքի էին կանգնում ու առաջ գալիս: Հասկի նման տապալվում էին, բայց չէին նահանջում: Իսկական կոտորած էր: Հետո իմացանք, որ նահանջողներին թիկունքից խփում էին: Զգացվում էր` շատ էին անպատրաստ ու անփորձ: Տանկով մտնում այնքա՜ն ավտոմատ էինք հավաքում-բերում, ու բոլորը «յուղը վրան»` չկրակված…

Այդ օրը ես ծանր վիրավորվեցի. արկը կպավ դիտանցքին ու պայթեց. ձեռքերս, ուսերս, գլուխս արյան մեջ էին, ցնցակաթված էի ստացել…

Տղաները լալիս էին, կարծում էին, թե վերջ: Հետո պատմում էին, որ երբ ինձ պառկեցրել են պատգարակին, որ տեղափոխեն շտապ օգնության մեքենա, ես իջել եմ պատգարակից ու քարեր վերցնելով` շարժվել դեպի թշնամին: Բոլորն ինձ շատ էին սիրում: Երբ աբովյանցի բժիշկ Միշան լսում է, որ տանկիստ Յասոնը ծանր վիրավոր է, շտապ օգնության մեքենայով գալիս է, որ ինձ տեղափոխի: Հենց այդ ժամանակ էլ արկը պայթում է, ու բժիշկը նույնպես ցնցակաթված է ստանում:

Ֆիզուլիի, Հադրութի, այնուհետև մի ամիս էլ Ստեփանակերտի հոսպիտալում բուժվելուց հետո, դեռ չապաքինված, Գարիկը նորից դիմում է, որ իրեն ռազմի դաշտ ուղարկեն: Հետաքրքիր մի դեպք է տեղի ունենում. երբ Հայաստան գալու թույլտվություն ստանալու համար թղթերը ձեռքին մտնում է զորահրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակը, Ս. Բաբայանը հարցնում է.

– Երևա՞ն ես գնում, կբուժվես, կգաս:

– Ես Երևան չեմ ուզում, ես կռվի դաշտ` ընկերներիս մոտ եմ ուզում գնալ, կռիվը դեռ չի ավարտվել,- պատասխանում է Գարիկը:

Սամվել Բաբայանը ջնջում է Երևան բառը, գրում է Գորիսի զորամաս ու Գարիկի ձեռքը սեղմելով` ասում է.

– Տղա՛ ջան, որ Ղարաբաղ գաս ու ինձ չտեսնես, ուրեմն՝ ինձ չես հարգում:

– Ես այն ժամանակ չէի ճանաչում, չգիտեի, թե ում հետ եմ զրուցում,- վերհիշում է Գարիկը:

…Գորիսի զորամասում ցնծություն էր. Յասոնը ողջ է, Յասոնը վերադարձել է: Դիմավորողների մեջ չհանդիպելով իր սիրելի հրամանատար Արմեն Միրզոյանին, հարցնում է, թե որտեղ է նա: Եվ ցավով իմանում է, որ իր` հոսպիտալում եղած ժամանակ Արմենը զոհվել է: Մեկ ամիս անց զինադադար է կնքվում, և տանկիստ Յասոնը զորացրվում է:

Հիմա ամեն տարի իր սիրելի, անմոռաց հրամանատարի ծննդյան ու մահվան օրերին նա այցելում է Եռաբլուր, ծաղիկներ դնում նրա շիրմաքարին, ու լռության մեջ խոհերը նրան դարձյալ տանում են պատերազմի դաշտ.

– Արմենը 27 տարեկան էր, երբ զոհվեց: Զոհվելուց մեկ ամիս առաջ ստացել էր մայորի կոչում, սակայն չէր հասցրել մայորի ուսադիրներով լուսանկարվել ու հիմա շիրմաքարին կապիտանի կոչումով է: Ծնվել էր Կիրովաբադում, մեր պատմական Գանձակ քաղաքում: Սովորել էր տանկային ուսումնարանում, ծառայել խորհրդային բանակում: Սումգայիթի, Գանձակի, Բաքվի կոտորածներից հետո եկել- հաստատվել էր Գորիսում: Ինքն էր ու ճերմակահեր, տառապանքի դրոշմը դեմքին իր Էմմա մայրիկը: Երբ պատահում էր` հրամանատարի հետ այցելում էինք Էմմա մայրիկին, փաթաթվում- համբուրում էր մեզ, չեղած տեղից մի բան ճարում, ստիպում էր ուտել: Ու բաժանվելիս որդուն միշտ պատվիրում էր. «Զինվորներին լավ նայիր, Արմե՛ն ջան, ախր շատ են ջահել»: Հետո էլ` «Ախր, Արմե՛ն ջան, դու էլ ես ջահել»: Իսկ մեր սիրելի հրամանատարը միշտ պատասխանում էր. «Մա՛մ ջան, չմտածես, էս տղերքի հետ գնալու ենք ու տանկով կանգնելու ենք ուղիղ մեր տան կողքը»:

ՈՒ միշտ, թեկուզ պատերազմի ամենաթեժ պահին, մեկ էլ լսում էինք Արմենի ձայնը. «Տղե՛րք, դուխներդ տեղը պահեք, քիչ մնաց, ես ձեզ խոստացել եմ` շուտով մեր տանկերով գնալու ենք հասնենք մեր տուն»: Հաճախ էր անձնակազմից մեկնումեկին փոխարինում, ու միասին իմ «նժույգով» մտնում էինք կռվի դաշտ… Արմենը մեր բոլորի, զինվոր տանկիստներիս ոգին էր, մեզ հաղթանակի ոգեկոչողը…

…Հրամանատարի շիրիմից հետո տանկիստ Յասոնն այցելում է իր զոհված տանկիստ ընկերների` Արթուր Բաբայանի, Լյովա Խաչատրյանի, Վարդան Վարդանյանի շիրիմներին:

– Արարատի Այգավան գյուղում է հուղարկավորված Ռուբեն Խուդավերդյանը, Սիսիանում է Սեյրանը, Բաքվից փախստական դարձած Անդրեյ Մելքումյանը: Նրանք բոլորն իմ ընկերներն էին, իմ ընկերներն են…

Հայոց բանակի առաջին զինվորներից, քաջ ու արի տանկիստներ` փառք նրանց հիշատակին:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


10/10/2013